Ենթաստամոքսագեղձի  քաղցկեղը  չարորակ  նորագոյացությունների  ընդհանուր  կառուցվածքում   կազմում  է  2-7%: Առավել  հաճախ  հանդիպում  է  միջին  և  տարեց  հասակում, տղամարդկանց  մոտ  2  անգամ  ավելի  հաճախ:

Մակրոսկոպիկ  ձևերը. հանգուցավոր  և դիֆուզ
Ուռուցքի  շուրջ  միշտ  առկա  է  խրոնիկ  բորբոքային  սկլերոտիկ  պրոցես:
80-90%  դեպքերում  զարգանում  է  արտատար  ծորանների  էպիթելից, ավելի  հազվադեպ`  գեղձի  կղզյակային  հյուսվածքից  և  դեպքերի  մեծամասնությունում  ունի  ադենոկարցինոմայի  կառուցվածք:
60-70%  տեղակայում  է  գեղձի  գլխիկում, 20-30%  դեպքերում`  գեղձի  մարմնում, 4-5%  դեպքերում  դիտվում  է օրգանի  տոտալ  ախտահարում:
Ենթաստամոքսագեղձի  քաղցկեղը  տալիս  է  վաղ  լայնածավալ  մետաստազներ. լիմֆոգեն  ճանապարհով  դեպի  ռեգիոնար  ավշահանգույցներ  (պարապանկրեատիկ, միջընդերային, հարստամոքսային)  և  հեռավոր  մետաստազներ  (լյարդ, թոքեր, գլխուղեղ, ոսկրեր, երիկամներ, միջնորմային  և  պարանոցային  ավշահանգույցներ):
Ուռուցքը  կարող  է  տարածվել  հարևան  օրգաններին  և  հյուսվածքներին` ստամոքս, տասներկումատնյա  աղիք, հեպատոդուոդենալ  կապան, ինչպես  նաև  ճնշել  կամ  ներաճել  մոտակա  խոշոր  երակային  անոթներին` վերին  միջընդերային, դռներակ  և  ստորին  սիներակ:

Ենթաստամոքսագեղձի  քաղցկեղի  դասակարգումը  ըստ  TNM  համակարգի 
T- առաջնային  ուռուցք.
Tx – տվյալներն  անբավարար  են  առաջնային  ուռուցքի  գնահատման  համար
T0 - առաջնային  ուռուցքը  չի  որոշվում
Tis – նախաինվազիվ  քաղցկեղ  (carcinoma  in  situ)
T1 – ուռուցքը  սահմազատված  է  ենթաստամոքսագեղձով, մինչև  2սմ  առավելագույն  չափսով
T2 – ուռուցքը  սահմազատված  է  ենթաստամոքսագեղձով, 2սմ-ից  ավել  առավելագույն  չափսով
T3 – ուռուցքը  տարածվում  է  ենթաստամոքսագեղձի  սահմաններից  դուրս, բայց  չի  ընդգրկում   ընդերային  կամ  վերին  միջընդերային  զարկերակը
T4 – ուռուցքը  տարածվում  է  ընդերային  կամ  վերին  միջընդերային  զարկերակներին
N – ռեգիոնար  ավշային հանգույցներ 
Nx – տվյալներն  անբավարար  են  ռեգիոնար  ավշային հանգույցների  գնահատման  համար 
N0 - բացակայում  են  ռեգիոնար  ավշային հանգույցների  մետաստատիկ  ախտահարման  նշանները
N1 – առկա  են  մետաստազներ  ռեգիոնար  ավշային հանգույցներում
M – հեռավոր  մետաստազներ
Mx – տվյալներն  անբավարար  են  հեռավոր  մետաստազների  գնահատման  համար
M0 – չկան  հեռավոր  մետաստազների  նշաններ
M1 – առկա  են  հեռավոր  մետաստազներ
pTNM  հետվիրահատական  հիստոպաթոլոգիական  դասակարգումը
pT, pN  և  pM  կատեգորիաները  համապատասխանում են  T, N  և  M  կատեգորիաներին:
G  հյուսվածաբանական  տարբերակման  (դիֆերենցման)  աստիճանը
Gx – դիֆերենցման  աստիճանը  չի  որոշվել
G1 –  դիֆերենցման  բարձր  աստիճան
G2 – դիֆերենցման  միջին  աստիճան
G3 – դիֆերենցման  ցածր  աստիճան
G4 –  չդիֆերենցված  ուռուցք

Կլինիկական  պատկերը

Ենթաստամոքսագեղձի  քաղցկեղի  ախտանշանները.
- ցավեր  որովայնում  (60-90%)
- դեղնուկ – կարող  է  բերել  լյարդային  անբավարարության, խոլեմիկ  արյունահոսության
- դիսպեպտիկ  խանգարումներ, զգալի  նիհարում, աղիքների  ֆունկցիայի  խանգարումներ  (փորկապություն, փորլույծ, մեթեորիզմ)
- խրոնիկ  պանկրեատիտի  և  շաքարային  դիաբետի  ախտանշաններ:
Ենթաստամոքսագեղձի  քաղցկեղը  կարող  է  ուղեկցվել  անոթների  բազմակի  թրոմբոզով  (Տրուսոյի  սինդրոմ), որը  կարող  է  հիվանդների  մահվան  անմիջական  պատճառ  հանդիսանալ:

Ախտորոշումը.
- արյան  բիոքիմիական  հետազոտություն - ամիլազայի  մակարդակի, օնկոմարկերների  որոշում  (CA 19-9, CEA)
- ռենտգենաբանական  հետազոտություններ – խոլանգիոգրաֆիա, ընդերային  և  վերին  միջընդերային  զարկերակների  սելեկտիվ  անգիոգրաֆիա
- ուլտրաձայնային  հետազոտություն
- ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիա
- կոմպյուտերային  տոմոգրաֆիա
- միջուկառեզոնանսային  տոմոգրաֆիա
- լապարոսկոպիա  բիոպսիայով:

Բուժումը
Ենթաստամոքսագեղձի  գլխիկի  ախտահարման  դեպքում  կատարվում  գաստրոպանկրեատոդուոդենալ  ռեզեկցիա (Whipple-ի  վիրահատություն)` ենթաստամոքսագեղձի  գլխիկի  և վզիկի  հեռացում  ստամոքսի անտրալ  հատվածի, տասներկումատնյա  աղիքի, ընդհանուր  լեղածորանի  դիստալ  մասի, հետորովայնամզային  բջջանքի  ու  ավշահանգույցների  հետ:
Ենթաստամոքսագեղձի  մարմնի  կամ  պոչի  ախտահարման  դեպքում  կատարվում  է  ձախակողմյա հեմիպանկրեատոսպլենէկտոմիա`   գեղձի  դիստալ  հատվածը  մասնահատվում  է, փայծաղը  հեռացվում  է:
Գեղձի  տոտալ  ախտահարման  դեպքում  կատարվում  է  տոտալ  պանկրեատոդուոդենէկտոմիա (Fortner-ի  վիրահատություն)` ենթաստամոքսագեղձի, տասներկումատնյա  աղիքի, ստամոքսի  անտրալ  հատվածի, ընդհանուր  լեղածորանի  դիստալ  մասի, փայծաղի, ռեգիոնար  ավշահանգույցների  հեռացում, խոլեդոխոյեյունո-  և  գաստրոյեյունոանաստոմոզների  ձևավորմամբ:
Լեղուղիների  դեկոմպրեսիայի  (մեխանիկական  դեղնուկ)  և  գաստրոդուոդենալ  անանցանելիության  վերացման  նպատակով  ձևավորում  են  շրջանցող  անաստոմոզներ (խոլեցիստոյեյունո-  և  գաստրոյեյունոանաստոմոզներ):
Ենթաստամոքսագեղձի  քաղցկեղի  անվիրահատելի  և  տարածված  դեպքերում  կիրառում  են  քիմիոթերապիա (5-ֆտորուրացիլ, գեմցիտաբին):

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին