Նկարագրություն
Գանգրենան (փտախտ) հաճախ հանդիպող հիվանդություն է, որն իրենից ներկայացնում է որևէ օրգանի կամ նրա մասի մեռուկացումը կենդանի օրգանիզմում: Տարբերում են չոր և թաց գանգրենա:

Պատճառներ
Գանգրենայի առաջացման պատճառները տարբեր են, առավել հաճախ` արյունամատակարարման խանգարումները: Գանգրենա կարող է առաջանալ նաև ոսկրերի մոտակա հյուսվածքները մարմնի ծանրությամբ ճնշվելուց, հյուծված ու թուլացած հիվանդների մոտ` երկարատև անշարժ պառկելուց: Կարող է առաջանալ նաև արյունահոսությունը դադարեցնող լարանով վերջույթը երկարատև ձիգ կապելուց: Ներքին օրգանների գանգրենա կարող է առաջանալ ճողվածքի ճմլման և աղիքների ոլորման ժամանակ: Բարձր կամ ցածր ջերմաստիճանի, թթուների բարձր կամ ցածր ջերմաստիճանի, թթուների և հիմքերի անմիջական ազդեցությունը հյուսվածքների վրա նույնպես կարող են գանգրենայի առաջացման պատճառ դառնալ: Որդանման ելունի և լեղապարկի գանգրենա կարող է առաջանալ նույնիցկ անոթների ժամանակավոր կծկանքից: Այդպիսի հիվանդությունների ժամանակ պահանջվում է անհետաձգելի վիրաբուժական միջամտություն:

Պաթոգենեզ
Չոր գանգրենան առավել հաճախ առաջանում է վերջույթների ծայրային հատվածներում և դանդաղ է խորանում: Հյուսվածքներն աստիճանաբար չորանում են և ստանում մուգ դարչնագույն կամ սևակապտավուն երանգ: Բարենպաստ ընթացքի դեպքում մեռուկացող և առողջ հյուսվածքների միջև առաջանում է ցայտուն սահման, և մեռուկացած հյուսվածքն անջատվում է: Չոր գանգրենայի ժամանակ մեռուկացած հյուսվածքները հազվադեպ են քայքայվում, ուստի թունավոր նյութերի ներծծումը չնչին է, և հիվանդի ընդհանուր վիճակը քիչ է տուժում: Չոր գանգրենայի նախնական փուլերում աննեխության կանոնները չպահպանելիս այն կարող է վերածվել թացի:
Թաց գանգրենայի ժամանակ մեռուկացումը տեղի է ունենում հեղուկների բարձր պարունակությամբ հյուսվածքներում: Հաճախ այդ երևույթին նախորդում է երակային կանգը: Ախտահարված հատվածի ծավալը մեծանում է, գույնը դառնում է կապտավուն, սևակապտավուն կամ սև, իսկ թարախային վարակ միանալիս` մուգ դարչնագույն կամ կանաչ: Մաշկը ծածկվում է պղտոր, գարշահոտ հեղուկով լցված բշտերով: Առատ թարախակալման ժամանակ մաշկի տակ առաջանում են գազեր. այդպիսի հյուսվածքները սեղմելիս կարող է զգացվել մեղմ ճարճատյուն: Մեռուկացած հյուսվածքների և առողջների միջև խիստ սահմանազատում չի նկատվում, և գանգրենան արագ առաջադիմում է: Գանգրենայի այս ձևի ժամանակ թարախային ու մեռուկացած նյութերը ներծծվում են օրգանիզմ, որի հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է, առաջանում է ցնցող դող, խանգարվում են աղիքների ֆունկցիան, քունը, վատանում է ախորժակը, իջնում զարկերակային ճնշումը, անոթազարկը թույլ է և հաճախացած, լեզուն` չոր, նկատվում է թորշոմածություն: Այս ամենը սպառնալիք է ստեղծում հիվանդի կյանքի համար:
Ներքին օրգաններում արյունամատակարարումը խանգարվելիս, որպես կանոն, առաջանում է թաց գանգրենա:

Բուժում
Գանգրենայի ցանկացած ձև բուժվում է միայն հիվանդանոցում:

Կանխարգելում
Գանգրենայի կանխարգելումը ենթադրում է գանգրենայով բարդացող հիվանդությունների և ախտաբանական վիճակների ժամանակին բուժում: Առաջին օգնություն ցուցաբերելիս կարևոր է խստորեն պահպանել արյունահոսությունը դադարեցնող լարանի կիրառման կանոնները:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին