Պոլինոզը սեզոնային բնույթ ունեցող ալերգական հիվանդություն է: Առաջանում է բույսերի ծաղկման շրջանում, երբ օդում պարունակվում է մեծ քանակությամբ ծաղկափոշի:

Պատճառներ
Առաջանում է բույսերի ծաղկափոշու ազդեցությունից: Սովորաբար զանգվածային հիվանդացություն է առաջացնում քամու միջոցով փոշոտվող բույսերի ծաղկափոշին (տրամագիծը մինչև 35 մկմ), որն օժտված է յուրահատուկ, ալերգիծին հատկությամբ: Ուժեղ ալերգիածին հատկություն ունի ամբրոսիա մոլախոտի ծաղկափոշին: Հիվանդության առաջացման համար անհրաժեշտ է ծաղկափոշու մոտ 40-50 հատիկ, բայց երբեմն այն կարող է առաջանալ քթի լորձաթաղանթի կամ աչքի շաղկապենու վրա 3-5 հատիկ ընկնելիս: յուրաքանչյուր կլիմաաշխարհագրական գոտում գերակշռում են որոշակի բուսատեսակներ, որոնց ծաղկափոշին ավելի հաճախ է պոլինոզի առաջացման պատճառ դառնում:
Հայաստանի Հանրապետությունում ալերգածին են բարդու սերմերը (քամու միջոցով տարածվող), սոսին, ընկուզենին, փշատենին, լորենին, որոշ մոլախոտեր և այլ բույսեր:
Չնայած ավելի շատ ծաղկափոշի պարունակվում է գյուղական վայրերի օդում, բայց պոլինոզով առավելապես հիվանդանում են քաղաքաբնակները, որը բացատրվում է քաղաքի օդային ավազանի բարձր ախտոտվածությամբ: Քաղաքի օդում պարունակվող փոշին և տարբեր քիմիական նյութերը գրգռում են շնչուղիների լորձաթաղանթները և բարձրացնում ծաղկափոշու թափանցելիությունը:

Պաթոգենեզ
Պոլինոզ հիվանդությունը ավելի հաճախ դրսևորվում է հարբուխով, արցունքահոսությամբ և աչքերի այրոցով, երբեմն` բրոնխային հեղձուկի նոպայով:

Բուժում
Բուժման հիմնական եղանակը օրգանիզմի զգայնության իջեցումն է ծաղկափոշու նկատմամբ կամ թերզգայնացումը, որը կատարում է ալերգիաբանը: Վերջինս տարբեր հետազոտությունների միջոցով պարզում է հիվանդությունն առաջացրած ծաղկափոշու տեսակը:

Կանխարգելում
Բույսերի ծաղկման շրջանում հիվանդները պետք է խուսափեն ծաղկափոշու հատիկները շնչուղիներ և աչքերն ընկնելուց: Խորհուրդ է տրվում կրել հատուկ պաշտպանական ակնոց կամ հնարավորոթյան սահմաններում երեսը ծածկել: Ծանր դեպքերում խորհուրդ է տրվում մեկնել այլ վայր:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին