Սենեսետոպաթիա. ծայրաստիճան տհաճ, տանջալից, ճնշող բազմատեսակ զգացողություններ մաշկի վրա, մաշկի տակ, մարմնի տարբեր մասերում առաջացած այրոցներ, սեղմոցներ, ծակծկոցներ, ձգվածություն, թրթռոց, քոր, որոնք կապ չունեն որևէ սոմատիկ խանգարումների հետ։

Մետամորֆօպսիա. ընկալվող օբյեկտի ձևի, չափի փոփոխություն տարածության մեջ։ Մետամորֆոպսիան կարող է արտահայտվել հետևյալ ձևերով.
Մակրօպսիա, երբ ամեն ինչ ընկալվում է արտասովոր մեծ չափերով։
Միկրոսկօպիա, երբ ամեն ինչ փոքրացած է ընկալվում։
Դիսմեգալօպսիա. շրջապատի առարկաներն ընկալվում են երկարացած, լայնացած, իրենց առանցքի շուրջը ոլորված ու ծռմռված։

Պորօպսիա. տարածության ընկալման խանգարումն է տարա¬ծությունն ընկալվում է կրճատված, նրանում գտնվող առարկաները մոտեցած, կամ, ընդհակառակը, տարածությունն ընկալվում է լայնացած ու երկարացած, նրանում գտնվող առարկաները հեռացած, փողոցն՝ անսահման լայն ու երկար, շենքերը՝ բարձր։

Դեռեալիզացիա. շրջապատը ընկալվում է անիրական, աղոտ, փոփոխական։ Արտաքին աշխարհը կորցնում է իր իսկական և բնական գունավորումը, ընկալվում է անճանաչելի և աղավաղված տեսքով, կարծես թե քողով պատած, տներն ու ծառերը թվում է թե շարժվում են, օրորվում, կռանում, մարդկանց դեմքերը փոխվում են, տափականում, լայնանում, ամեն ինչ աղոտ է կամ գորշագույն ու մռայլ։ Դեռեալիզացիայի տարբերակներն են հանդիսանում արդեն տեսածի ախտանշանը. շրջապատի տարածության ընկալման այնպիսի խանգարում է, երբ հիվանդին թվում է, թե ներկայի տեսածը անցյալում ինչ - որ ժամանակ ու ինչ-որ տեղ տեսել է, երբեք չտեսածի ախտանշանը. այս դեպքում շրջապատի սովորական իրադրությունը, ամենօրյա տեսածը հիվանդին բոլորովին անծանոթ է թվում, կարծես թե առաջին անգամն է տեսնում։

Դեպերսոնալիզացիա, անձի խորթացումն է. փոխվում է հիվանդի սեփական անձի ընկալումը, առաջանում է իր «ես»– ի օտարացման, երկատման, ամբողջականությունը կորցնելու զգացում։ Հիվանդին թվում է, թե իր անձը փոխվել է, իր մեջ զգում է երկու «ես», որոնցից մեկը գործում է, աշխատում, իսկ մյուսը` կողքից դիտում։ Հաճախ խանգարվում է իր մարմնի սխեմայի ընկալումը, տեղի է ունենում զգացմունքների ու մտածողության տարօրինակ վերափոխում:

Մարմնի սխեմայի խանգարում (աուտոմետամորֆօպսիա) սեփական մարմնի, նրա տարբեր մասերի աղավաղված ընկալում: Հիվանդը զգում է դրանց ձևի, մեծության, կազմության, քաշի, տեղադրության փոփոխություն: Նա գանգատվում է իր գլխի մեծացած կամ փոքրացած, ծայրանդամների երկարացած կամ կարճացած լինելուց, մարմնի տձևությունից (դիմորֆօպսիա), իր առանցքի շուրջը ոլորված, լայնացած, երկարացած լինելուց (դիսմեգալօպսիա):

Երբեմն առաջանում է բացակայող (այս կամ այն պատճառով հեռացված) ծայրանդամի կեղծ առկայության զգացողություն (ֆանտոմային զգացողություն), իսկ ծանր դեպքերում կարող է առաջանալ նաև այդ նույն բացակայող օրգանի ցավ, մարմնի մասերի անջատվածություն։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին