Այս անվանման տակ մենք միավորում ենք պիոգեն բնույթի մաշկային ախտահարումների մի շարք խրոնիկական ձևեր, որոնց պատճառագիտությունը (հնարավոր է, բազմամիկրոբային), հավասարապես և ախտ ածնությունը դեռևս ստույգ բացահայտված չեն։ Ըստ երևույթին, նրանց զարգացման մեջ հիմնական դերը պատկանում է մակրոօրգանիզմին, որի ռեակտիվությունը մանր է հարուցիչների նկատմամբ տարբեր պատճառների ազդեցությամբ փոխվել է։

Խրոնիկական, աճական (խոցային-աճական) պիոդերմիա։ Զարգացած վիճակում հանդես է գալիս սահմանափակ, ինֆիլտրացված բորբոքային կուտակների ձևով՝ կապտակարմիր գույնի պտկիկավոր մակերեսով, տեղ֊տեղ ծածկված թարախային կեղևներով։ Վերջիններիս ճնշման ժամանակ միջպտկիկային ճեղքերից, խորը ճեղքվածքներից ու ոչ մեծ խուղակային բացվածքներից արտադրվում են թանձր, կանաչ գույնի թարախի կաթիլներ։ Կուտակներն ունեն տարբեր չափեր և մեծանում են դանդաղ՝ ծայրամասային աճման ճանապարհով։ Հիմնական օջախի շուրջը շատ անգամ դիտվում են խորը պուստուլաներ։ Գնդիկավոր զոնդի օգնությամբ հետազոտելիս ինֆիլտրատի խորքում հայտնաբերվում են թարախային խոռոչներ։ Հիվանդությունն ընթանում է ծայրահեղ դանդաղ և կարող է ձգձգվել ամիսներ և նույնիսկ տարիներ. ավարտվում է յուրահատուկ սպիի գոյացումով՝ առողջ մնացած բնականոն մաշկի ոչ մեծ կղզյակների հետ։ Ախտահարումն հաճախ տեղակայվում է դաստակի մեջքային մակերեսին, կոճերի շուրջը, ոտնաթաթերի թիկունքին։ Դաստակի, ոտնաթաթերի թիկունքին տեղակայվելու դեպքում հնարավոր է ախտաբանական պրոցեսի տարածում դեպի ստորադաս հյուսվածքները և հոդերի թարախային բորբոքման զարգացում։
Բուժումը։ Առատ թարախային արտադրության ժամանակ ցուցված են տաքացնող կոմպրեսներ էթակրիդինի 1։1000 լուծույթով, ռեզորցինի 2 %-անոց լուծույթով և այլն։ Հանգիստ շրջանում՝ վիրակապ 2 %-անոց գենցիանվիոլետային օծանելիքով։ Բուժումը հակաբիոտիկներով սովորաբար նվազ արդյունավետ է։ Այն հարկավոր է զուգակցել ոչ սպեցիֆիկ խթանիչ թերապիայի հետ (աուտոհեմոթերապիա, հեմոտրանսֆուզիա)։ Երբեմն լավ արդյունք է տալիս ախտահարման օջախի ծակծկումը հակաբիոտիկների լուծույթներով: Կոնսերվատիվ բուժման անհաջողության դեպքում հանձնարարվում է քերում սուր գդալով։

Խրոնիկական խոցային պիոդերմիա։ Գրեթե բացառապես տեղակայվում է սրունքների մաշկի վրա և բնորոշվում է մեկ, հազվադեպ՝ մի քանի խոցերի գոյացումով, որոնք, որպես կանոն, առաջանում են սուր, բայց հետո ընդունում են երկարատև, թառամ ընթացք: Խոցային ախտահարման ելակետ կարող է հանդիսանալ սովորական էկթիման, ֆուրունկուլը կամ սուր, ինքնատիպ բորբոքային ինֆիլտրատը, որն արագորեն, մի քանի օրում, մեռուկանում է։ Խոցի հատակը սկզբում ծածկվում է մեռուկացված զանգվածներով, հետագայում՝ թառամ գրանուլյացիաներով։ Եզրերը ոչ խիստ բարձրացած են առողջ մաշկի մակարդակից վեր, չունեն կապտակարմիր գույն։ Հիմքի ու խոցերի եզրերի շոշափումը ցավոտ է:
Ախտորոշումը։ Ախտորոշելու ժամանակ պետք է նկատի ունենալ հանգուցային խոցերը (երակների լայնացման առկայություն), ինչպես նաև տրոֆիկ խոցերը։
Բուժումը։ Սկզբնական շրջանում խորհուրդ է տրվում խոցերի լվացում ջրածնի պերօքսիդով կամ կալիում պերմանգանատի տաք լուծույթով, որից հետո սուլֆանիլամիդ֊֊ ների փոշեցանում։

Հետագայում գրանուլյացիաների գոյացումը խթանելու նպատակով՝ վիրակապեր Պիկուլիչի քսուքով։ Խոցերի երկարատև պահպանման դեպքում՝ ցինկ-ժելատինային կամ գիպսի վիրակապ, որը փոխվում է 4-5 օր անց։ Միաժամանակ՝ ընդհանուր ամրապնդող բուժում, վիտամինոթերապիա (ասկորբինաթթու, ռուտին, վիտամին B1):
Խրոնիկական թարախակույտային պիոդերմիա։ Մաշկի մեջ գոյանում են հանգույցներ,որոնց մակերեսն ունի մուգ, կարմրամանուշակագույն գունավորում։ Հանգույցները դանդաղորեն փափկում են, առաջացնելով պարկանման խոռոչ, և բացվում են մեկ կամ մի քանի անցքերով, որոնցից արտադրվում է հեղուկ թարախ կամ շճաթարախային հեղուկ։ Այս վիճակում ախտահարումը կարող է գոյատևել շաբաթներ ու նույնիսկ ամիսներ։ Ամենահաճախակի տեղակայումն է՝ պարանոցի ետին մակերեսը, դեմքը, հետույքը։ Խրոնիկական թարախակույտերը ծագում են մերթ միայնակ, մերթ բազմաթիվ, շատ անգամ գոյացնելով ամբողջ կուտակումներ։ Վերջին դեպքում առանձին թարախակույտերի խոռոչներ կարող են միաձուլվել միմյանց հետ։ Լավանալուց հետո մնում է անհարթ սպի՝ կապերով ու կամրջիկներով, հիշեցնելով կոլիկվատիվ տուբերկուլոզից հետո մնացած սպի:
Բուժումը։ Հանգույցների կտրում կամ լայն բացում, որից հետո թառամած գրանուլացիայի քերում սուր գդալի օգնությամբ։ Միաժամանակ ոչ սպեցիֆիկ խթանիչ և,ընդհանուր ամրապնդող թերապիա։

Պիոկոկային գրանուլոմա (granuloma piogenicum) կամ բոտրիոմիկոմա (botryomycoma): Պիոկոկային գրանուլոման առաջանում է, որպես կանոն, ոչ մեծ տրավմայի տեղում և իրենից ներկայացնում է հիմքում նեղացած, կարծես ոտիկի վրա նստած (սնկի նման) ուռուցքանման գոյացություն ոսպից մինչ բալի մեծության, կապտակարմիր գույնի։ Գրանուլոման հեշտությամբ արյունահոսում է, իսկ երբեմն էլ մասնակի մեռուկանում ու խոցոտվում, անջատելով շճաթարախային հեղուկ։ Տեղակայվում է ամենից հաճախ դաստակների ու ոտնաթաթերի (մատներ) մաշկի, շրթունքների կարմիր երիզի, քթի, ականջախեցիների մաշկի վրա։ Առանց բուժման թողնելիս կարող է գոյատևել երկար, ցուցաբերելով ոչ մի հակում դեպի ինքնուրույն ետզարգացումը։
Բուժումը։ Գրանուլոմայի հեռացում էէեկտրոլիզի օգնությամբ կամ վիրահատմամբ։

Շանկրանման պիոդերմիա: Մաշկի շատ հազվադեպ նկատվող ախտահարում է։ Գերազանցապես տեղակայվում է սեռական օրգանների, շրթունքների կարմիր երիզի, կոպերի վրա։ Կլինիկորեն արտահայտվում է խիստ սահմանափակ, մակերեսային, ափսեանման, խոցի առաջացումով՝ կլոր կամ ձվաձև, 10-15 կոպեկանոց դրամի մեծությամբ։ Խոցի հատակը մսակարմիր գույնի, երբեմն ծածկված գանգրենոզ փառով, շատ անգամ զգալի թարախային արտադրությամբ։ Խոցի հատակում շոշափվում է շատ թե քիչ արտահայտված ամրություն։ Խոցր շոշափելիս քիչ ցավոտ է։ Շրջանային ավշային հանգույցները մեծացած են, քիչ ցավոտ։ Կլինիկական պատկերն այնքան է հիշեցնում կարծր շանկրը, որ ախտորոշման համար անհրաժեշտ է լինում դիմել խոցի արտադրության կրկնակի հետազոտության՝ դժգույն տրեպոնեմների նկատմամբ և արյան շիճուկաբանական հետազոտության՝ Վասերմանի ռեակցիայի։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին