Պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ) իրենից ներկայացնում է մաշկային հիվանդությունների խումբ, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի հանդեպ:
Առողջ մարդկանց մաշկի մակերևույթին գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում նրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ:

Պատճառներ
Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմանը նպաստում են հետևյալ գործոնները.
- ժամանակին չմշակված քերծվածքները,
- կտրած վերքերը,
- սրսկած տեղերը,
- միջատների խայթոցները,
- մաշկի մշտական կեղտոտումը,
- օրգանիզմի գերսառեցումը և գերտաքացումը,
- քրտնոտությունը,
- գերհոգնածությունը,
- А և C վիտամինների անբավարարությունը,
- նյութափոխանակության խանգարումները,
- հյուծող քրոնիական հիվանդությունները,
- անձնական հիգիենայի կանոնների խախտումը և այլն:

Քրոնիկական կրկնվող ընթացքն ավելի հաճախ օրգանիզմի պաշտպանական ուժերի թուլացման հետևանք է, որը պայմանավորված է նյութափոխանակության, ներզատիչ գեղձերի ֆունկցիայի խանգարումներով, ինչպես նաև` ալկոհոլի չարաշահմամբ:

Պաթոգենեզ
Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առկայության ժամանակ մաշկի վրա առաջանում են կա՛մ մանր թարախային հանգուցիկներ (որոնցից դուրս են գալիս մազերը), կա՛մ խոշոր, ցավոտ, կոնաձև հանգույցներ` հյուսվածքի թարախային քայքայմամբ: Կարող են ի հայտ գալ նաև թարախային պարունակությամբ բշտեր, որոնք չորանում են և կեղևակալում: Վերջին տեսակով հաճախ հիվանդանում են երեխաները:
Մաշկի ախտահարումը կարող է լինել սահմանափակ` առանց հիվանդի ընդհանուր վիճակի խանգարման, և տարածուն, որն ուղեկցվում է ոչ միայն ջերմաստիճանի բարձրացմամբ, այլ նաև մոտակա ավշահանգույցների մեծացմամբ և արյան բաղադրության փոփոխություններով: Ծանր դեպքերում կարող է առաջանալ օրգանիզմի ընդհանուր վարակում: Երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները երբեմն կարող են ծանր բարդությունների` երիկամների հիվանդությունների, թոքաբորբի, ինչպես նաև ուղեղապատյանաբորբի առաջացման պատճառ դառնալ: Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները կարող են տևել մի քանի օրից մինչ մի քանի շաբաթ, երբեմն նաև կարող են տևել ամիսներ ու տարիներ` մեղմանալով ու սաստկանալով (քրոնիկական ընթացք):

Բուժում
Եթե մաշկի վնասված հատվածում առաջանում են կարմրություն, այտուց և ցավեր, անհրաժեշտ է դիմել մաշկաբանի կամ մանկաբույժի: Մաշկի թարախաբշտիկային հիվանդություններով տառապող հիվանդները (հատկապես` երեխաները) պետք է եղունգները կարճ կտրեն և ամեն օր քսեն յոդի, ադամանդականաչի կամ մեթիլեն կապույտի ստիրտային լուծույթներ: Հիվանդի օգտագործած անկողինը լվանալիս հարկավոր է այն սոդայով եռացնել, բնակարանը լավ օդափոխել և կատարել սոդայով մաքրում:

Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների քրոնիկական ընթացքի ժամանակ անհրաժեշտ է սահմանափակել քաղցրեղենը, աղը, կծու կերակրատեսակները և անհրաժեշտ է բացառել պահածոները` սննդակարգում ընդգրկելով հում բանջարեղեն և վիտամիններով հարուստ այլ մթերքներ:
Ձմռանը և ամռանը քրոնիկական կրկնվող բորբոքումների դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել գարեջրի խմորիչներ, որոնք В խմբի վիտամինների համալիր են պարունակում:
Սակայն սննդակարգն ու բուժումը յուրաքանչյուր դեպքում նշանակում է բժիշկը:

Կանխարգելում
Հիվանդության կանխարգելման համար կարևոր է անձնական հիգիենայի կանոնների պահպանումը, մաշկի խնամքը, ինչպես նաև քրտնոտության վերացումը: Անհրաժեշտ է մածկը հնարավորինս պահպանել վնասվածքներից և հարկ եղած դեպքում կրել ձեռնոցներ: Նույնիսկ չնչին վնասվածները հարկավոր է վարակազերծել:
Շատ կարևոր է, որ մաշկի թարախաբշտիկային հիվանդություններով տառապողները քիչ շփվեն առողջ երեխաների հետ (հատկապես կրծքի): Հարկավոր է երեխաների մաշկը ճիշտ խնամել, մաքուր պահել, պաշտպանել այն գերտաքացումից և գերսառեցումից, ինչպես նաև քրտնխաշից: Հիվանդ երեխային հարկավոր է մեկուսացնել առողջներից, առանձնացնել սրբիչն ու սպիտակեղենը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին