Կրծքամզի բորբոքում սովորաբար առաջանում է որպես թոքաբորբի բարդություն, հազվադեպ` տուբերկուլոզի, ռևմատիզմի և այլ վարակիչ ու ալերգական հիվանդությունների, ինչպես նաև կրծքավքնդակի վիրավորումների ու վնասվածքների ախտանշան է:

Պատճառներ
Կրծքամզի բորբոքման պատճառն է հանդիսանում թոքաբորբը, տուբերկուլոզը, ռևմատիզմը, վարակիչ ու ալերգանման հիվանդությունները, ինչպես նաև կրծքավանդակի վիրավորումներն ու վնասվածքները:

Պաթոգենեզ
Կրծքամզի բորբոքումը պայմանականորեն բաժանում են չոր և թաց (բորբոքահեղուկային ձևերի): Առաջինի դեպքում կրծքամիզն ուռչում է, հաստանում, դառնում անհարթ: Թացի դեպքում կրծքամզի խոռոչում կուտակվում է հեղուկ, որը կարող է լինել թափանցիկ, արյունային կամ թարախային: Որպես կանոն` կրծքամզի թերթիկների վրա առաջանում են թելքային կուտակումներ: Կրծքամզի բորբոքումը հաճախ լինում է միակողմանի, սակայն կարող է լինել նաև երկկողմանի: Սովորաբար սուր կրծքամզի բորբոքումը սկսվում է կրծքավանդակի ցավերով, որոնք ուժեղանում են շնչառման և հազի ժամանակ, նկատվում է թուլություն, տենդ: Ցավերի առաջացումը պայմանավորված է շնչառության ժամանակ կրծքամզի խորդուբորդ թերթիկների շփումով. եթե հեղուկ է կուտակվում, կրծքամզի թերթիկներն իրարից բաժանվում են և ցավը կարող է վերանալ: Ցավերը կարող են պայմանավորվել նաև Կրծքամզի բորբոքման բարդացնող հիմնական գործընթացով:

Կրծքագեղձի բորբոքումով տառապողները հաճախ պառկում են հիվանդ կողմի վրա, քանի որ այդ վիճակում պակասում է կրծքամզային թերթիկների շփումը, հետևաբար` մեղմանում ցավը: Կրծքամզի խոռոչում մեծ քանակությամբ հեղուկի կուտակման դեպքում , թոքերի խիստ ճնշման և շնչառական մակերևույթի սահմանափակման հետևանքով կարող է առաջանալ շնչառական անբավարարություն: Նկատվում է մաշկի, շրթունքների գունատություն, հաճախացած և մակերեսային շնչառություն:

Կրծքամզի բորբոքման ընթացքն ու տևողությունը պայմանավորված են հիմնական հիվանդության բնույթով: Որոշ դեպքերում կրծքամզային բորբոքահեղուկը պարկավորվում է, և հիվանդությունը կարող է երկար տևել: Շատ ծանր է ընթանում թարախային կրծքամզի բորբոքումը, որը բնորոշվում է ջերմաստիճանի բավականաչափ բարձրացմամբ` առավոտյան և երեկոյան ժամերի միջև մեծ տատանումներով, առատ քրտնարտադրությամբ, խիստ թուլությամբ, սաստկացող հևոցով, հազով:

Բուժում
Կրծքամզի բորբոքումը բուժում է բժիշկը: Սուր շրջանում անհրաժեշտ է անկողնային ռեժիմ: Հևոցի ժամանակ հիվանդը պետք է լինի կիսանստած: Անհրաժեջտ է բարձրկալորիական վիտամիններով հարուստ սնունդ: Կրծքամզի խոռոչում արտաքիրտի (բորբոքահեղուկ) առկայության պայմաններում հոսպիտալացումը պարտադիր է: Թարախային բորբոքման ժամանակ հաճախ դիմում են վիրաբուժական միջամտության: Առողջացման շրջանում նշանակում են բուժական մարմնամարզություն, որը նպաստում է կպումային գործընթացի կանխմանը կամ պակասեցմանը (կրծքամզի բորբոքման հաճախակի ելքերից է): Տուբերկուլոզային ծագման դեպքում խորհուրդ է տրվում մասնագիտացված առողջարանային բուժում: Նման հիվանդները գտնվում են դիսպանսերային հսկողության տակ:

Կանխարգելում
Այս հիվանդության կանխարգելումը հիմնականում ենթադրում է օրգանիզմի պաշտպանական ուժերի ամրապնդում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին