Կոնստրիկտիվ պերիկարդիտի ձևաբանական հիմքը ռիգիդային//կարկամված, չձգվող սրտապարկն է, որը պայմանավորում է սրտի աշխատանքի փոքրացում. կրճատվում է սրտի խորշերի լեցունությունը, բարձրանում է համակարգային և թոքային երակային ճնշումը, նվազում է սրտային արտանետումը: Սրտապարկի ռիգիդությունը//կարկամությունը պայմանավորված է սպիական շարակցական հյուսվածքի զարգացմամբ՝ նախորդող սուր պերկարդիտի ավարտին: Կոնստրիկտիվ պերիկարդիտ զարգացման առավել հաճախակի պատճառներից է տարած վիրուսային ինֆեկցիաները, տուբերկուլոզը, սրտի նախորդած վիրահատությունները, ուրեմիան, քաղցկեղային պերիկարդիտը:

Այցելուները գանգատվում են աստիճանաբար հարաճուն հևոցից, հոգնածությունից, որովայնի մեծանալուց, ոտնաթաթերի այտուցից: Կարևոր տարբերակիչ-ախտորոշիչ հատկանիշ է ծառայում ձախփորոքային անբավարարության նշանների բացակայությունը: Օբյեկտիվ հետազոտության ժամանակ ուշադրություն է գրավում զգալիորեն փքված լծերակները, որոնց լեցունությունը մեծանում է շունչ քաշելիս (Կուսմաուլի ախտանշան, Kussmaul): Դիտվում է սիստոլայի ժամանակ սրտի շրջանի ներս քաշում (Ժակկու I ախտանշան, Jaccoud I) և/կամ սիստոլայի ժամանակ կրծքավանդակի վերին հատվածի շարժում դեպի առաջ, իսկ ստորինը՝ հետ (Ժակկու II ախտանշան, Jaccoud II): Սրտային բթության սահմանները տեղաշարժվում են դեպի ձախ, աջ և վեր: Բնորոշ է Ժանդրենի ախտանշանը (Gendrin). սրտային բթության տարածում ձախ և դեպի դուրս գագաթային հրոցից: Պուլսը հաճախացած է, պարադոքսալ: Սիրտը լսելիս հաճախ լսվում է սուր դիաստոլիկ տոն, "պերիկարդիալ մատնազարկ", որը հաջորդում է II տոնին և պայմանավորված է ռիգիդ սրտապարկի շարժումով փորոքների դիաստոլայի ժամանակ:

ԷՍԳ-ի վրա երևան են գալիս ոչ առանձնահատուկ փոփոխություններ. QRS կոմպլեքսների ցածր վոլտաժ, հիվանդության ուշ փուլերում նախասրտերի առկայծում: Ռենտգենաբանական հետազոտության ժամանակ հիվանդների 50%-ի մոտ սրտապարկում հայտնաբերում են կրակալում//կալցիումի կիտվածքներ: Էխոսրտագրությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել սրտապարկի հաստացում: Ավելի ստույգ դրա հաստացումը ցույց են տալիս համակարգչային և մագնիսական-ռեզոնանսային տոմոգրաֆիան: Կաթետրի միջոցով սրտի ճնշման չափման արդյունքները վկայում են սրտի բոլոր խորշերում դիաստոլիկ ճնշման հավասարությունը: Փորոքներում ճնշման գրանցումն ունի "ընկղման բնույթ և պլատո//սարահարթ", ինչը տարբերում է կոնստրիկտիվ պերիկարդիտը ռեստրիկտիվ կարդիոմիոպաթիայից: Կոնստրիկտիվ պերիկարդիտով բոլոր հիվանդներին անհրաժեշտ է հետազոտել տուբերկուլոզային ինֆեկցիայի առկայությունը պարզելու համար: Կոնստրիկտիվ պերիկարդիտի բուժումը պերիկարդեկտոմայի//սրտապարկի հատումն է: Մի քանի ամսվա ընթացքում սկսվում է հիվանդների վիճակի հարաճուն լավացում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին