Քոսը վարակիչ մակաբուծային հիվանդություն է, որն առաջանում է մաշկի մեջ քոսի տզի (Acarus scabiei, Sarcoptes hominis) ներթափանցման դեպքում։ Քոսի տիզն ունի ձվաձև տեսք։ Էգի չափերն են՝ երկարությունր 0,4- 0,45 մմ, լայնությունը 0,25-0,35 մմ արուինը՝ երկարությունը 0,2 մմ, լայնությունը 0,14-0,19 մմ։ Մաշկի վրա ընկած բեղմնավորված էգը խրվում է եղջերային շերտի մեջ, որտեղ մաշկի մակերեսին զուգահեռ փորում է, այսպես կոչված, քոսային ուղի և այնտեղ ձվադրում (մինչև 20 ձու)։ Վերջիններից 3-4 օր անց գոյանում են թրթուրներ, որոնք անցնելով հարսնյակային փուլը, վեր են ածվում հասուն ձևի։ Զարգացման ամ֊ բողջ շրջանը տևում է մոտ 2 շաբաթ։ Արուները ուղիներ չեն փորում. բեղմնավորելով էգին, նրանք ոչնչանում են։

Քոսով վարակումը տեղի է ունենում հիվանդների, ինչպես նաև նրանց պատկանող սպիտակեղենի կամ անկողնու հետ անմիջական շփման դեպքում (առավել հաճախ միևնույն անկողնում քնելիս, ինչպես նաև բաղնիքներում)։ Երեխաները կարող են վարակվել ընդհանուր խաղալիքներից օգտվելիս։ Գաղտնի շրջանը 7-10 օր է։ Քոսի բնորոշ նշաններն են քոսային ուղիները, որոնք ամենից հաճախ հայտնաբերվում են ձեռքերի թաթերի, հատկապես մատների կողմնային մակերեսների, ծղիկադաստակային հոդի ծալիչ մակերեսի, տղամարդկանց առնանդամի վրա, կանանց պտուկի շրջակայքում։ Հազվադեպ նրանք հայտնաբերվում են որովայնի, հետույքի և առաջնային անութային ծալքի մաշկի վրա։

Երբեմն հայտնաբերվում են փոքր երեխաների ներբանների վրա։ Ձեռքերի թաթերի վրա ու ծղիկադաստակային հոդի շրջանում քոսային ուղիներն ունեն բարակ, մոխրագույն, 0,5-0,75 սմ երկարությամբ զոլերի տեսք, ոլղիղ-գծային կամ ծռված C տառի ձևով. ծայրերից մեկում տեղադրված է փոքրիկ շճային բշտիկ, որի մեջ գտնվում է էգ տիզը։ Մնացած բոլոր տեղամասերում ուղիներն ունեն երկարացած, մաշկից քիչ բարձրադիր, վարդագույն գլանիկների տեսք, որոնց ծայրերից մեկի վրա նույնպես կարելի է հայտնաբերել բշտիկ կամ դեղնավուն գույնի կեղև։

Հիվանդությունը բնորոշվում է խիստ քորով; որն ուժեղանում է գիշերվա ժամերին, և մաշկի վրա մանր պապուլավեզիկուլային տարրերի ցանավորումով, որոնք ճանկռվում են, գոյացնելով կետային, արյունային կեղևներ։ Դրա հետ մեկտեղ նշվում են և գծային քերծվածքներ։ Քորը և պապուլովեզիկուլային տարրերի ցանավորումն ունեն բնորոշ տեղակայում. ձեռքերի թաթեր, վերին վերջույթների ծալիչ մակերեսներ, արմունկներ, առաջնային անութային ծալք, կրծքի ու որովայնի կողմնային մակերեսներ, հետույքի շրջան, ազդրերի ներսային մակերես, տղամարդկանց մոտ՝ առնանդամ։

Ներկայումս հանդիպում են քոսի ձևեր, որոնց դեպքում կլինիկական պատկերը սահմանափակվում է եզակի, զույգ-զույգ տեղադրված պապուլավեզիկուլային, հանգուցիկային, մանր-բշտիկային, մոլաքորանման տարրերով։ Մաքրասեր հիվանդների մոտ ոչ միշտ է հաջողվում հայտնաբերել քոսային ուղիները, կարող Է բացակայել թաթերի ախտահարումը։ Այն անձանց մոտ, որոնց մաշկը պարբերաբար ենթակա է այրվող քսանյութերի ազդեցությանը (վարորդներ, փականագործներ, խառատներ և այլն), ափերի վրա քոսի տարրերը թույլ են արտահայտված կամ նույնպես բացակայում են։
Երեխաների մոտ քոսը ոչ հազվադեպ ունի տարածուն բնույթ։

Քորելով մաշկը, հիվանդները հաճախ քերծվածքների մեջ մտցնում են պիոկոկեր, որի հետևանքով առաջանում է քոսի բարդացում պիոդերմիւոով (իմպետիգոներ, էկթիմաներ, ֆոլիկուլիտներ, ֆուրունկուլներ)։ Բնորոշ է իմպետիգոների և Էկթիմաների տեղակայումն արմնկային հոդի արտաքին մակերեսի վրա (Արդիի նշան)։

Պիոդերմիտով բարդանալու դեպքում քոսի կլինիկական պատկերը կարող է այնքան սքողված լինել, որ ախտորոշումը կարող է դժվարանալ։ Այդպիսի դեպքերում, բացի քորի զգացումից, մեծ նշանակություն ունի քոսի բնորոշ տեղակայումը։ Երբեմն քոսով հիվանդների մոտ նշվում է էոզինոֆիլիա և ալբումինուրիա։

Այն դեպքերում, երբ քոսի կլինիկական ախտորոշումը դժվարություն է ներկայացնում, պետք է կատարել քոսային ուղու պարունակության լաբորատոր հետազոտում։ Նյութը վերցվում է քոսային ուղու վերջում գտնվող բշտիկի բացման միջոցով՝ ասեղով, ածելիով կամ աչքի գդալով (վերջին դեպքում մաշկը խորը քերվում է մինչ արյունազեղում)։ Հետազոտման համար օգտագործվում է կծու հիմքի 20 %-անոց լուծույթը, որի մեջ քոսի դեպքում մանրադիտակի տակ կարելի է հայտնաբերել տիզը կամ նրա ձվիկներն ու արտաթորանքները։

Բուժումը։ Օգտագործում են զանազան հակապարազիտային միջոցներ, որոնք պետք է ներթափանցեն ուղիների մեջ ու ոչնչացնեն քոսային աղերին։ Առաջարկված են մեծ քանակությամբ տարբեր պրեպարատներ, սակայն հաջողությունը կախված է ոչ միայն ամենաարդյունավետ միջոցի ընտրությունից, այլև նրա ճիշտ օգտագործումից ու քոսով հիվանդի մանրազնին մշակումից։ Ցանկացած հակապարազիտային միջոցը պետք է շփել ամբողջ մաշկային ծածկույթին (բացառությամբ գլխի)։ Հատկապես այն մասերին, որտեղ տեղակայված են քոսային ուղիները։ Շփումից առաջ հիվանդին պետք է լողացնել՝ մաշկի մակերեսից տզերի և մանրէների մեխանիկական հեռացման նպատակով։ Բուժման ժամանակ լվացվելը պետք է արգելվի։ Ձեռքերի ամեն մի հարկադրական լվացումից հետո անհրաժեշտ է դրանք֊ նորից մշակել հակաքոսային դեղամիջոցով։ Քոսը թարախային կամ էկզեմային պրոցեսով բարդանալու դեպքում շփումը փոխարինվում է ախտահարված տեղամասերի օծումով (միաժամանակ տարվում է բարդությունների բուժում)։ Քոսի բուժման առավել արդյունավետ միջոցներն ու եղանակներն են.

Բենզիլբենզոատ (բենզոաթթվի բենզիլային էթեր)։ Օգտագործվում է 20 %-անոց ջրա-օճառային էմուլսիան (փոքր երեխաների համար՝ 10 %-անոց)։ 2 գ մանր կտրատված կանաչ կամ մեկ այլ օճառ լուծում են 78 մլ եռացրած տաք ջրի մեջ ու ավելացնում 20 մլ բենզիլբենզոատ։ Կատարվում են երկու հաջորդական շփումներ 10-ական րոպեով, 10 րոպեանոց ընդմիջումով, որից հետո հիվանդը հագնում է ախտահանված հագուստ ու փոխում անկողնու սպիտակեղենը։ Շփումր կրկնվում է 2 օր։ Բուժումը վերջացնելուց 3 օր անց՝ լոգանք բաղնիքում կամ ցնցուղի տակ ու սպիտակեղենի փոխում։ Բենզիլբենզոատի էմուլսիան իր ակտիվությունը պահպանում է պատրաստումից մինչև 7 օր։

Դեմյանովիչի եղանակը՝ բուժում նատրիումի թիոսուլֆատի 60 %-անոց լուծույթով և աղաթթվի 6 %-անոց լուծույթով.

Rp.: Natrii thiosul'fatis 120,0
Aq. destillatae 80,0
M. D. S. Լուծույթ №1

Rp.: Ac. hydrochlorici puri 12,0
Aq. destillatae ad 200,0
M. D. S. Լուծույթ №2

Նատրիումի թիոսուլֆատի լուծույթը լցվում է ափսեի մեջ ու ձեռքի թաթով շփվում մաշկին, 10 րոպե տևողությամբ (2-ական րոպե յուրաքանչյուր վերջույթին և իրանին)։ 5 րոպե ընդմիջումից հետո շփումը կրկնում են։ Մաշկը չսրանալուց հետո անցնում են աղաթթվի լուծույթով շփելուն՝ նույն կարգով 20 րոպե տևողությամբ։ Աղաթթվի լուծույթը շշից անմիջապես լցնում են բռի մեջ։ Բուժումն ավարտելուց հետո սպիտակեղենը փոխում են. բուժումը կրկնում են նաև հետևյալ օրը։ Լողանալ թույլատրվում է 3 օրից հետո։

Ծծմբի օծանելիքը (33%) շփվում է մաշկին օրը մեկ անգամ, 5 օրվա ընթացքում, ըստ որում բուժման ընթացքում սպիտակեղենը չի փոխվում։ Մեկ օր անց՝ լոգանք բաղնիքում կամ թնցուղի տակ և ներքնահագուստի ու անկողնու սպիտակեղենի փոխում։ Երեխաների համար օգտագործվում է ծծմբի 10-15 %-անոց օծանելիքը։

Վիլկինսոնի օծանելիքը օգտագործվում է այնպես, ինչպես ծծմբի օծանելիքը։ Ծծմբի և հատկապես Վիլկինսոնի օծանելիքի թերությունն այն է, որ կեղտոտում է սպիտակեղենը և ոչ հազվադեպ առաջացնում է մաշկի գրգռում (դեղորայքային մաշկաբորբ)։

Վերջինս հեշտությամբ վերացվում է մաշկի ախտահարված տեղամասերին տալկ ցանելով, ցինկի մածուկ կամ ցինկի թափահարուկ, կորտիկոստերոիդ կրեմներ քսելով։ Վիլկինսոնի օծանելիք քսելիս որպես հետևանք կարող են առաջանալ նեֆրոպատիաները, այդ պատճառով այն չի կարելի նշանակել երիկամային հիվանդներին։

Քոսի բուժման համար հանձնարարում են նաև պրեպարատ K (բիսետիլքսանտոգեն), Ֆլեմինգսի հեղուկ, ծծմբանավթային օծանելիք։

Քոսով հիվանդ հայտնաբերելիս բժիշկը կամ միջին բուժաշխատողը յուրաքանչյուր հիվանդի համար լրացնում է հատուկ հաղորդագիր։ Տնային պայմաններում բուժելու դեպքում բուժող բժիշկը կազմակերպում է րնթացիկ ախտահանում։ Ամբուլատոր բուժումն ավարտելուց հետո, ինչպես և հիվանդի հոսպիտալացումից հետո անց է կացվում նմանօրինակ եզրափակիչ ախտահանում։ Հիվանդի ներքնահագուստը և անկողնային ամբողջ սպիտակեղենը պետք է երկար եռացնել կամ մեկ ժամ պահել լիզոլի կամ նավթալիզոլի 10%-անոց լուծույթում։ Վերնահագուստներն ու վերմակները մշակման են ենթարկվում կամերաներում։ Անց է կացվում բնակարանի և կահույքի ախտահանում (խոնավ եղանակով)։

Քոսի զգալի տարածման դեպքում ավելի լավ է բուժական ու ախտահանիչ միջոցառումներն անցկացնել հատուկ հիմնարկներում՝ սկաբիոզորիաներում։

Կանխարգելումը։ Քոսով հիվանդացումը, ինչպես նաև ոջլոտությունը ոչ նպաստավոր սանիտարահիգիենիկ պայմանների վկայությունն են։ Այդպիսի հիվանդների ժամանակին հայտնաբերումը, նրանց մեկուսացումն ու բուժումը կանխում են հիվանդության տարածումը։

Համաճարակային ոչ նպաստավոր իրադրության ժամանակ անհրաժեշտ է քոսով հիվանդների ջանադիր հայտնաբերում (բժշկական զննումներ, հատկապես՝ կոլեկտիվներում), նրանց մեկուսացում ու բուժում։ Պետք է հսկողություն սահմանել հիվանդների հետ շփման մեջ եղած անձանց նկատմամբ, ինչպես նաև կազմակերպել սանիտարական հետախուզություն ազգաբնակչության շրջանում։

Մարդու ախտահարումը հնարավոր է կենդանիների ու թռչունների վրա պարազիտային կյանք վարող տզերի կողմից (ձիերի, առնետների, հավի ու աղավնու տզեր)։ Տզերի այդ տեսակները որոշակի պայմաններում կարող են առաջացնել մարդկանց մասսայական ախտահարումներ՝ ընտանիքներում, կոլեկտիվներում (հանրակացարաններում)։ Ի տարբերություն Sarcoptes hominis, որը քոս է առաջացնում մարդու մոտ, տզերի նշված տեսակները չեն ներխրվում մաշկի եղջերային շերտի մեջ և չեն առաջացնում ուղիներ, այլ խայթում են, պատճառելով ուժեղ քոր: Խայթված տեղում գոյանում են հանգույցիկներ ու եղնջացան։ Տզերը հայտնաբերվում են ներքնազգեստների ու անկողնու սպիտակեղենի վրա, բնակարաններում։ Բուժումը տարվում է հակաքորային միջոցներով սպիրտային լուծույթներ (1 %-անոց մեթիլենային, 2 %-պնոց սալիցիլային սպիրտ), թափահարուկներ։

Միաժամանակ անհրաժեշտ է կատարել ներքնազգեստների ու անկողնու սպիտակեղենի, ինչպես նաև բնակարանի ախտահանում՝ ինսեկտիցիդներով (ԴԴՏ, հեքսաքլորան, ֆլիցիդ և այլն)։ Առնետային քոսով ախտահարվելու դեպքում անհրաժեշտ է ոչրնչացնել առնետներին ու դրանց բները, ձիու տզերով ախտահարման դեպքում՝ հիվանդ ձիերի հայտնաբերում ու բուժում։

Հայտնի են նաև մարդկանց զանգվածային ախտահարումներ, այսպես կոչված, հատիկային քոսով, որի հարուցիչն է հաստավոր տիզը։ Վերջինս ապրում է հացահատիկային բույսերի վրա և սնվում է հացահատիկային ցեցի թրթուրներով։ Մարդու մաշկի վրա է ընկնում վարակված հացահատիկի հետ անմիջական շփման (հացահատիկի բեռնման դեպքում, հացահատիկային ու անասնակերային պահեստներում աշխատելիս), ինչպես նաև վարակված հարդով լցված պարկերի վրա քնելու ժամանակ։ Մաշկի ախտահարումն արտահայտվում է ոչ մեծ պապուլաների կամ եղնջայտուցների ցանավորումով և ուղեկցվում է ուժեղ քորով։ Բուժական այլ կանխարգելիչ միջոցները նույնն են, ինչ որ քոսի այլ տեսակների դեպքում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին