Ծերունական պսիխոզները հաճախ առաջանում են 70-80 տարեկան հասակում։ Դրանց նպաստող գործոններ են համարվում ժառանգական նախատրամադրվածությունը, արտածին բնույթի զանազան վնասաբեր ազդակները, մասնավորապես վարակները, թունավորումները, սոմատիկ ծանր հիվանդությունները, հոգեկան ծանր տրավմաները և այլն։

Ծերունակսւն պսիխոզների տարածվածությունը կազմում է 4 -20%։

Ծերունական պսիխոզները զարգանում են աստիճանաբար, աննկատելի։ Սկզբնական շրջանում առաջանում են անձի փոփոխություններ, հատկապես՝ բնավորության գծերի սրացում։ Հիվանդները դառնում են անուշադիր, ցրված և մոռացկոտ։ Աստիճանաբար ի հայտ են գալիս տարօրինակություններ, այնուհետև՝ հոգեկան խանգարման ակնհայտ ախտանիշներ, որոնք ուղեկցվում են բանականության հարաճուն իջեցումով ընդհուպ մինչև խորը թուլամտություն։ Հանդիպում են ծերունական պսիխոզի հասարակ, կոնֆաբուլյատոր, դելիրումային ձևերը, ինչպես նաև հիվանդության ատիպիկ տարբերակները՝ Ալցհեյմերի և Պիկի հիվանդությունները։

Ծերունական պսիխոզի հասարակ ձևը՝ ծերունական թուլամըտությունը, բնորոշվում է դանդաղ զարգացող ընթացքով, որը կարելի է բաժանել երեք փուլի՝ սկզբնական, թուլամտության և հյուծանքի (մարազմ)։ Սկզբնական փուլը արտահայտվում է կեղծ հիշողություններով ուղեկցվող մտապահման աճող թուլությամբ (ֆիքսացիոն ամնեզիա)։ Հիվանդները մոռանում են անունները, թվերը, հենց նոր ասվածն ու կատարվածը։ Աստիճանաբար նրանք մոռանում են իրերի, առարկաների անունները, շրջապատի մարդկանց, անգամ իրենց հարազատների անունները, իսկ ավելի ուշ դադարում են ճանաչել իրենց մոտիկներին ու հարազատներին։ Առաջանում է տեղի և ժամանակի լրիվ ապակողմնորոշում։

Անձի ծերունական բնույթի փոփոխությունները գնալով ավելի արտահայտված են դառնում։ Հիվանդները դառնում են կամակոր, չարակամ, էգոցենտրիկ (եսակենտրոն), փնթի։ Առաջանում է նաև բնազդների ապարգելակում։ Հիվանդության խորացմանը զուգահեռ տուժում է նաև բանականությունը՝ ընդհուպ մինչև արտահայտված թուլամտություն։ Առաջանում է նորը յուրացնելու դժվարություն, դատողության և քննադատական մակարդակի իջեցում։ Խանգարվում են նաև բարձրագույն հույզերը։ Հիվանդները դառնում են լրիվ անտարբեր, նրանց չի մտահոգում նույնիսկ հարազատների վիշտն ու դժբախտությունը։ Բնորոշ է նաև գիշերային անհանգստությունը. գիշերը չեն քնում, անընդհատ ոտքի վրա են, անիմաստ գործողություններ են կատարում, իսկ ցերեկը քնկոտ են ու թորշոմած։ Զարգացող թուլամտության ֆոնի վրա հաճախ դիտվում են հետապնդման, թալանի զառանցական մտքեր։ Կարող են հանդիպել նաև լսողական ցնորքներ։

Ծերունական պսիխոզի հասարակ ձևի վերջին փուլը բնորոշվում է ֆիզիկական և հոգեկան հյուծանքով։ Թուլամտությունը հասնում է այն աստիճանի, որ հիվանդները դադարում են հասկանալ շրջապատի ամենատարրական երևույթները, չեն կարողանում խոսել, ուտելիս բերանն են տանում ձեռքն ընկած ամեն ինչ։ Իրենց սպասարկել չեն կարողանում։ Ընդունում են էմբրիոնալ դիրք և այդ վիճակում էլ մահանում։

Ծերունական պսիխոզի կոնֆաբուլյսւտոր ձև (Վերնիկեի պրեսբիոֆրենիա)։ Թուլամտության այս ձևը հիմնականում ընթանում է հիշողության կոպիտ խանգարումներով։ Հիվանդները հիշողության առկա բացը լրացնում են իրենց կյանքից վերցրած իրական դեպքերի հուշերով կամ ֆանտաստիկական, հնարած նկարագրություններով (պսևդոռեմինիսցենցիա, կոնֆաբուլացիա)։ Նրանց այդ վիճակը այնպիսի տպավորություն է թողնում, որ մոռանալով ներկան նրանք կարծես թե վերադառնում են իրենց անցյալին ու սկսում են ապրել այդ անցյալ կյանքով։ Օրինակ համոզված ասում են, որ աշխատում են, հայտնում են աշխատանքի վայրը։ Հիվանդների տրամադրությունը առավելապես բարձր է լինում։ Շատախոս են, բարեհոգի։

Ծերունական պսիխոզի դելիրիումային ձևը (սուր պրեսբիոֆրենիա)։ Բնորոշվում է գիտակցութան մթագնման ֆոնի վրա ընթա¬ցող ոչ արտահայտված ու աղքատ տեսողական ցնորքներով ու պատրանքներով։ Հոգեշարժական գրգռվածությունը նույնպես արտահայտված չէ։ Դելիրիումը երբեմն կարող է ընդունել մասնագիտական կամ փնթփնթան բնույթ։ Ծերունական պսիխոզի դելիրիումային ձե զարգանում է այն դեպքում, երբ ծերունական թուլամտությունը բարդանում է արտածին որևէ վնասաբեր ազդակով։

Ծերունական պսիխոզի ատիպիկ ձևերը :Ծերունական պսիխոզի ատիպիկ ձևերից են Պիկի և Ալցհեյմերի հիվանդությունները։ Նրանք ատիպիկ են համարվում, քանի որ հանդիպում են նախածերունական հասակում, բայց դասվում են ծերունական պսիխոզների շարքը, քանի որ հիմքում ունեն ծերունական պսիխոզներին բնորոշ ուղեղի ապաճական զարգացող պրոցես։ Այս հիվանդությունները դասվում են նաև նեյրոդեգեներատիվ հիվանդությունների շարքիին։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին