Պրոստատիտը արական սեռական գեղձամկանային օրգանի` շագանակագեղձի բորբոքումն է: Տարբերում են շագանակագեղձի բորբոքման 2 ձև` սուր և քրոնիկական:

Պատճառներ
Շագանակագեղձի բորբոքման նախատրամադրող գործոններ են տեղային մրսածությունը` հատկապես խոնավ գետնի վրա նստելիս, անկանոն սեռական կյանքը, քիչ շարժուն կենսակերպը: Այն առավել հաճախ առաջանում է բորբոքված միզուկից վարակը շագանակագեղձ անցնելիս, երբեմն` գոնորեայի կամ միզուկաբորբի, խիստ հազվադեպ` ընդհանուր վարակի (անգինա, գրիպ, տուբերկուլոզ) բարդության դեպքերում:

Պաթոգենեզ
Սուր պրոստատիտի ախտանշաններն են` ջերմաստիճանի բարձրացումը, հաճախամիզությունը` շեքի շրջանի այրոցով ու ծակող ցավերով, ուղիղ աղիքի ցավերը կղման ժամանակ: Թարախային բորբոքման փուլում հնարավոր են թարախակույտի ինքնաբացում և թարախահոսություն միզուկից կամ ուղիղ աղիքից: Ոչ ժամանակին բժշկին դիմելը կարող է հանգեցնել ծանր հետևանքների. Վարակը կարող է տարածվել շրջապատի օրգանների և հյուսվածքների վրա, հնարավոր է արյան վարակում, ինչպես նաև հիվանդության անցումը քրոնիկական ձևի, որի դեպքում խանգարվում է սեռական օրգանների ֆունկցիան, առաջանում են սեռական անկարողություն, անպտղություն:
Քրոնիկական պրոստատիտը բնորոշվում է երկարատև ընթացքով, նկատվում են թվացող ապաքինման և սրացման շրջաններ: Հիվանդը միզուկի և շեքի շրջանում զգում է այրող ցավեր միզարձակումից ու կղումից հետո, նկատվում են արտադրություն միզուկից, հոգնածություն և գրգռվածություն:

Բուժում
Շագանակագեղձի բորբոքումը բուժում է բժիշկը: Ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է ժամանակին դիմել բժշկի: Բժիշկը նշանակում է սննդակարգ (բացառելով սուր կերակրատեսակները և ալկոհոլային խմիչքները), դեղանյութեր և ֆիզիոթերապևտիկական բուժարարողություններ: Սրացումների միջև ընկած ժամանակամիջոցում կարելի է առողջարանային բուժում: Առանձին դեպքերում անհրաժեշտ է վիրահատություն:

Կանխարգելում
Պրոստատիտի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է ժամանակին և լրիվ բուժել միզուկի, միզապարկի բորբոքային հիվանդությունները և կանոնավոր հետևել աղիքների գործունեությանը: Նստակյաց աշխատողներին խորհուրդ է տրվում ոտքով զբոսնել, զբաղվել սպորտով` վազքով, լողով, թենիսով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին