Առաջին անգամ պարկինսոնյան հիվանդությունը նկարագրել է անգլիացի բժիշկ Պարկինսոնը: Հիվանդանում են հիմնականում տարեց տղամարդիկ: Պարկինսոնյան հիվանդությունը (դողացող լուծանք) կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկակն առաջադիմող հիվանդություն է, որը բնորոշվում է շարժողական ֆունկցիաների խանգարմամբ: Նյարդային համակարգի առավել տարածված հիվանդություններից է: Այն սովորաբար առաջանում է գլխուղեղի ենթակեղևային հանգույցների ախտահարումից` վերջիններիս բջիջների դանդաղ քայքայման հետևանքով:

Պատճառներ
Պարկինսոնյան հիվանդության առաջացման պատճառներն են` գլխուղեղի բորբոքումը, գլխուղեղի արյան անոթների աթերոսկլերոզը, շմոլ գազով կամ մանգանով թունավորումը, ռեզերպինի և այլ դեղանյութերի երկարատև (առանց հսկողության) օգտագործումը:
Հիվանդության պատճառը երբեմն հնարավոր չէ պարզել: Պարկինսոնյան հիվանդությունը պայմանավորված է գլխուղեղի ենթակեղևային գոյացություններում դոֆամինի (կատեխոլամինների փոխանակության արգասիք) անբավարարությամբ, որը հանգեցնում է գլխուղեղի միջնորդանյութերի հիմնական համակարգերի հավասարակշռության խախտման և շարժողության կարգավորման խանգարման:

Պաթոգենեզ
Հիվանդության ընթացքում շարժումները դանդաղում են, մկանները լարված են, դեմքը դառնում է դիմականման, քայլվածքը` մանրաքայլ: Նկատվում է թքահոսություն, ընդհանուր կաշկանդվածություն: Հիվանդը դժվարությամբ է հագնվում, կոճակները կոճկում: Բնորոշ է սկզբում ձեռքերի, ապա` գլխի և ոտքերի դողը, որը սովորաբար սաստկանում է, երբ հիվանդը չի շարժվում կամ խիստ հուզվում է, և պակասում է շարժվելիս, իսկ քնած ժամանակ` անհետանում: Հեշտ է քայլում, եթե հատակի վրա կան կողմնորոշիչ նշաններ (օրինակ` գունավոր կամ գծավոր հատակ և այլն):

Պարկինսոնի հիվանդությունը բավականին հաճախ բերում է թուլամտության, որն իր բնույթով «ենթակեղևային թուլամտություն է», ինչպես՝ Հենտինգտոնի թուլամտությունը։ Հիվանդների շրջանում հայտնաբերվում է նեյրոցիտների կորուստ գորշ նյութում, դոֆամինի քանակի նվազում։ Սա է պատճառը, որ թուլամտությունն, այս հիվանդության ժամանակ, բնութագրվում է կոգնիտիվ պրոցեսների ոչ թե «անբավարարությամբ», այլ արգելակումով, ինտելեկտուալ խնդիրներ լուծելու դժվարությամբ, առանց օջախային ախտահարումների։

Արևմուտքում այս հիվանդությունը հայտնաբերվում է 100.000 բնակչից 200-ի մոտ։ Թուլամտությունը զարգանում է հիվանդության ուշ շրջանում։ Որևէ բնորոշ և յուրահատուկ ախտանիշ չկա։ Թուլամտության համախտանիշը հայտնաբերվում է պարկինսոնիզմով հիվանդներից 40-ից մինչև 80%-ի շրջանում։ Թուլամտությունը, սկզբում՝ գրեթե նկատելի չէ և հիվանդները ի վիճակի են շարունակել իրենց առօրյա կյանքը։ Հիվանդության զարգացմանը զուգընթաց խորանում է նաև թուլամտությունը։

Բուժում
Բժշկի խորհրդով տնային պայմաններում հիվանդներին կարելի է սովորեցնել մկանների լարվածությունը վերացնող տարբեր վարժություններ, որոնք ավելի լավ է սկսել տաք ջրում: Անհրաժեշտ է հիվանդներին սովորեցնել, որ իրենց սպասարկեն և որոշ տնային գործեր կատարեն, նույնիսկ եթե դա շատ դժվար է: Դեղանյութերն ընդունեն միայն բժշկի խորհրդով և նրա հսկողությամբ:
Նախընտրելի են կաթնեղենը, բուսական սնունդը, պետք է սահմանափակել միսը, ձվի դեղնուցը, խուսափել տապակած կերակրատեսակներից:
Պարկինսոնյան հիվանդության դրսևորումները բավականին երկար ժամանակ չեն խանգարում մասնագիտական գործունեությանը, առանձնապես մտավոր աշխատանքով զբաղվողներին: Երբ մկանների դողը և կաշկանդվածությունը շատ են ուժեղանում, կարելի է փոխադրվել ավելի հեշտ աշխատանքի: Շատ կարևոր է ընթերցանությունը, շրջապատի նկատմամբ հետաքրքրության պահպանումը և այլն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին