Պոլիոմիելիտը (մանկական ողնուղեղային լուծանք) վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է առավելապես կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով: Ընթանում է լուծանքներով կամ առանց լուծանքների (ոչ լուծանքային պոլիոմիելիտ): Հիվանդանում են հիմնականում 2-5 տարեկան երեխաները: Պոլիոմիելիտը հայտնի է շատ վաղուց: 20-րդ դարի կեսին Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի շատ երկրներում հիվանդացության աճն ազգային աղետի բնույթ ստացավ: Վիրուսի աճեցման մեթոդի հայտնաբերումը, կանխարգելիչ վակցինաների ստեղծումը և երեխաների զանգվածային պատվաստումները զգալիորեն նվազեցրին պոլիոմիելիտի բռնկումները, իսկ որոշ երկրներում այն վերացվեց որպես զանգվածային հիվանդություն:

Պատճառներ
Պոլիոմիելիտի հարուցիչը քամվող վիրուսն է, որը երկարատև պահպանվում է ջրում, ոչնչանում է եռացնելիս, կալիումի գերմանգանատի և ջրածնի գերօքսիդի ազդեցությունից: Վիրուսը շրջակա միջավայր է ընկնում հիվանդի արտաթորանքի հետ և փոխանցվում է սննդամթերքի, օրինակ` բանջարեղենի, մրգերի, ջրի, չեռացրած կաթի միջոցով: Հիվանդության բռնկումներն առավել հաճախ դիտվում են ամռան վերջերին և աշնան սկզբներին:

Պաթոգենեզ
Հիվանդությունն սկսվում է սուր, նկատվում են ջերմաստիճանի բարձրացում մինչև 38-39º C, հազ, փռշտոց, ցավեր կոկորդում, հազվադեպ` որովայնում` լուծ: Նշված երեևույթները 4-5 օր հետո անցնում են, իսկ 1 շաբաթ անց ջերմաստիճանը կրկին բարձրանում է, և առաջանում են տարբեր մկանների (հաճախ` ձեռքերի, ոտքերի) լուծանքներ:

Բուժում
Բուժումն իրականացվում է հիվանդանոցում: Հիվանդին անհրաժեշտ է անկողնային ռեժիմ և հանգիստ: Լուծանքով ընթացող պոլիոմիելիտի դեպքում պահպանվում են շարժումների կայուն խանգարումներ, հիվանդ ձեռքը կամ ոտքը վատ է զարգանում (առողջի համեմատ): Ուստի բուժման համակարգում մեծ տեղ է տրվում մերսմանը, բուժական ֆիզկուլտուրային: Անհրաժեշտ է կրել հատուկ օրթոպեդիական սարքեր (ձեռքերի և ոտքերի համար), սեղմիրան (պարանոցի և իրանի համար): Խորհուրդ է տրվում առողջարանային բուժում:
Ոչ ծանր դեպքերում, ճիշտ և տևական բուժմամբ կարելի է վերականգնել ձեռքերի և ոտքերի խանգարված ֆունկցիաները: Ոչ լուծանքային ձևերի ելքը բարենպաստ է:

Կանխարգելում
Կանխարգելման հիմնական միջոցը կենդանի պոլիոմիելիտային վակցինայով (թողարկվում է հեղուկ և հաբերի ձևով) իմունացումն է: Անհրաժեշտ է պահպանել հիգիենայի կանոնները, ուտելուց առաջ ձեռքերը լվանալ, ջուրը և կաթը եռացնել, միրգը և բանջարեղենը լավ լվանալ: Հիվանդին մեկուսացնելուց հետո բնակարանը վարակազերծել:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին