Մաշկի քոր (pruritus cutaneus) հիվանդության միակ ախտանիշը քորն է՝ յուրօրինակ զգացում, որը մաշկը քորելու պահանջ է առաջացնում։ Քորի ֆիզիոլոգիան դեռևս անբավարար չափով է ուսումնասիրված: Այն առաջանում է համապատասխան ընկալող նյարդային ապարատի վրա որոշակի գրգռիչների ազդեցության ժամանակ։ Այդ ապարատը բաղկացած է երեք բաժիններից.
1) ծայրամասային, ներդրված մաշկի մեջ,
2) կենտրոնական, ներդրված կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժիններում,
3) հաղորդիչ, որը միացնում է այդ երկու բաժինները։

Այստեղից էլ՝ ծայրամասային ու կենտրոնական քորի առաջացման հնարավորությունը։ Համաձայն հետազոտողների մեծամասնության կարծիքի` քորն իրենից ներկայացնում է ոչ թե ինքնուրույն զգացում, այլ ցավի ձևափոխված զգացումը, որը ծագում է ցավային ընդունիչների թույլ, բայց մեկը մյուսին հաճախակի հաջորդող գրգռումներից, որոնք իմպուլսները հաղորդում են C խմբի թելերով, այսինքն այն թելերով, որոնք դանդաղ են անցկացնում գրգիռը։ Միայն քչերն են քորը կապում շոշափական զգացողության հետ կամ դիտում այն որպես ինքնուրույն զգացում։

Քորի բացակայությունը մաշկի էպիթելից զուրկ տեղամասերում ստիպում է ենթադրել, որ այդ զգացումր ընկալվում է վերնամաշկում ներդրված նյարդային ընդունիչների կողմից։ Քորի զգացումը հատուկ է ոչ միայն մաշկին, այլև որոշ լորձաթաղանթների (բերանի խոռոչ, միզուկ, հեշտոց)։

Տարբերում են ընդհանուր (կամ ունիվերսալ) և տեղային, տեղակայված քոր։ Մաշկի փոփոխությունները սահմանափակվում են գծային ճանկռվածքներով, որոնք երբեմն բարդանում են թարախային ախտահարումներով։ Քորի ընթացքը տարբեր է՝ եզակի սուր նոպայից մինչև երկարատև, ամիսներ ու տարիներ շարունակվող։

Ընդհանուր քորի պատճառները բազմազան են։ Սուր, միանվագ նոպաները ամենից հաճախ կապված֊ են լինում սննդային կամ դեղորայքային նյութերի ընդունման հետ (օպիումի պրեպարատներ, մահամորմ և այլն)՝ նրանց նկատմամբ բարձրացած զգայնության դեպքում (ալերգիկ ռեակցիա)։

Խրոնիկաբար ընթացող ընդհանուր քորը կարող է պայմանավորված լինել ինքնաթունավորումներով, որոնք առաջանում են լյարդի, երիկամների հիվանդությունների, ստամոքսաաղիքային ուղու հիվանդությունների (ախիլիա, խրոնիկական կոլիտ, ճիճվային ինվազիա), նյութափոխանակության խանգարումների (դիաբետ, պոդագրա), չարորակ նորագոյացությունների (քաղցկեղ), արյունաստեղծ օրգանների հիվանդությունների (լեյկոզներ) ժամանակ, շատ անգամ հանդիսանալով այդ հիվանդությունների վաղաժամ ախտանիշներից մեկը։

Ընդհանուր քորի պատճառ կարող են լինել էնդոկրին խանգարումները (թիրեոտոքսիկոզ, կլիմաքս և այլն), ինչպես նաև նյարդային ու հոգեկան հիվանդությունները` ողնուղեղային չորուկ, շրջանային հոգեախտ (ցիրկուլյար պսիխոզ) և այլն։ Հաշվի առնելով, որ այղ բոլոր պատճառները քոր առաջացնում են միայն առանձին անձանց մոտ, պետք է այդպիսի հիվանդների մոտ որպես հիմք ենթադրել կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիոնալ փոփոխությունների առկայությունը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ և զուտ հոգեկան, հուզական քորի առաջացման հնարավորությունը։

Որպես համընդհանուր քորի առանձին ձևեր պետք է նշել հետևյալները.

1) Ծերունական քոր (pruritus senilis), առավել հաճախ դիտվում է 60-70 տարեկան տղամարդկանց մոտ, ծանր նոպաների (պարոքսիզմների) ձևով՝ գերազանցապես գիշերը։ Բնորոշն այն է, որ ճանկռվածքներն ու թարախածին բարդությունները գրեթե լրիվ բացակայում են։ Ծերունական քորի պատճառները, ըստ երևույթին, բազմազան են (ընդհանուր աթերոսկլերոզ, երիկամների սկլերոզ, շագանակագեղձի գերաճ և այլն)։

2) Սեզոնային քոր (pruritus hiemalis et aestivalis), ծագում է տարվա անցողիկ եղանակների ժամանակ և ավելի հաճախ դիտվում է վեգետատիվ տոնուսախանգարման երևույթներ ունեցող անձանց մոտ։
3) Բարձունքային քոր, հանդես է գալիս որոշ մարդկանց մոտ 8000-10000 մ և ավելի բարձրության վրա։ Կա նաև քոր, որն առաջանում է ջրի տակ սուզվելիս։ Քորի այս տեսակները կապված են, ըստ երևույթին, բարոմետրային ճնշման փոփոխությունների հետ։ Ըստ որում քորի զգացումն առավել ինտենսիվ տեղամասերում երբեմն ուղեկցվում է էրիթեմայի ի հայտ գալով։ Այդպիսի քորի պատճառները պարզված չեն։ Որոշ հեղինակներ նրա ախտածնությունը նույնացնում են կեսոնային կամ ազոտային հիվանդության ախտածնության հետ (ջրասուզակների մոտ)։


Ախտորոշումը։ Անհրաժեշտ է ամենից առաջ բացառել պարազիտային քորվող հիվանդությունները՝ քոսը, ոջլոտությունը։ Ընդհանուր քորի պատճառագիտական ախտորոշումը հաստատվում է հիվանդի մանրազնին հարցման, կլինիկական ու լաբորատոր հետազոտությունների հիման վրա։

Տեղակայված քորի ձևերից ամենից հաճախ հանդիպում են հետանցքի քորը (pruritus ani) և սեռական օրգանների քորը (pruritus genitalium): Pruritus ani-ն ծայրահեղ տանջալի տառապանք է, դիտվում է գրեթե բացառապես տղամարդկանց մոտ։ Հաճախ բարդանում է ցավոտ ճեղքվածքների առաջացումով, ստրեպտոկոկային կամ խմորասնկային շփաբորբով, ֆուրունկուլների, հիդրադենիտի գոյացումով։ Ամենահաճախակի պատճառներն են. անմաքրասիրությունը, թութքը, ճիճուները (oxyuris vermicularis), փորկապությունները, պրոկտիտը, պրոստատիտը, վեզիկուլիտը։ Pruritus genitalium-ը դիտվում է գերազանցապես կանանց մոտ՝ արտաքին սեռական օրգանների շրջանում, ավելի պակաս հեշտոցի մեջ։

Ամենահաճախակի պատճառներն են՝ սպիտակածորանքը, տրիխոմոնազները, ներզատիչ խանգարումները (կլիմաքս), սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները, սեռական նևրոզները, ինչպես նաև մեզի գրգռիչ ազդեցությունը դիաբետի, պոդագրայի ժամանակ առանձին դեպքերում (ավելի հաճախ աղջիկների մոտ)՝ սրատուտը։

Բուժումը։ Տարածված քորի ժամանակ բուժումն ուղղված է հիվանդության հայտնաբերված հիմնական պատճառի դեմ։

Ախտանշանայնորեն ցուցված է հանգստացնող միջոցների ներքին նշանակում՝ բրոմի, կալցիումի պրեպարատների, քլորալհիդրատի, վալերիանայի ձևով և այլն, ինչպես նաև կալցիումի քլորիդի 10 %-անոց լուծույթի, նատրիումի թիոսուլֆատի ներերակային ներարկումներ։ Խորհուրդ է տրվում նաև նշանակել նիկոտինաթթու (ներքին կամ ներերակային), վիտամին B1, հակահիստամինային պրեպարատներ (դիմեդրոլ, դիալոզին և այլն)։ Երբեմն լավ արդյունք է տալիս ջրաբուժումը (տաք լոգանքներ, ցնցուղներ), կուրորտային բուժումը՝ (ծովային լող, ծծմբային, ռադոնային լոգանքներ)։

Առանձին դեպքերում՝ բուժում ներշնչումով։ Ծերունական քորի ժամանակ խորհուրդ է տրվում կորազոլի երբեմն սեռական հորմոնների (տեստաստերոն և այլն) նշանակում։ Մաշկի քորով տառապող հիվանդներին անհրաժեշտ է խուսափել գրգռիչ սննդից ալկոհոլից, մուգ թեյից, սուրճից։ Արտաքին բուժումը կատարվում է հակաքորային միջոցներով, մենթոլի (0,5-1%), սալիցիլաթթվի (1-2%), դիմեդրոլի (1-2%), կարբոլաթթվի (2-5%), լիմոնաթթվի (2-5%) և այլ ջրային կամ սպիրտային լուծույթների, "թափահարուկների", զովացնող կրեմների ձևով։

Քորի տեղակայված ձևերի, մասնավորապես pr.ani և pr, genitalium-ի ժամանակ, բացի հիմնական պատճառի վրա ազդելուց, խորհուրդ է տրվում մաշկը պահել մաքուր վիճակում, կալիումի պերմանգանատով ամենօրյա լվացումների, նստած տաք լոգանքների միջոցով, բացի այդ նշանակվում են հակաքորային միջոցներ (շփումների, փոշիների, օծանելիքների կամ մածուկների ձևով)։ Բացի սովորական արտաքին միջոցներից այստեղ ցուցված է պոդոֆիլինի (0,1%), դիմեդրոլի (1-2%), անեսթեզինի (5%), ինչպես նաև կորտիկոստերոիդների (օծանելիքի կամ կրեմի ձևով) նշանակումը։ Բացառիկ համառ դեպքերում ցուցված է ամոթույքային նյարդի նովոկաինային բլոկադա։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին