ՊարապրոկտիտՊարապրոկտիտը (հարուղիղաղիքաբորբ) ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի բորբոքում է:

Պատճառներ
Պարապրոկտիտի առաջացման պատճառը հաճախ ուղիղ աղիքի բորբոքված կամ վնասված լորձաթաղանթով թարախածին մանրթների ներթափանցումն է:

Պաթոգենեզ
Սուր պարապրոկտիտի դեպքում բջջանքում առաջանում է թարախակույտ, իսկ ավելի ծանր դեպքերում թարախակալումը տարածվում է և հանգեցնում ֆլեգմոնի: Հիվանդության ծանրությունը պայմանավորված է ափտահարման խորությամբ: Ամենաքիչ վտանգ ներկայացնում է ենթամաշկային պարապրոկտիտը`հետանցքը շրջապատող բջջանքի բորբոքումը: Պարապրոկտիտի մակերեսային ձևի ժամանակ սկզբում շեքի և հետանցքի շրջանում առաջանում են տհաճ զգացողություններ, այնուհետև` մղկտացնող ցավեր, որոնք ուժեղանում են կղման ժամանակ: Ավելի ուշ դրսևորվում են բորբոքման տեղային ախտանշանները` ցավոտ ուռածություն, հետանցքի շուրջը մաշկի կարմրություն: Հիվանդի ընդհանուր վիճակը քիչ է տուժում: Պարապրոկտիտի խորը ձևերի դեպքում բորբոքման տեղային ախտանշանները կարող է նկատել միայն բժիշկը` ուղիղ աղիքի հետազոտության ժամանակ: Առաջանում են ընդհանուր վիճակի փոփոխություններ, որոնք պայմանավորված են թարախային օջախի խորությամբ: Հանկարծակի առաջացող դողը, ջերմաստիճանի բավականաչափ բարձրացումը, անոթազարկի հաճախացումը, լեզվի փառակալումը, գլխացավերը, ախորժակի կորուստը և ընդհանուր ծանր հիվանդության մյուս ախտանշանները սովորաբար խոր, հատկապես` կոնքային պարապրոկտիտի ախտանշաններն են: Նման դեպքերում հիվանդի կյանքին վտանգ սպառնացող արյան վարակումից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Հաճախ թարախակույտը պատռվում է, և թարախը լցվում է ուղիղ աղիքի լուսանցքի մեջ կամ դուրս է գալիս շեքի մաշկի վրա: Այդ պահից սկսած` հիվանդության ընթացքը դառնում է քրոնիկական, որին բնորոշ են համառորեն չլավացող խուղակները, որոնց միջոցով երբեմն արտաթորվում է ոչ միայն թարախ, այլև կղանքի մասնիկներ: Միայն ենթամաշկային պարապրոկտիտիդեպքում թարախակույտի պատռումը երբեմն կարող է պայթեցնել ինքնաբեր բուժման, մնացած դեպքերում խուղակի լավացման համար, որպես կանոն, պահանջվում է վիրահատություն: Երբեմն, հատկապես տուբերկուլոզային պարապրոկտիտի դեպքում , գործնթացն սկզբից ևեթ դրսևորվում է առանց սուր բորբոքման ախտանշանների, սակայն ավելի համառ են թարախակույտը պատռվելուց հետո առաջացած խուղակները և, բացի վիրաբուժական միջամտությունից, պահանջվում է հակատուբերկուլոզային մասնագիտական բուժում:

Բուժում
Եվ սուր, և քրոնիկական պարապրոկտիտի դեպքերում բուժումը իրականացվում է հիվանդանոցում:

Կանխարգելում
Սուր պարապրոկտիտի կանխարգելումը ենթադրում է ուղիղ աղիքի բորբոքման, թութքի, հետանցքի ճաքերի ժամանակին բուժում: Սուր պարապրոկտիտի անցումը քրոնիկականի հնարավոր է կանխել` ժամանակին բժշկի դիմելով, քանի որ թարախակույտը վիրահատությամբ բացելիս խուղակի առաջացման հնարավորությունն ավելի փոքր է, քան ինքնաբեր պատռման ժամանակ: Առավել ծանր դեպքերում, հիվանդի կյանքը փրկելու համար, անհրաժեշտ է անհապաղ վիրահատություն:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին