Նախածերունական թուլամտության տեսակ է: Հարաճուն թուլամտություն է, որը սկսվում է հիմնականում 50-60 տարեկանում, չնայած, նկարագրված են ավելի վաղ (մինչև 40 տարեկանը) սկսվող դեպքեր։ Կանայք 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիկ։ Այն նկարագրել է Պիկը 1892 թ.։ Ժառանգվում է, հավանաբար, աուտոսոմդոմինանտ ձևով։ Հիվանդության մորֆոլոգիական հիմք է հանդիսանում գլխուղեղի ճակատային և քունքային բլթերի ատրոֆիան։ Տեղի է ունենում նեյրոնների զանգվածային կորուստ, աստրոցիտների պրոլիֆերացիա, ֆիբրոզային գլիոզ։

Ալցհեյմերյան թուլամտությունից տարբերելու համար յուրահատուկ կլինիկական ախտանիշներ չկան, սակայն կան որոշ առանձնահատկություններ, որոնք թույլ են տալիս մտածել Պիկի հիվանդության մասին։ Չնայած անհրաժեշտ մեթոդների գոյությանը (կոմպյուտերային տոմոգրաֆիա, միջուկային մագնիսային ռեզոնանս), որոնք տեսանելի են դարձնում ուղեղային փոփոխությունները կենդանության օրոք, ախտորոշումը վերջնականապես հաստատվում է հետմահու։

Թուլամտությունը սկսվում է դանդաղ, աննկատ. աստիճանաբար փոխվում են բնավորությունն ու վարքը, այնուհետև ի հայտ են գալիս հիշողության և ինտելեկտի խանգարումներ։ Հենց բնավորության և սոցիալական վարքի փոփոխություններն են համարվում առանձնահատուկ և բնորոշ Պիկի հիվանդությանը։ Հիվանդները կորցնում են քննադատական վերաբերմունքը, խաթարվում է բանականությունը, դառնում են ապարգելակված, անզուսպ, արհամարում են սոցիալական նորմերը, պահանջները։ Թուլամտությունն ուղեկցվում է անտարբերությամբ (ապաթիա), Էյֆորիայով, հաճախ են հանդիպում նյարդաբանական խանգարումներ, մասնավորապես, էքստրապիրամիդալ երևույթներ, խոսքի խանգարումները դրսևորվում են ստերեոտիպիաներով։

Հիվանդությունը հարաճուն է, տևում է 2-10 տարի, բերում է համընդհանուր թուլամտության, հոգեկան և ֆիզիկական մարազմի և ավարտվում մահով։ Ավելի վաղ տարիքում սկսված դեպքերն ունեն ավելի չարորակ ընթացք։

 


Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին