Ի տարբերություն ստաֆիլոկոկերի, ստրեպտոկոկերը չեն ախտահարում մաշկի հավելյալ գոյացությունները։ Դրանց առաջացրած հիվանդությունները կրում են գերազանցապես մակերեսային բնույթ, նրանց առաջնային տարրը հանդիսանում է թույլ բուշտը (ֆլիկտեն), որը բնորոշվում է ծայրամասային աճի հակումով։ Տարբերում են մաշկի ստրեպտոկոկային ախտահարումների հետևյալ կլինիկական ձևերը։

Ստրեպտոկոկային իմպետիգո (impetigo streptogenes): Բնորոշվում է հիպերեմիկ ֆոնի վրա առաջացող ոչ մեծ, մակերեսային բշտերի (ֆլիկտեններ) սուր ցանավորումով, որոնք շրջապատված են վարդագույն պսակով։ Արագորեն, մի քանի ժամվա ընթացքում ֆլիկտենները բացվում են, և նրանց պարունակոլթյունը չորանում է, գոյացնելով շերտավոր կամ թմբիկավոր, մեղրադեղին գույնի կեղևներ, որոնք աստիճանաբար մեծանում են միաձուլման և ծայրամասային աճի հետևանքով։ Բարձիթող դեպքերում նրանք կարող են ծածկել մաշկի զգալի տեղամասեր։ Երկրորդային ստաֆիլոկոկային ինֆեկցիայի միացման հետևանքով կեղևները ձեռք են բերում կանաչադեղին, իսկ քորելու դեպքում՝ արյունային, մուգ կարմիր գույն (այսպես կոչված ստրեպտոստաֆիլոկոկային կամ սովորական իմպետիգո (impetigo vulgaris): Կեղևների հեռացման ժամանակ մերկանում է խոնավ, կարմրագույն էրոզիա, շրջապատված նեղ երիզով, որը շերտազատվում է վերնամաշկի եղջրաշերտից։ Սուբյեկտիվորեն՝ քոր։ Շրջանային ավշային հանգույցները ոչ հազվադեպ մեծանում են, դառնում ցավոտ։ Ւմպետիգոն գերազանցապես տեղակայվում է դեմքի մաշկի վրա, տղամարդկանց մոտ՝ հաճախ մորուքի և բեղերի աճման շրջանում, կանանց մոտ` գլխի մազածածկ մասում։ Իմպետիգոն առավել հաճախ դիտվում է երեխաների մոտ։ Պետք է նկատի ունենալ սովորական իմպետիգոյի զարգացման հնարավորությունը որպես բարդություն, հատկապես քորվող, մաշկային ախտահարումների ժամանակ, ինչպիսիք են՝ էկզեման, քորպտիկը, քոսը, ոջլոտությունը և այլն։ Երբեմն, հատկապես երեխաների մոտ, դեմքի մաշկի ախտահարման հետ մեկտեղ դիտվում է բերանի խոռոչիդ քթի լորձաթաղանթի և շաղկապենու ախտահարում։ Այստեղ նույնպես՝ առաջանում են ֆլիկտեններ, որոնք արագ բացվելով, վեր են ածվում ցավոտ էրոզիաների։

Օղականման իմպետիգոն (impetigo circinata) սկսվում է ոչ մեծ, պղտոր պարունակությամբ լցված տափակ բշտերի սուր ցանավորումով։ Արագորեն մեծանալով ծայրամասային աճի ճանապարհով, բշտերն իրենց կենտրոնական մասում չորանում են, առաջացնելով թերթիկավոր, ղեղնաշագանակագույն կեղևիկներ, որոնց շուրջը օղակի ձևով տեղադրվում է ֆլիկտենը։

Բշտային իմպետիգոն (impetigo bullosa) բնորոշվում է բշտերի ցանավորումով, որոնք աստիճանաբար մեծանում՝ են ու կարող են հասնել շագանակի կամ աղավնու ձվի մեծության։ Բշտերը լցված են պղտոր պարունակությամբ։ Եթե բուշտը բացվում է, ապա առաջանում է էրոզիա, որը նույնպես մեծանում է ծայրամասային աճի ճանապարհով, շրջապատված լինելով բշտի ծածկի մնացուկների ծվեններով: Իմպետիգոյի բշտային և օղականման ձևերն ամենից հաճախ տեղադրվում են ձեռնաթաթերի մեջքի վրա, ավելի պակաս՝ ոտնաթաթերի և սրունքների վրա։ Ոչ հազվադեպ բուշտն սկսվում է եղունգի գլանիկից և, աճելով ու տարածվելով, պայտաձև շրջապատում է եղունգաթերթիկը (մակերեսային մատնաշունչ՝ "տուրնիոլ")։

Ուտիճ կամ ճեղքային իմպետիգո (impetigo fissurica): Բերանի անկյունում (միակողմանի կամ երկկողմանի) գոյանում է ոչ մեծ էրոզիա, շրջապատված նեղ եղջերային օձիքով՝ մնացած ֆլիկտենի ծածկից։ Էրոզիայի կենտրոնում հայտնաբերվում է ոչ խորը ճեղք։ Բերանի անկյունի մաշկի վրա երբեմն նկատվում են մեղրադեղնագույն կեղևիկներ։ Հիվանդությունն ավելի հաճախ դիտվում է երեխաների մոտ, որը բացատրվում է բերանի անկյունները լիզելու նրանց սովորությամբ, ինչպես նաև պրոթեզներ կրող տարեց մարդկանց մոտ՝ բերանի անկյունների մաշկը թքով թրմվելու հետևանքով (թուքը հոսում է քնած ժամանակ, սովորաբար այն կողմում, որի վրա քնում է հիվանդը)։ Ուտիճները, բացի ստրեպտոկոկերից, կարող են առաջանալ նաև խմորասնկերից։ Ստրեպտոկոկային ուտիճը տարբերվում է նրանցից էրոզիաների ավելի հյութեղությամբ և կեղևիկների առկայությամբ։ Բերանի անկյունների սիֆիլիսային պապուլաներից ուտիճները տարբերվում են ինֆիլտրատի բացակայությամբ։

Սիֆիլիդանման հետէրոզային պապուլային իմպետիգո (impetigo papulosa posterioris siphyloides): Երեխաների նստատեղերի և ազդրերի ետին մակերեսի վրա հանդես են գալիս ֆլիկտեններ, որոնք բացվում են, իրենցից հետո թողնելով էրոզիաներ։ Էրոզիաների հիմքում շուտով զարգանում է պապուլային ինֆիլտրատ, որի առաջացրած տարրերը հիշեցնում են պապուլաէրոզիային սիֆիլիդը։ Տարբերական ախտորոշման ժամանակ անհրաժեշտ է կատարել էրոզիաների արտադրուկի լաբորատոր հետազոտություն դժգույն տրեպոնեմների նկատմամբ։

Իմպետիգոն շատ հպավարակիչ է, որով և բացատրվում են երբեմն նկատվող բռնկումները կամ մաշկային ախտահարման մասսայական տարածումը մանկական հիմնարկներում։ Երեխաների մոտ իմպետիգոյի առաջացման նախատրամադրող պատճառն ամենից հաճախ դեմքի մաշկի թացանալն է թքով, քթի լորձով և նրա թրմումը, չափահասների մոտ՝ մանր վնասվածքները, սափրվելու ժամանակ դեմքի վրա առաջացած կտրվածքները, ձեռնաթաթերի վրա աշխատանքի ժամանակ առաջացած կտրվածքներն ու ծակումները, մանր այրվածքները։ Հաճախ իմպետիգոն առաջանում է քերծվածքների ու արյունածծիչ միջատների խայթվածքների ֆոնի վրա (օրինակ, գլխի մազածածկ մասի իմպետիգոն գլխի ոջլոտության դեպքում)։ Մակերեսային մատնաշունչի առաջացման պատճառը հաճախ հանդիսանում են ծլեպները։

Հյուսվածաախտաբանորեն իմպետիգոյի բոլոր ձևերի ժամանակ դիտվում է խոռոչի առաջացում վերնամաշկի եղջերային շերտի տակ։ Խոռոչը լցված է շճային էքսուդատով և շատ թե քիչ քանակությամբ նեյտրոֆիլներով, որոնց մեջ հանդիպում են առանձին պոկված էպիթելային բջիջներ։ Փշաձև բջիջների վերին շարքերում նշված է աննշան միջբջջային այտուց։ Ինչպես փշաձև, այնպես էլ հիմային շերտի բջիջների ստորին շերտերը ոչ մի փոփոխության չեն ենթարկվում։ Դերմայում նշվում է անոթների լայնացում և աննշան շուրջանոթային ինֆիլտրացիա, գերազանցապես նեյտրոֆիլներով ու լիմֆոցիտներով։
Դեմքի հասարակ որքինը (pityriasis simplex) իմպետիգոյի յուրահատուկ ձևն է, որը դիտվում է գերազանցապես երեխաների մոտ, չափահասների շրջանում՝ գլխավորապես այն անձանց մոտ, որոնք աշխատում են բացօթյա։ Դեմքի մաշկի վրա գոյանում են տարբեր մեծության բաց վարդագույն բծեր, ծածկված մանր թեփուկներով, որի պատճառով նրանք սպիտակ են երևում, դա առանձնապես խիստ է արտահայտվում պիգմենտավորված մաշկ ունեցող անձանց մոտ (մյուս անվանումն է՝ pityriasis alba): Հիվանդությունը կարող է ծագել և առաջնայնորեն, և երկրորդայնորեն, նախկինում տարած սովորական իմպետիգոյից անմիջապես հետո։ Ամռանը արևի ճառագայթների ազդեցության տակ մաշկային ախտահարումը կարող է անցնել, սակայն դեմքի մաշկը ախտահարված տեղամասերում թխանալով ավելի թույլ, քան առողջ մասում, ձեռք է բերում խայտաբղետ գունավորում։

Բուժումը հիմնականում արտաքին է, օգտագործվում են ախտահանիչ միջոցներ։ Կեղևների առկայության դեպքում՝ քսուքային վիրակապեր (2 %-անոց սպիտակ սնդիկային, 5 %-անոց բորա-նաֆթալանային՝ ավելացրած 0,5 %-անոց էտակրիդին, 5 %-անոց ստրեպտոցիդային, 1 %-անոց էրիթրոմիցինային քսուք, լոկակորտեն նեոմիցինով, օքսիկորտ)։ Էրոզիաների ու թացության դեպքում՝ ախտահանիչ դեղանյութերի լուծույթներ (արծաթի նիտրատի 0,25 %-անոց լուծույթ, ռեզորցինի 2 %-անոց լուծույթ, Ալիբուրի հեղուկ, էտակրիդինի 1:1000 լուծույթ), որոնք օգտագործվում են խոնավ– չորացնող վիրակապերի ձևով, կամ էմուլսիաներ (5 %-անոց ստրեպտոցիդային)։ Բշտերը պետք է պատռել և մկրատով կտրել նրանց ծածկը։ Մաշկի ախտահարված օջախների շուրջը անհրաժեշտ է մանրազնին շփել 2 %-անոց սալիցիլային սպիրտով (չափահասներին 70°, երեխաներին՝ 40°)։ Pityriasis simplex faciei-ի դեպքում ամենից լավ է 2-5 %-անոց սպիտակ սնդիկի քսուք, ավելացրած ռեզորցին (1%) կամ սալիցիլաթթու (1-2 %):

Եթե իմպետիգոն հանդես է գալիս որպես մաշկային մեկ այլ հիվանդության բարդությունը, միաժամանակ պետք է կատարել հիմնական հիվանդության բուժում։ Ձեռքով ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով հիվանդի մատների ծայրերը և եղունգների ազատ եզրերը պետք է մշակել յոդի 2 %-անոց սպիրտային լուծույթով։ Ւմպետիգոյով տառապող երեխաներր պետք է շրջապատից մեկուսացվեն։ Այդ հիվանդություններով տառապող անձանց ժամանակավորապես արգելում են մանկական հիմնարկներում աշխատել։

Ստրեպտոկոկային շփաբորբ (intertigo streptogenes)- Զարգանում է մաշկային ծալքերի շփվող մակերեսների վրա՝ ազդրա֊փոշտային, միջհետույքային, անութափոսային, կանանց մոտ կաթնագեղձերի տակ` ականջների խեցիների ետևը, գեր մարդկանց մոտ որովայնի ծալքերի` երբեմն ձեռնաթաթերի ու ոտնաթաթերի միջմատային շրջաններում: Բնորոշվում է մաշկային ծալքերում տարածուն էրոզիաներից թացացող վառ վարդագույն մակերեսի առաջացումով(խիստ սահմանագծված շրջապատող առողջ մաշկից) և նեղ էպիդերմալ օձիքով։ Ախտահարված տեղամասի ուրվագծերը սովորաբար խոշոր-ծոպավոր են։ Ծալքերի խորքում շատ անգամ լինում են արյունահոսող, ցավոտ ճաքեր։ Սուբյեկտիվորեն՝ այրոց, քոր և ցավ։ Ընթացքը երկարատև է։ Նախատրամադրող պատճառներն են՝ գերքրտնոտությունր, մաշկի ճարպոտությունը (այն ոչ բավարար չափով մաքուր պահելու դեպքում), ինչպես նաև գիրությունը։ Երբեմն ստրեպտոկոկային շփաբորբը զարգանում է դիաբետի ֆոնի վրա։
Ախտորոշումը։ Մաշկի նույնանման ախտահարում կարող են առաջացնել խմորասնկերը։
Բուժումը։ Թացության դեպքում՝ թրջոցներ ախտահանիչ լուծույթներով։ Լավ արդյունք են տալիս գենցիանվիոլետի քսուքներով և մածուկներով բուժումը։ Համառ ընթացող դեպքերում նշանակում են ծծմբաձյութային քսուքներ, երբեմն՝ ռենտգենոթերապիա։ Բուժումն ավարտելուց հետո, կրկնումները կանխելու նպատակով անհրաժեշտ է ամեն օր ախտահարված տեղամասերը շփել 2 %-անոց սալիցիլային սպիրտով ու ցանել տալկի վրա պատրաստած 5 %-անոց բորային փոշի։


Էկթիմա (ecthyma vulgare): Հիվանդությունն սկսվում է բորբոքային ինֆիլտրատի ֆոնի վրա բշտերի կամ խոշոր սիսեռի ու ավելի մեծ չափերի խոր, էպիդերմալ պուստուլայի երևան գալով։ Ստրեպտոկոկի խորը թափանցմանը նպաստում են մանր վնասվածքներն ու ճանկռվածքները։ 2-3-րդ օրը պուստուլան չորանում է, գոյացնելով թարախաարյունային կեղև, որի հեռացումից հետո հայտնաբերվում է խոց՝ կլոր կամ օվալաձև, կախված եզրերով, հյութալի, կեղտոտ, գորշ գույնի փառով և հեշտությամբ արյունահոսող հատակով։ 2-3 շաբաթ պահպանվելով, խոցն աստիճանաբար լավանում է, իր տեղում թողնելով պիգմենտային գոտիով շրջապատված մակերեսային սպի։
Որպես կանոն, էկթիմաները գոյանում են զգալի թվով և տեղակայվում են ամենից հաճախ սրունքների, ազդրերի, հետույքի, գոտկատեղի, շատ հազվադեպ՝ վերին վերջույթների մաշկի վրա (արմնկային հոդի շրջան)։ Էկթիմաներն ամենից հաճախ զարգանում են մաշկի քերվելու հետևանքով որպես բարդություն պարազիտային հիվանդությունների (քոս, ոջլոտություն), ինչպես նաև արյունածծիչ միջատների խայթոցներից։ Մաշկի անբավարար հիգիենան, բարձրացած քրտնոտությունը, ոտքի վրա երկարատև գտնվելը (արշավներ), կանգային երևույթները, սնուցման ընդհանուր անկումը նպաստում են նրանց զարգացմանը։ Էկթիմաներով հիվանդների քանակը, որն աննշան է խաղաղ պայմաններում, ավելանում է պատերազմի ժամանակ, ինչպես բանակում, այնպես էլ քաղաքացիական բնակչության շրջանում։
Հյուսվածաախտաբանությունը: Վերնամաշկի և բուն մաշկի կենտրոնական նեկրոզ շրջապատված նեյտրոֆիլներից ու լիմֆոցիտներից կազմված ինֆիլտրատի խիտ գոտիով։ Ինֆիլտրատի շուրջը զզալի այտուց և անոթների լայնացում։
Ախտորոշումը։ Տարբերական ախտորոշման տեսակետից պետք է նկատի ունենալ սիֆիլիսային էկթիման և մաշկի լեյշմանիոզը։
Բուժումը։ Խորհուրդ են տրվում ախտահանիչ քսուքներ (2 - 5 %-անոց սպիտակ սնդիկային, 5 %-անոց ստրեպտոցիդային և այլն)։ Շրջապատսղ առողջ մաշկը շփվում է 2 %-անոց սալիցիլային սպիրտով։ Լավացման թույլ հակում ունենալու դեպքում խորհուրդ է տրվում նշանակել Միկուլիչի քսուքր (Argenti nitratis 0,3; Balsami peruviani 3,0; Vaselini 30,0 կամ Protargoli 0,3; Balsami Schostakowski 3,0; Vaselini 30,0)
Ընդհանուր բուժումը, ընդհանուր կազդուրիչ միջոցներ։ Հիվանդության դանդաղ րնթացքի դեպքում` աուտոհեմո թերապիա։

Խրոնիկական դիֆուզ ստրեատոդերմիա - streptodermia diffusa Chronica (Մ. Գ. Մգեբրով), պիոկոկային էպիդերմոդերմիա՝ ըստ Կրիչևսկու, էքսոֆոլիատիվ ստրեպտոդերմիա՝ ըստ Յասնիցկու։ Խրոնիկական ստրեպտոկոկային, հնարավոր է՝ ստրեպտոստաֆիլոկոկային հիվանդություն է, բնորոշվում է մաշկային ծածկույթի զգալի հատվածի համընդհանուր ախտահարումով, ամենից հաճախ սրունքների շրջանում։ Ախտահարված տեղամասն ունի խոշոր-ծոպավոր գծագրություն և առողջ մաշկից խիստ սահմանագծված է շերտազատվող երիզով։ Մաշկն այստեղ խիստ հիպերեմիկ է, երբեմն կանգային, կապույտ երանգով, թեթև ինֆիլտրացված է և ծածկված է մեծ քանակությամբ թերթիկավոր կեղևներով՝ շագանակագույն-դեղին կամ կանաչավուն գույնի։ Կեղևների հեռացումից հետո բացվում է հոծ, խոնավ մակերես, որից անջատվում է շճային կամ շճաթարախային խիտ էքսուդատ։ Մաշկի ախտահարումը հակում ունի դանդաղ ծայրամասային աճի։ Երբեմն հիմնական օջախի շուրջը կարելի է հայտնաբերել թարմ ֆլիկտեններ, ինչպես նաև օստիո–ֆոլիկուլիտների առաջացում։ Բորբոքային պրոցեսի մեղմացմանը համեմատ թացությունը և կեղևների գոյացումն ընդհատվում է, և ախտահարված մաշկի մակերեսը ծածկվում է խոշոր, թերթիկավոր թեփերով։ Հիվանդությունն ընթանում է խրոնիկ ձևով և առողջացումից հետո շատ անգամ կրկնվում է։ Երկար պահպանվող օջախներում կարելի է նկատել աստիճանական անցում էկզեմատիզացիայի, որն արտահայտվում է էրիթեմատոզ ֆոնի վրա մանր-կետային էրոզիաների առաջացումով (միկրոէրոզիաներ), որոնցից անջատվում են շճային հեղուկի շատ մանր կաթիլներ։ Բորբոքային պրոցեսի ինքնատիպությունը խրոնիկական դիֆուզ ստրեպտոդեմիայի ժամանակ բացատրվում է արյան շրջանառության երկարատև տեղային խանգարումով, հյուսվածքների հիպոքսիայի զարգացումով և մաշկում փոխանակության պրոցեսների փոփոխումով, որոնք առավել հաճախ առաջանում են երակների հանգուցավոր լայնացման ժամանակ, ինչպես նաև ծայրանդամների երկարատև սառեցման, երկար ժամանակ ոտքի վրա մնալու հետևանքով։ Խրոնիկական դիֆուզ ստրեպտոդերմիան շատ անգամ զարգանում է երկարատև չլավացող վերքերի ("պարատ րավմատիկ ստրեպտոդերմիա") կամ խոցերի շուրջը։

Հյուսվածաախտաբանությունը։ Վերնամաշկը մեծ տարածության վրա զրկված է եղջերային ու հատիկային շերտից։ Այն տեղամասերում, որտեղ եղջերային շերտը պահպանված է՝ պարակերատոզի երևույթներ։ Փշաձև շերտում՝ միջբջջային ակոսների լայնացում (սպոնգիոզ) և հաճախ ականտոզի արտահայտված երևույթներ։ Դերմայում՝ անոթների զգալի լայնացում և բորբոքային ինֆիլտրատ, գերազանցապես լիմֆոցիտներից:

Բուժումը։ Թացության դեպքում խորհուրդ է տրվում խոնավ֊ չորացնող վիրակապեր՝ ախտահանիչ ու տտպեցնող լուծույթներով (արծաթի նիտրատի 1 /4 %-անոց լուծույթ, ռեզորցինի 1 %-անոց լուծույթ, կրկնակի անդամ նոսրացված Ալիբուրի հեղուկ)։ Կեղևների առատությա դեպքում ցուցված են վիրակապեր 5 %-անոց բորանաֆթալանային կամ 2 % -անոց գենցիանվիոլետի քսուքներով։ Թառամած ընթացքի դեպքում աստիճանական անցում ձյութի պրեպարատների օգտագործմանը` ձյութանաֆթալանային (ձյութ և նաֆթալան հավասար չափերով) կամ վիլկինսոնային (մաքուր վիճակում կամ կիսով չափ ցինկի մածուկի հետ) քսուքներ, 10%-անոց ACD-ի. (3-րդ թորվածք) մածուկ։ Հիվանդության բացառիկ համառ ընթացքի դեպքում, հատկապես էկզեմատիզացիայի հակվածության ժամանակ, ցուցված է ռենտգենոթերապիա։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին