Պոլիպները  դասվում  են  էպիթելից  աճող  բարորակ  նորագոյացությունների  շարքին, սակայն  հակված  են  չարորակացման: Կարող են  լինել  եզակի  և  բազմակի, սովորաբար  0.5-2 սմ  չափսերով, բայց  կարող  են  հասնել 3-5 սմ-ի: Ունեն  ոտիկ, որը  կախվում  է  աղիքի  լուսանցքի  մեջ, հազվադեպ  տեղադրված  են  լայն  հիմքի  վրա: 

Տարբերում  են պոլիպների  հետևյալ  տեսակները.
1. Յուվենիլ  պոլիպները  դիտվում  են  առավելապես  երեխաների  մոտ: Հաճախ  ախտահարվում  է  ուղիղ  աղիքի  լորձաթաղանթը: Մակրոսկոպիկ  ունեն  «խաղողի ողկույզի»  տեսք, ունեն  ոտիկ, մակերեսը  հարթ  է, գունավորումը  ավելի  ինտենսիվ  համեմատած  շրջակա  չփոփոխված  լորձաթաղանթի  հետ: Միկրոսկոպիկ  հայտնաբերում  են  բնորոշ  գեղձա-կիստոզ  գոյացություններ` գեղձային  էլեմենտների  նկատմամբ  ստրոմայի  գերիշխմամբ: Յուվենիլ  պոլիպներն, որպես  կանոն, չեն  չարորականում:
2. Հիպերպլաստիկ  պոլիպները  - փոքր (2-4 մմ)  գոյացություններ  են, հաճախ  ունեն  կոնաձև  տեսք: Հիպերպլաստիկ  պոլիպներում  պահպանվում  է  աղիքի  լորաթաղանթի  նորմալ  կառուցվածքը`  գեղձերի  ճիշտ  կառուցվածքով  և  օրիենտացիայով, նրանց  թվի  զգալի  ավելացումով, որի  հաշվին  էլ  ստեղծվում  է  պոլիպի  տեսքով  լորձաթաղանթի  հաստացման  պատկեր: Չարորականում  են  շատ  հազվադեպ:
3. Ադենամատոզ  (գեղձային)  պոլիպները  դիտվում  են  առավել  հաճախ: Ունի  ոտիկի  վրա  կամ  առանց  ոտիկի, հարթ  մակերեսով, կլոր  ձևի  ուռուցքի  տեսք: Իրենից  ներկայացնում  է  լորձաթաղանթի  հիպերպլազիայի  հատված`  կազմված  ըստ  ձևի  զանազան  գեղձերից, որոնք  հաճախ  կիստոզ  լայնացած  են, պաստառված  գլանաձև  էպիթելով: Այս  պոլիպները  հաճախ  չարորականում  են, ընդ  որում  ինչքան  մեծ  է  պոլիպի  չափսերը, այնքան  հաճախ  է  մալիգնիզացիա  հայտնաբերվում: 2սմ-ից  մեծ  պոլիպների  դեպքում  չարորակացման  հաճախականությունը  հասնում  է  50%-ի:
4. Թավիկավոր  պոլիպը  (ադենոպապիլոմա) ծածկված  է  բարակ  նուրբ  թավիկներով: Չարորակացման  հաճախականությունը  հասնում  է 30-35%-ի: Եզակի  պոլիպներն  երբեմն  ընթանում  են  անախտանշան  կամ  առաջացնում են  ուղիղ  աղիքից  արյան  և  լորձի  արտադրության, որովայնում  ցավեր, փորկապություն, փորլույծ, աղիքային  դիսկոմֆորտ:
5. Թավիկավոր  ուռուցքն  իրենից  ներկայացնում  է  բլթակավոր  նորագոյացություն` թավշավուն  մակերեսով, վարդագույն, կարմիր  գույնի` դուրս-ցցված  աղիքի  լուսանցքի  մեջ, տեղադրված  լայն  հիմքի  վրա  (հանգուցավոր  ձև): Թավիկավոր  ուռուցքների  տարատեսակ  է  համարվում  գորգային  ձևը, որի  ժամանակ  ուռուցքային  հանգույցը  բացակայում  է, պրոցեսը  գրավում  է  լորձաթաղանթի  մեծ  մակերես: Թավիկավոր  ուռուցքի  չարորակացման  հակումը  բավականին  բարձր  է  (մինչև  90%): Առավել  հաճախ  տեղակայում  են  ուղիղ  և  սիգմայաձև  աղիքներում: Կլինիկորեն  արտահայտվում  են  դեֆեկացիայի  ժամանակ  լորձի  արտադրությամբ, ընդ  որում  լորձի  քանակությունը  կարող  է  լինել  զգալի  և  հասնել  1-1.5 լիտրի, որը  բերում  է  ջրա-էլեկտրոլիտային  խանգարումների: ՈՒռուցքի  թավիկների  վնասման  հետևանքով  արյունահոսությունը  դիտվում  է  համարյա  բոլոր հիվանդների  մոտ: Հիվանդության  մյուս  ախտանշաններն  են` ցավը  որովայնում, փորկապությունը, փորլույծը, աղիքային  դիսկոմֆորտը:
6. Հաստ  աղիքի  դիֆուզ  պոլիպոզը  լինում  է  իսկական  (ընտանեկան)  և  երկրորդային  (որպես  արդյունք  հաստ  աղիքի  ուրիշ  ախտահարումների, օրինակ  կոլիտի): Դիֆուզ  պոլիպոզը  համարվում  է  օբլիգատ  նախաքաղցկեղ, չարորակացման  հաճախականությունը  հասնում  է  70-100%-ի:

Իսկական  դիֆուզ  պոլիպոզը  փոխանցվում  է  ժառանգաբար` ախտահարելով  ընտանիքի  մի  քանի  անդամների: Հիվանդությունը  սովորաբար  հայտնաբերում  են  երեխաների  և  երիտասարդ  տարիքի  մարդկանց  մոտ: Հաստ  աղիքի  դիֆուզ  պոլիպոզի  համակցումը  փափուկ  հյուսվածքների  և  ոսկրերի  բարորակ  ուռուցքների  հետ, անվանում  են  Գարդների  սինդրոմ: Ստամոքս-աղիքային  տրակտի  պոլիպոզի  համակցումը  այտերի  լորձաթաղանթի, բերանի  շուրջ  և ափերի  մաշկի  վրա  պիգմենտային  բծերի  հետ, անվանում  են  Պեյտց-Յեգերսի  սինդրոմ:
Հաստ  աղիքի  դիֆուզ  պոլիպոզի  ժամանակ  ժամանակ  բնորոշ  են  ցավերը  որովայնում`  առանց  հստակ  տեղակայման, փորլույծը, կղանքի  հետ  արյան և  լորձի  արտազատումը, նիհարումը, անեմիան:
Կլինիկական  ախտանշանների  և  անամնեստիկ  տվյալների  հետ  միասին  ախտորոշման  ժամանակ  կարևոր  նշանակություն  ունեն  իրիգոգրաֆիան, ռեկտո-  և  կոլոնոսկոպիան, պոլիպների  բիոպսիան:

Բուժումը.
Եզակի  պոլիպները, լավ  արտահայտված  ոտիկով  թավիկավոր  ուռուցքները  հեռացվում  են  էլեկտրոկոագուլյացիայի  ճանապարհով  կոլոնոսկոպի  միջոցով:
Թավիկավոր  ուռուցքի  չարորակացման  դեպքում  կատարում  են  արմատական  վիրահատություն, որի  ծավալը  որոշվում  է  ուռուցքի  տեղակայմամբ  (աջակողմյա  կամ  ձախակողմյա  հեմիկոլէկտոմիա, սիգմայաձև  աղիքի  ռեզեկցիա): Պոլիպի  գագաթին  բջջային  ատիպիայի  դեպքում, առանց  լորձաթաղանթի  մկանային շերտի  ինվազիայի, արմատական  վիրահատություն  է  համարվում  պոլիպի  գոտում  աղիքի  պատի  սեպաձև  մասնահատումը:
Հաստ  աղիքի  դիֆուզ  ընտանեկան  պոլիպոզի  ժամանակ  կատարում  են  սուբտոտոլ  կոլէկտոմիա`  իլեոռեկտո  կամ  իլեոսիգմոանաստոմոզի  ձևավորմամբ:
Սահմանափակ  հատվածում  բազմակի  պոլիպների  տեղակայման  դեպքում  կատարվում  է  աղիքի  ախտահարված  մասի  ռեզեկցիա:         
 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին