Պեջետի հիվանդություն՝ կաթնագեղձի ներծորանային քաղցկեղ։ Երկար ժամանակ ընթանում է որպես կրծքի պտուկի և շուրջպտկային դաշտի մաշկի էկզեմանման ախտահարում, լինում է գերազանցապես կանանց մոտ, միշտ միակողմանի։ Հիվանդությունն սկսվում է պտուկի և պսակի շրջանում շճաարյունային կեղևների ի հայտ գալով, որոնց հեռացումից հետո հայտնաբերվում է խիստ սահմանափակ էրոզիա։ Դանդաղորեն մեծանալով, ախտահարման օջախն աստիճանաբար դուրս է ելնում նշված սահմաններից և տարածվում է կաթնագեղձի մաշկի վրա։ Արտահայտված դեպքում մաշկի ախտահարումը երևում է խոնավ էրոզիայի ձևով՝ վառ կարմիր գույնի, հարթ կամ քիչ թավշային մակերեսով, քիչ արյունահոսող։ Տեղ-տեղ էրոզիան ծածկված է կեղևներով։ Նրա եզրերը խիստ սահմանագծված են առողջ մաշկից և ունեն անկանոն գծագրություն։ Երբեմն եզրին երևում է նեղ, քիչ ամուր գլանիկ, իսկ շոշափելիս հայտնաբերվում է թիթեղանման ամրություն։ Շատ բնորոշ ախտանիշ է հանդիսանում կրծքային պտուկի ներձգվածությունը։

Հետագայում (միջինը 2-10 տարվա րնթացքում) հիվանդությունն ընդունում է սովորական, ինֆիլտրատիվ քաղցկեղի կլինիկական պատկեր, տարածուն մետաստազներով։

Ախտորոշումը։ Տարբերիչ ախտորոշության տեսակետից պետք է նկատի ունենալ կրծքային պտուկի էկզեման, խրոնիկական ստրեպտոդերմիան ու մակերեսային խմորասնկային ախտահարումը (կանդիդոզ)։

Հօգուտ Պեջետի հիվանդության է վկայում ախտահարման երկարատև, ծայրահեղ դանդաղ զարգացումը, միակողմանիությունը, կտրուկ սահմանները, կրծքային պտուկի ներձգվածությունը, ցանվածքների բացակայությունը ծայրամասում, ախտահարման կայուն բնույթը և տվյալ հիվանդության ժամանակ օգտագործվող տեղային բուժման լրիվ անարդյունավետությունը։

Բուժումը։ Ախտահարված կաթնագեղձի ծայրատում՝ շրջանային ավշային հանգույցների միաժամանակյա հեռացումով։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին