Պարոքսիզմալ տախիկարդիան առիթմիայի տեսակ է:
Պարոքսիզմալ տախիկարդիային բնորոշ է կծկումների հաճախացման hանկարծակի առաջացումը։ Պարոքսիզմալ հաճախասրտությունն ինչպես hանկարծակի ծագում, այնպես էլ hանկարծակի վերանում է։ Նոպայի տևողությունը տարբեր է՝ մի քանի ոոպեից մինչև մի քանի ժամ և, երբեմն, օր։

Էլեկտրասրտագրի պատկերը կախված է ախտաբանական օջախի տեղակայումից, որը մեծ հաճախականության գրգիռներ է առաջացնում։ Նոպայական հաճախասրտությունը կարող է լինել նախասրտային, նախասիրտ-փորոքային և փորոքային։ Նախասրտերից առաջացած պարոքսիզմալ հաճախասրտության դեպքում P ատամիկը որոշ չափով տձևացած է, տեղակայված նորմալ QRS կոմպլեքսից առաջ։ Հաճախ P-ն ձուլվում է T ատամիկի hետ՝ T—P տարածության կարճացման հետևանքով, PQ տևողությունը լինում է նորմալ, իսկ երբեմն՝ կարճացած։

Նախասիրտ-փորոքային պարոքսիզմալ հաճախասրտության դեպքում P ատամիկը ենթարկվում է նույն փոփոխություններին, ինչ որ նախասիրտ-փորոքային էքստրասիստոլայի ժամանակ: Պարոքսիզմալ հաճախասրտության փորոքային ձևին բնորոշ է փորոքային կոմպլեքսի փոփոխությունը, որը կարող է արտահայտվել աջ կամ ձախ փորոքային պարոքսիզմալ հաճախասրտության ձևով։ Սրանք տարբերակվում են այնպես, ինչպես աջ կամ ձախ փորոքային էքստրասիստոլաները։ Պարոքսիզմալ հաճախասրտությունը հանդիպում է բոլոր տարիքի երեխաների մոտ, այն նկարագրված է նույնիսկ ներարգանդային և նորածնային շրջանների երեխաների մոտ։ Պարոքսիզմալ հաճախասրտությունը երեխաների մոտ մեծ մասամբ առաջանում է սրտի օրգանական հիվանդությունների հետևանքով (ռևմատիզմ, դիֆթերիա, սրտի բնածին արատներ, իդիոպաթիկ միոկարղիտ), կարող է լինել նաև մի շարք այլ հիվանդությունների ժամանակ (գրիպ, թոքաբորբ, քութեշ և այլն)։ Պարոքսիզմալ հաճախասրտության առաջացման գործում մեծ դեր ունի նյարդային համակարգի վիճակը, հատկապես սիմպաթիկ նյարդային համակարգի գրգռվածությունը։

Պարոքսիզմալ հաճախասրտության նոպան հաճախ վրա է հասնում հանկարծակի և ընթանում է կրծքավանդակում անախորժ զգացումով։ Երեխաները գանգատվում են սրտի խփոցից, նկատվում է գունատություն, երբեմն՝ կապտուկ, պարանոցային անոթների արտափքվածություն և պուլսացիա։ Պուլսը լինում է հաճախացած և փոքր։ Նոպայի ընթացքում փոքրանում է սրտի հարվածային և րոպեական ծավալը, որը բոլոր օրգաններում ու հյուսվածքներում վատացնում է արյան շրջանառությունը։ Նախասրտերը չեն հասցնում լրիվ դատարկվել, այնտեղ առաջանում է արյան կանգ, որից և նրանք լայնանում են։ Արյան փոքր շրջանառության մեջ ճնշումը բարձրանում է, խանգարվում է թոքային գազափոխանակությունը և զարգանում է հիպոքսեմիա։ Արյան շրջանառության խանգարման արտահայտվածությունը կախված է նոպայի հաճախականությունից, տևողությունից և մինչ նոպան՝ սիրտ-անոթային համակարգի վիճակից։

Բուժումը։ Նշանակում են անկողնային ռեժիմ և հաճախասրտության նոպան դադարեցնող միջոցներ։ Գործնականում, որպես շտապ միջոց, խորհուրդ է տրվում ճնշել աջակողմյան կարոտիսյան զարկերակի ծոցը (կարոտիսյան սինուս) կամ ակնագնդերը, որոնք բարձրացնում են թափառող նյարդի տոնուսը և դանդաղեցնում գրգռի տարածումը։ Այդ միջամտություններն առանձնապես արդյունավետ են նախասրտային հաճախասրտության ժամանակ, թեև մանկաբուժական պրակտիկայում այնքան էլ արդյունավետ չեն։ Կյանքին սպառնացող առիթմիան վերացնելու նպատակով կիրառում են նաև էլեկտրաիմպուլսային բուժում։


 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին