Փայտացումը (պրկախտ, կարկամախտ) վարակիչ հիվանդություն է, բնորոշվում է փայտացման բակտերիայի թույնով, նյարդային համակարգի ախտահարմամբ, որն ընթանում է տարբեր մկանախմբերի ծանր ջղաձգություններով: Հարուցիչը փայտացման բակտերիան է:

Պատճառներ
Փայտացմամբ հիվանդ կենդանիների արտաթորանքի հետ բակտերիաներն ընկնում են հողի մեջ և սպորների ձևով պահպանվում երկար տարիներ: Մարդը վարակվում է մաշկի վերքերի, քերծվածքների, ճանկռվածքների մեջ բակտերիաների սպորներով վարակված հող ընկնելիս` սուր, ծակող և կտրող առարկաներով, արկի բեկորներով և գնդակով (պատերազմի ժամանակ) վիրավորվելիս, ինչպես նաև արտահիվանդանոցային վիժումների և հակասանիտարական պայմաններում ծննդաբերության ժամանակ:

Պաթոգենեզ
6-14 օրվա (հաճախ մի քանի ժամից մինչև 30 օր) ընթացքում գտնվելով օրգանիզմում` բակտերիաները հիվանդագին ախտանշաններ չեն առաջացնում: Երբեմն նկատվում են փայտացման նախանշաններ` վերքի ձգող ցավեր, մոտակա մկանների ջղաձգություններ:
Հիվանդության առաջին ախտանշանները հաճախ լինում են ծամիչ մկանների ջղաձգային կծկումները, բերանը բացելու դժվարացումը, այնուհետև` անհնարինությունը:
Հիվանդի դեմքը փոխվում է, անընդհատ ժպտացող տպավորություն է թողնում, հոնքերը բարձրանում են, ճակատին խորը կնճիռներ են առաջանում: Դեմքի նման արտահայտությունը ստացել է << սատանայական ժպիտ >> անվանումը: Ծանր դեպքերում գլուխը հետ է թեքվում, մարմինն աղեղնաձև կորանում է, հիվանդն անկողնուն հենվում է միայն գլխով և կրունկներով: Չնչին գրգիռները (աղմուկ, լույս, հպում, կլման փորձեր) կարող են ջղաձգության նոպաներ առաջացնել:

Բուժում
Ժամանակին սկսած և արագ բուժումը հնարավորություն է տալիս փրկել շատ հիվանդների:

Կանխարգելում
Փայտացման կանխարգելումը ենթադրում է փայտացման անատոքսինով պլանային պատվաստումներ: Փողոցում ստացած ցանկացած բաց հյուսվածքային վնասվածքի ժամանակ հարկավոր է անհապաղ դիմել բժշկի` վերքի վիրաբուժական մշակման, հակափայտացման իմունոգլոբուլինի կամ հակափայտացման շիճուկի և անատոքսինի ներարկման համար:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին