Նկարագրություն

Փղախտը մարմնի որևէ մասի (ստորին վերջույթներ, արտաքին սեռական օրգաններ, հազվադեպ` դեմք, վերին վերջույթներ) չափերի կայուն մեծացումը:

Պատճառներ

Դա տեղի է ունենում մաշկի և ենթամաշկային բջջանքի հիվանդագին գերաճի հաշվին, որը ավշի մշտական կանգի և այտուցների առաջացման հետևանք է: Ավշի հետհոսքը խոչընդոտող ավշային ուղիների անցանելիության խանգարումները պայմանավորված են հաճախակի կրկնվող կամ քրոնիկական բորբոքումներով (սովորութային կարմիր քամի, քրոնիկական երակաբորբ, սրունքի խոցերի ժամանակ ավշային անոթներով վարակի հարուցիչնեչի տարածում): Արևադարձային երկրներում փղախտի հաճախակի պատճառներից է ավշային անոթների խցանումը մակաբույծ որդերով (ֆիլարիաներ), որոնց փոխանցողները մլակներն են:

Պաթոգենեզ

Փղախտի ժամանակ առավել հաճախ ախտահարվում են ստորին վերջույթները: Հիվանդության սկզբում ոտնաթաթի թիկնային հատվածը թեթևակի այտուցվում է, որը կարող է պակասել և նույնիսկ անհետանալ` ոտքին բարձր դիրք տալուց հետո: Փղախտը սաստկանալիս այտուցը պահպանվում է մշտապես, տարածվում է ամբողջ ծայրանդամի վրա, որի մաշկածածկույթներն ընդարձակվելով` առաջացնում են խոշոր հաստ ծալքեր: Վերջիններիս միջև գոյանում են խոր ակոսներ, և ամբողջ վերջույթը հիշեցնում է փղի ոտք: Հաճախ մաշկի վրա առաջանում են թափանցիկ հեղուկով լցված բազմաթիվ մանր բշտեր:

Բուժում

Փղախտը բուժում է բժիշկը: Ծանր դեպքերում բուժումը վիրահատական է:

Կանխարգելում

Այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անձնական հիգիենայի կանոնները, ինչպես նաև ժամանակին բուժել նշված հիվանդությունները: