Հանգուցային քորպտիկը (prurigo nodularis) համեմատաբար հազվադեպ հիվանդություն է, որը դիտվում է գերազանցապես 30-50 տարեկան կանանց մոտ։ Բնութագրվում է գրեթե բացառապես վերին ու ստորին վերջույթների մաշկի վրա կիսագնդաձև, առողջ մաշկի մակարդակից խիստ բարձրադիր, ոսպից մինչև անտառի ընկույզի մեծության ամուր հանգույցիկների ցանավորումով։ Հանգույցիկներն ունեն գորշակարմիր գույն, ավելի հին տարրերի մակերեսի վրա նշվում է ամուր, դժվարությամբ հեռացվող մոխրագույն թեփուկների կուտակում, ինչպես նաև արյունային կեղևներով ծածկված քերծվածքներ: Բնորոշ է նոպաներով առաջացող արտակարգ տանջալի քորը։

Հիվանդության ընթացքը ծայրահեղ երկարատև է, հանգույցիկները կարող են պահպանվել տարիներով, միայն շատ հազվադեպ նրանցից մի քանիսը ինքնուրույն ներծծվում են, որին նախորդում է քորի վերացումը տվյալ տեղամասում։

Հյուսվածաախտաբանորեն վերնամաշկում հայտնաբերվում են ականթոզ ու գերեղջրացում, բուն մաշկում լիմֆո-հիստիոցիտային ինֆիլտրատ, անոթների էնդոթելի ուռչում և որ առանձնապես բնորոշ է, նյարդային թելերի զգալի գերաճ. որոնք ասես առաջացնում են նյարդաուռուցք։

Ախտապատճառներն ու ախտածնությունը պարզված չեն։ Հնարավոր է հիվանդության կապը էնդոկրին (ձվարանային) խանգարումների հետ։ Համաձայն մեր դիտարկումների` հանգույցիկները երբեմն կարող են զարգանալ մժեղների խայթելու տեղում (ֆլեբոտոմադերմիա):

Բուժումը քիչ արդյունավետ է։ Քորի զգացումը թուլացնելու նպատակով խորհուրդ է տրվում ներքին ընդունման համար նշանակել հանգստացնող միջոցներ։ Տեղային՝ էլեկտրոլիզ, դիաթերմոկհադուլյացիա, սառնաբուժում։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին