Նկարագրություն
Քորպտիկը մաշկային հիվանդություն է, որը բնորոշվում է վերջույթների ծալվող մակերևույթների վրա, հազվադեպ` իրանին, մանր վարդագույն ցաների առաջացմամբ:

Պատճառներ
Հիմնականում քորապտիկը առաջանում է վաղ մանկական տարիքում, որին, որպես կանոն, նպաստում է որևէսննդի հանդեպ ալերգիան: Վերջինս կարող է ի հայտ գալ, երբ երեխային սկսում են արհեստական կեր տալ, իսկ ավելի ուշ` ոչ ճիշտ կերակրման հետևանքով: Քորպտիկ կարող է առաջանալ սննդում ձու, միս, հատապտուղներ, մեծ քանակությամբ շաքար, նարինջ, ձկան որոշ տեսակներ օգտագործելիս: Հազվադեպ ալերգիա կարող է առաջանալ կաթի և կաթնամթերքների հանդեպ:
Հասուն տարիքում քորպտիկը հաճախ կապված է ստամոքսաղիքային, նյարդային և ներզատիչ համակարգերի հիվանդությունների, քրոնիկական վարակի օջախների հետ:

Պաթոգենեզ
Մաշկի վրա առաջանում է մանր, վարդագույն ցան, որը տեղադրվում է վերջույթների ծալվող մակերևույթներին, հազվադեպ` իրանի վրա: Քորելիս բշտիկները պատռվում են և չորանում` առաջացնելով կեղևիկներ: Հասուն մարդկանց ցանի բնույթը նույնն է, ինչ և երեխաներինը: Երբեմն մաշկի վրա այն կարող է լինել բարձրադիր, գորշ գույնի, խոշոր (մինչև 0,5 սմ տրամագծով), ուժեղ քորվող հանգույցների ձևով:
Քորպտիկը երբեմն բարդանում է մաշկի թարախաբշտիկային հիվանդություններով, քանի որ քորվածքները նպաստում են թարախածին մանրէների ներթափանցմանը: Հյուծված, ռախիտով, նյարդային հիվանդություններով տառապող երեխաների քորպտիկը ընթանում է ծանր և դժվար է բուժվում:

Բուժում
Քորպտիկը բուժում է բժիշկը: Երեխաների համար կարևոր նշանակություն ունի ճիշտ կերակրումը: Անհրաժեշտ է սննդում բացառել ալերգիա առաջացնող սննդամթերքը: Խորհուրդ չի տրվում երեխային չապից ավելի կերակրել: Երեխայի եղունգները պետք է միշտ կարճ կտրել, որպեսզի երեխան չկարողանա քորել: Քորը հանգստացնում է կատվալեզվի թուրմով տաք լոգանքը, որը կիրառվում է բժշկի նշանակմամբ: Հիվանդության բարդացման դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի: Հասուն մարդիկ նույնպես պետք է սննդակարգ պահպանեն և շատ զբոսնեն մաքուր օդում:

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին