Քողարկված դեպրեսիա (թաքնված, սոմատիզացվւսծ դեպրեսիա)։ Այս դեպքում առաջին հերթին առաջանում են սոմատիկ և վեգետատիվ բազմազան խանգարումներ քողարկելով դեպրեսիայի ախտանշանները։

Սոմատո-վեգետատիվ խանգարումներն արտահայտվում են գլխացավերով ու գլխապտույտներով, սիրտ-անոթային համակարգի զանազան գանգատներով, աղեստամոքսային խանգարումներով (սրտխառնոց, ախորժակի բացակայություն և այլն)։

Օբյեկտիվ քննության ժամանակ ներքին օրգաններում ոչ մի ախտաբանական պրոցես չի հայտնաբերվում։ Չնայած դրան, հիվանդները դիմում են տարբեր մասնագետների, բուժումներ են ստանում, բայց առանց նկատելի արդյունքների։ Այս հիվանդների ուշադիր, մանրակրկիտ քննության ժամանակ հնարավոր է լինում հայտնաբերել դեպրեսիային բնորոշ հազիվ նկատելի նշաններ, տրամադրության թեթև անկում, հատկապես առավոտյան ժամերին, հոգեկան պրոցեսների թեթևակի արգելակում, հետաքրքրությունների նվազում, ներքին անհանգստություն։

Նման դեպքերում բուժման ճիշտ կազմակերպումը (մեղմ հակադեպրեսանտներ, տրանկվիլիզատորներ) զգալի լավացնում է հիվանդի վիճակը, որն էլ հաստատում է քողարկված դեպրեսիայի առկայությունը։

Պատճառագիտությունը և ախտածագումը։ Հիվանդության պատճառը և մեխանիզմները դեռ վերջնական պարզաբանված չեն։ Հիվանդության առաջացման գործում մեծ նշանակություն է տրվում ժառանգական նախատրամադրվածությանը։

Գիտության ժամանակակից տվյալների համաձայն երկբևեռ պսիխոզի և մասնավորապես էնդոգեն դեպրեսիաների պատճառագիտության հարցում առաջ է քաշվել սերոտոնինային հիպոթեզը, ըստ որի հիվանդության հիմքում ընկած է կենտրոնական սերոտոնիներգիկ նեյրոտրանսմիսիայի դիսֆունկցիան։ Չնայած այդ խանգարման բազմազանությանը էնդոգեն դեպրեսիաների ժամանակ հիմնականում դիտվում է կենտրոնական սերոտոնիներգիկ համակարգի թերֆունկցիա։

Կլինիկական պատկերում փուլերի հաջորդականությամբ պայմանավորված, տարբերում են հիվանդության ընթացքի հետևյալ ձևերը։ Պարբերական կամ մոնոպոլյար. բնորոշվում է միևնույն փուլի հաջորդականությամբ, դրանց միջև ընկած լուսավոր շրջաններով (ինտերմիսիա)։ Փոփոխվող ընթացքի դեպքում փուլերը հաջորդափոխվում են կլինիկական հակադիր վիճակներով, և փուլերի միջև առաջանում է լուսավոր շրջան։ Երկբևեռ ընթացքի դեպքում հիվանդության լուսավոր շրջանը սկսվում է մեկը մյուսին անընդմեջ հաջորդող երկու փուլերից հետո։ Տևական ընթացքի դեպքում հիվանդությունը ընթանում է անընդմեջ, առանց լուսավոր շրջանների։

Բուժումը։ Երկբևեռ պսիխոզի բուժումը տարվում է անհատական ձևով, ընտրողաբար, հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը, փուլերի արտահայտվածության աստիճանը, հիվանդի տարիքը, սոմատիկ վիճակը և այլն։ Գրգռվածության դեպքում կիրառվում են նեյրոլեպտիկներ, դեպրեսիայի դեպքում՝ տրանկվիլիզատորներ, հակադեպրեսանտներ, ինչպես նաև քունը կարգավորող դեղամիջոցներ։

Աֆեկտիվ տատանումները կանխելու նպատակով կիրառվում են նորմոթիմիկներ (լիթիումի աղեր)։

Բուժման կուրսը կազմում Է 2-3 ամիս, որից հետո այն պետք է շարունակել, նույնիսկ եթե հիվանդի վիճակը բավարար է։ Նման դեպքում կիրառվում է բուժման պահպանողական թերապիայի եղանակը։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին