Պզուկներ (acne) անվամբ կոչվում են ճարպամազային ապարատի բորբոքային բնույթի ախտահարումները, որոնք ծագում են տարբեր պատճառներից։ Այն պզուկները, որոնք առաջանում են որպես սեբորեայի բարդություն (ինչպես հեղուկայինի, այնպես էլ թանձրի) ընդունված է անվանել սովորական (կամ պատանեկան) պզուկներ՝ acne vulgaris, s. Juvenilis: Դրանց մեջ տարբերում են մի քանի տարատեսակներ։ Ամենահասարակ ու հաճախ հանդիպող ձևը հանգույցիկայինն է՝ acne papulosa: Բնութագրվում է սեբորեային մաշկի վրա վարդագույն, կորեկից մինչև մանր սիսեռի մեծության, կիսագնդաձև կամ կոնաձև հանգույցիկների ցանավորումով։

Ոչ հազվադեպ հանգույցիկների կենտրոնում լինում է կոմեդոնի սև կետ։ Հետագայում հանգույցիկի կենտրոնում կարող է գոյանալ ոչ մեծ թարախաբշտիկ, որը չորանում է՝ առաջացնելով կեղև, կամ բացվում է՝ a. pustulosa: Նշված ձևի պզուկների ցանավորումը սովորաբար տեղի է ունենում սուր և զգալի քանակությամբ։ Պահպանվելով մի քանի օր, հանգույցիկները ներծծվում են, իրենց տեղում թողնելով ոչ մեծ գունակային բծեր կամ մանր, հազիվ նկատելի սպիներ։ Այլ դեպքերում, հատկապես թանձր սեբորեայի ժամանակ acne-ի տարրերը հասնում են մեծ չափերի և իրենցից ներկայացնում են խոր, ամուր, անցավ, խոշոր սիսեռի և ավելի մեծության ինֆիլտրատներ, որոնց վրա մաշկը գունավորված է կապտավուն՝ a. indurata: Հաջորդաբար ինֆիլտրատները կամ ներծծվում են, կամ փափկում և բացվում են, արտադրելով ծորող, յուղաթարախային հեղուկ։ Նրանց ապաքինումից հետո մնում են խոր, տգեղացնող սպիներ, հաճախ գերաճական։ Առանձին, պնդացող պզուկներ կարող են գերաճել ու միաձուլվել կամ միանալ միմյանց հետ խոր ուղիներով, գոյացնելով գլանականման կամ որդանման ինֆիլտրատներ, որոնք բացվում են մի քանի ոչ մեծ անցքերով՝ միաձուլվող պզուկներ (a. confluens): Երբեմն այդ նույն պրոցեսն ընթանում է սուր կերպով։ Մաշկը ինֆիլտրատի վրա գունավորվում է վառ կարմիր,բացվելուց հետո արտադրվում է մեծ քանակությամբ թարախ՝ ֆլեգմոնոզ պզուկներ (a. phlegmonosa):

Պզուկների հատուկ ձևն է ներկայացնում a. conglobata-ն: Հանդիպում է սովորաբար երիտասարդ տարիքի տղամարդկանց մոտ, որոնք տառապում են սեբորեայի թանձր ձևով։ Տեղակայվում է գրեթե բացառապես մեջքի, ավելի պակաս՝ կրծքի և դեմքի վրա։ Հիվանդությունն սկսվում է խոշոր, հաճախ կրկնակի կոմեդոնների առաջացումով, որոնց շուրջն աստիճանաբար գոյանում են յուրօրինակ սպիներ։ Հետագայում այստեղ զարգանում է բորբոքային ինֆիլտրատ ու ձևավորվում է թարախակույտ, որի բացվելուց հետո արտադրվում է շճաթարախային, արյունախառն էքսոլդատ։ Թարախակույտի խոռոչը լցված է թառամ գրանուլացիաներով։ Առանձին թարախակույտեր քայքայվում են, առաջացնելով խոցեր։ Ընթացքը երկարատև է։ Ապաքինումից հետո մնում են գրպանիկներ ու կամրջակներ ունեցող անհարթ սպիներ։

Ըստ երևույթին, որպես պզուկների յուրօրինակ ձև (հեղինակների մեծ մասը այն նույնացնում են a. conglobata-ի ( հետ) պետք է դիտել Հոֆմանի կողմից նկարագրված (գլխի մազածածկ մասի) թարախակույտային ու քայքայող ֆսլիկուլիտը և պերիֆոլիկուլիտը (folliculitis et perifolliculitis abscendeset suffodiens capitis E. Hoffrrann): Այս հազվագյուտ ձևը դիտվում է բացառապես տղամարդկանց մոտ։ Սկսվում է գլխի մազածածկ մասի վրա, առանձին մազերի շուրջը ֆոլիկուլային թարախաբշտիկների ու ոչ մեծ հանգույցիկների հանգես գալով։ Հանգույցիկներն աստիճանաբար մեծանում են ու վերածվում խոշոր, բալի մեծության, մաշկի մակարդակից բարձրադիր կիսագնդաձև, հանգուցավոր կամ երկարավուն գլանիկանման գոյացությունների, որոնք տեղ-տեղ միանում են միմյանց։ Սկզբում լինելով ամուր, այնուհետև փափկում են և սկսում ծփանք տալ։ Մաշկը նրանց վրա ունի փղոսկրի կամ կանգային կապույտ գույն։ Մազերը ախտահարված տեղամասերում լրիվ թափվում են։ Հետագայում փափկացած ինֆիլտրատները բացվում են ոչ մեծ խուղակային անցքերով, որոնցից արտադրվում է արյունաթարախային հեղուկ։
Գոյացած խոռոչները լցված են թառամ, դոնդողանման գրանուլացիայով։ Շատ բնորոշ է խոշոր կոմեդոնների առկայությունը գլխի մազածածկ մասի, հատկապես ծոծրակային ու քունքային շրջանների մասի չախտահարված տեղամասերի վրա։ Հիվանդությունը զարգանում է դանդաղորեն, ընթանում է խրոնիկաբար և կարող է աստիճանաբար տարածվել գլխի ամբողջ մազածածկ մասի վրա։ Ապաքինումից հետո գոյանում են սպիներ, շատ անգամ ապաճական։

Հյուսվածաախտաբանությունը։ Բորբոքային ինֆիլտրատը ճարպագեղձերի ու մազապարկերի շուրջը a. papulosa և pustulosa ձևերի ժամանակ բաղկացած է նեյտրոֆիլներից ու լիմֆոցիտներից, իսկ a. indurata, conglobata-ի, ինչպես նաև թարախակույտային ու քայքայող ֆոլիկուլիտի ժամանակ՝ գերազանցապես պլազմային բջիջներից ու հիստիոցիտներից։ Փափկացման շրջանում, ավելանում է նեյտրոֆիլների քանակը։ Իսկ a. confluens-ի ժամանակ, նմանապես և թարախակույտային ու քայքայող ֆոլիկուլիտի ժամանակ բորբոքային ինֆիլտրատը մազապարկից տարածվում է բուն մաշկի մեջ, տեղակայվելով գերազանցապես անոթների շուրջը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին