Պարօդոնտիտը (հարատամնաբորբը) ատամը շրջապատող հյուսվածքների քրոնիկական հիվանդություն է, որով հիմանականում հիվանդանում են հասուն և տարեց մարդիկ, երբեմն նաև երիտասարդներն ու երեխաները: Այս հիվանդությունը առավել հաճախ բնորոշ է հյուսիսում երկարատև ապրող մարդկանց, որոնք չեն ստանում բավարար քանակով մրգեր և բանջարեղեն (C և P վիտամիններ):

Պատճառներ
Պարօդոնտիտի առաջացմանն առավելապես նպաստում են հարատամնային հյուսվածքների բորբոքումը, դրանց անոթների և նյարդերի փոփոխությունները, քայքայված ատամները հեռացնելուց հետո մնացած ատամների գերբեռնվածությունը (ծամելիս), ինչպես նաև ատամների քարերը:

Պաթոգենեզ
Պարօդոնտիտի ժամանակ աստիճանաբար ներծծվում է փոսիկների ոսկրային հյուսվածքը, ատամներն սկսում են շարժվել: Դա կարող է տեղի ունենալ մեկ կամ մի քանի ատամների շրջանում: Հիվանդությունը սովորաբար սկսվում է աննկատ, երբեմն լնդերի շրջանում հիվանդներն զգում են այրոց, քոր և անոթազարկ: Այնուհետև ատամի վզիկը մերկանում է, երբեմն լնդերը թեթևակի այտուցվում են, ատամները մաքրելիս և կոշտ սնունդ ընդունելիս` արյունահոսում: Ժամանակին չբուժելիս սկսվում է լնդերի բորբոքում, լնդային եզրի տակից արտադրվում է թարախ, ատամների արմատներն ավելի են մերկանում, և արտաքուստ առողջ թվացող ատամները շարժվում են ու թափվում:

Բուժում
Բուժումը համալիր է և խիստ անհատական, ընդգրկում է ատամների քարերի հեռացումը, լնդերի բուժումը, ատամների պրոթեզների կիրառումը: Խորհուրդ չի տրվում առանց բժշկի նշանակման օգտագործել որևէ դեղանյութ, հարկավոր է խուսափել հատկապես այրող միջոցներից: Պետք է կանոնավոր և մանրակրկիտ մաքրել ատամները, լնդերն արյունահոսելիս` բժշկի խորհրդով ամեն օր բերանի խոռոչը ողողել կանաչ թեյով կամ կաղնու արմատի թուրմով (2 թեյի գդալ արմատը 1 բաժակ եռջրով թրմել 20-30 րոպե, այնուհետև թանզիֆով քամել):
Պարօդոնտիտը քրոնիկական հիվանդություն է, բայց ժամանակին սկսած բուժումը սովորաբար երկար ժամանակով կասեցնում է դրա խորացումը:

Կանխարգելում
Կանխարգելման մեջ կարևոր է սննդի բնույթը. Կոշտ սնունդը նպաստում է լնդերի բնական մերսմանը, ատամներից փափուկ նստվածքի հեռացմանը: Օգտակար են վիտամիններ պարունակող թարմ մրգերը կամ բանջարեղենը (գազար, խնձոր, սև հաղարջ և այլն), հիվանդ ատամների ժամանակին պրոթեզավորումը և մնացած ատամների բեռնաթափումը: Ատամները լվանալիս հարկավոր է 3-5 րոպե լնդերը լավ մերսել մատներով` վերև և ներքև շարժումներով, վերջում բերանը ողողել ջրով կամ երիցուկի թուրմով:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին