Սուր պերիկարդիտը մեծ մասամբ հանդես է գալիս որպես հիմնական հիվանդության բաղադրիչ մաս կամ համախտանիշ: Սուր պերիկարդիտի ձևաբանական հիմքը սրտապարկի թերթիկների բորբոքումն է: Գոյություն ունի բորբոքային ներսփռանքի զարգացման բազմաթիվ պատճառներ, որոնցից առավել հաճախակին սուր վիրուսային ինֆեկցիան է և սրտամկանի սուր ինֆարկտը: Այն դեպքում, երբ չի հաջողվում պատճառը պարզել, սուր պերիկարդիտը դիտում են որպես իդիոպաթիկ//ինքնածին հիվանդություն:

Պերիկարդիտի զարգացման առավել հաճախակի պատճառները.
- Իդիոպաթիկ
- Սուր և քրոնիկական ինֆեկցիաներ (գերազանցապես վիրուսային)
- Չարորակ ուռուցքների մետաստազներ
- Սրտամկանի սուր ինֆարկտ
- Չարորակ ուռուցքների ճառագայթային թերապիա (երբեմն պերիկարդիտի զարգացումից 20 տարի առաջ)
- Քրոնիկական երիկամային անբավարարություն
- Շարակցական հյուսվածքի հիվանդություններ (համակարգային կարմիր գայլախտ, ռևմատոիդ արթրիտ)
- Սուր ռևմատիկ հարձակում
- Ռեակցիա դեղամիջոցների նկատմամբ (օրինակ՝ պրոկաինամիդի, հիդրալազինի)
- Աուտոիմունային ռեակցիա սրտի տարած վիրահատության նկատմամբ կամ սրտամկանի սուր ինֆարկտից հետո (մի քանի շաբաթից կամ ամսից)

Հիվանդների առավել բնորոշ գանգատը կրծոսկրի կենտրոնում ինտենսիվ սուր ցավն է, որը հաճախ ճառագայթում է դեպի պարանոց, թիակներ և հիշեցնում է սրտամկանի սուր ինֆարկտի ցավ: Ցավը սաստկանում է շարժվելիս և զգալի մեղմանում է իրանն առաջ թեքելիս՝ ձեռքերին հենվելիս: Երևան է գալիս Գերկեի դրական ախտանշան. գլուխն արագ հետ գցելիս սրտի շրջանում ցավն ուժեղանում է: Կրծքի ցավը զուգակցվում է մարմնի ջերմության բարձրացմամբ. հիվանդներին անհանգստացնում է սրտխփոցը: Այցելուների մոտ շոշափվում է հաճախացած կամ անկանոն երակազարկ: Խոր արտաշնչելիս երակազարկը կարող է անհետանալ. Ռիգելի (Rigel) ախտանշան: Ախտահատուկ ախտանշան է մինչսրտային շրջանում սրտապարկի քսման կոշտ//կոպիտ աղմուկը, որի ինտենսիվությունը կարող է փոխվել: Աղմուկն առավել բարձր է նստած դիրքում՝ իրանն առաջ թեքած հիվանդին լսելիս: ԷՍԳ-ի վրա նկատվում է ST հատվածի բարձրացում բոլոր արտածումներում (բացառությամբ aVR-ի և V1-ի)՝ վերին հորիզոնական հատվածի բնորոշ կորությամբ//գոգավորությամբ: Մեծ մասամբ նկատվում է PR հատվածի ընկճում: Մի քանի օրից ( ի տարբերություն սրտամկանի սուր ինֆարկտի) ST հատվածը վերադառնում է դեպի իզոգիծ և ձևավորվում են բացասական T ատամիկներ, որը պայմանավորված է մակերեսային միոկարդիտի միացմամբ: ԷՍԳ-ի վրա կարող են գրանցվել նախասրտերի էքստրասիստոլաներ և առկայծող առիթմիա:

Ռենտգենագրի վրա սրտապարկում արտաքիրտի զգալի (250 մլ-ից ավելի) կուտակման դեպքում երևում է շշի կոնֆիգուրացիա ունեցող սրտի ուրվագծի չափսերի մեծացում:
Էխոսրտագրությունը ծառայում է որպես ընտրության մեթոդ պերիկարդիալ արտաքիրտն ախտորոշելիս, որը, որպես կանոն, ուղեկցում է սուր պերիկարդիտը: Սուր պերիկարդիտով հիվանդների բուժումը ներառում է նրանց հանգստի ապահովում, ասպիրինի կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային պատրաստուկների (ինդոմետացին) ընդունում: Ծանր ռեֆրակտերային ցավի դեպքում նշանակում են պրեդնիզոլոն կամ կատարում են սրտապարկի հատում (պերիկարդիոտոմիա) Սուր պերիկարդիտի դեպքում հակակոագուլյանտները հակացուցված են՝ պերիկարդիալ արյունահոսության զարգացման ռիսկի պատճառով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին