Պառկելախոցը (պառկելահարուկ) իրենից ներկայացնում է երկարատև ճնշման հետևանքով առաջացող մաշկի, ենթամաշկային բջջանքի և այլ հյուսվածքների մեռուկացումը: Այն առաջանում է թուլացած, տևական անկողնային հիվանդների մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկն անմիջապես հպվում է ոսկրային արտացցվածքներին: Պառկելախոցը առավելապես լինում է պոչուկի, թիակների, կրունկների և արմնկային հոդերի շրջանում:

Պատճառներ
Խորը, երկար ժամանակ չապաքինվող պառկելախոցեր են գոյանում ողնուղեղի վնասվածքների, ողնուղեղի ճնշումով ուղեկցվող հիվանդությունների կամ խոշոր նյարդերի վնասման հետևանքով: Պառկելախոցերի առաջացման հնարավորությունները մեծանում են սակավարյունության, վիտամինային անբավարարության և նյութափոխանակության խանգարումների ժամանակ:
Պառկելախոցերի առաջացմանը նպաստում են վատ խնամքը, հիվանդի անկողնու և ներքնաշորի ոչ մաքուր վիճակը (հատկապես եթե աղտոտված են արտաթորանքով և սննդի մնացորդներով), կոպիտ կարերն ու ծալքերը, ողնաշարի վնասվածքով հիվանդի մարմնի տակ դրված ոչ հարթ հարմարանքը կամ ներքնակը, ոսկրերի արտացցվածքների հատվածում երկարատև ճնշումը:
Մաշկի վրա պառկելախոց կարող է առաջանալ նաև գիպսակապերի, օրթոպեդական պրոթեզների և սարքերի, բերանի լորձաթաղանթի վրա` պրոթեզների ճնշումից:

Պաթոգենեզ
Պառկելախոցը ախտահարում է մաշկը (մակերեսային պառկելախոց), ենթամաշկային բջջանքն ու մկանները (խորը պառկելախոց):
Տարբերում են պառկելախոցի զարգացման 3 փուլ.
1. Գերարյունության (մաշկի կարմրության)
2. Չոր մեռուկացման
3. Խոնավ մեռուկացման
Առաջին փուլը կարող է առաջանալ 10-12 ժամվա ընթացքում և վերածվել չոր մեռուկացման: Վերջինս, առանց համապատասխան բուժման, անցնում է խոնավ մեռուկացման, որը պառկելախոցի ամենածանր փուլն է: Այս փուլում հյուսվածքների քայքայումն ավելի է խորանում` առաջացնելով թարախահոսություն, և կարող է բարդանալ կարմիր քամի, արյան վարակում, ֆլեգմոն և գազային փտախտ հիվանդություններով:

Բուժում
Ծանր հիվանդին տնային պայմաններում խնամելիս կարմրություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և բուժումը կատարել միայն նրա խորհուրդներով:

Կանխարգելում
Պառկելախոցի առաջացման հիմնական կանխարգելումը ճիշտ խնամքն է: Եթե հակացուցված չէ, անհրաժեշտ է հիվանդի դիրքը մշտապես փոխել, պառկեցնել հարթ, առանց կարերի սավանով ներքնակի վրա: Սրբոսկրի և պոչուկի տակ դնել ռետինե օղակ կամ գիշերանոթ, կրունկների տակ` բամբակե-թանզիֆե բարձիկ: Թաց, աղտոտված սպիտակեղենն անմիջապես փոխել: Առավել հարվող հատվածներն օրական 3-4 անգամ շփել քափուրի սպիրտով, անուշադրի սպիրտի 0.5 %-անոց, տանինի 1-2 %-անոց, սալիցիլաթթվի 1%-անոց սպիրտային լուծույթներով և նոսրացված քացախով: Կատարել թեթև մերսում:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին