Հիվանդությունը բնորոշվում է գիտակցության պարզ ֆոնի վրա աստիճանաբար զարգացող թունավորման, վերաբերման, կողոպտման, սննկացման, խանդի զառանցական մտքերով։ Ինվոլյուցիոն պարանոիդի ժամանակ զառանցանքի մեջ ներգրավվում են նույն բնակարանում բնակվող հարազատները, հարևանները, բարեկամները, աշխատակիցները, ովքեր ամենօրյա շփում ունեն հիվանդի հետ։ Զառանցական մտքերը սերտորեն կապված են հիվանդի կենցաղի հետ, այդ պատճառով այն անվանում են «կենցաղային զառանցանք», «խոհանոցային զառանցանք», «նեղ շրջանակի զառանցանք»։ Ավելի հաճախ առաջանում է կասկածամիտ բնավորություն ունեցող մարդկանց շրջանում։ Սկզբնական շրջանում հիվանդները հարազատներին մեղադրում են իրենց նկատմամբ ունեցած վատ վերաբերմունքի մեջ, ասում են, որ իրենց անտեսում են, կարծիքը հաշվի չեն առնում։ Աստիճանաբար սկսում են համոզվել, որ իրենց բացակայության ժամանակ տնեցիները կամ հարևանները, որոնք հայտնվում են իրենց բնակարանում, վնասում, գողանում են տան իրերը, թունավորում են սննդամթերքը և այլն։

Հետաքրքիրն այն է, որ բավականին երկար ժամանակ պահպանվում են հիվանդների մտավոր կարողությունները, սոցիալական ադապտացիան, չի փոխվում վարքագիծը, և շրջապատի անծանոթ մարդկանց համար նրանց արտահայտությունները ընկալվում են որպես իրականություն։ Անընդհատ լինելով զառանցանքով պայմանավորված լարվածության մեջ հիվանդները սկսում են ձեռնարկել որոշ գործողություններ, փոխում են դռան փականները, տեղադրում են մեկից ավելի կողպեքներ, ուշադիր հետևում են տան իրերի դասավորվածությանը, կատարում են նշումներ, հատակին լցնում են ավազ, որպեսզի տուն վերադարնալուց գտնեն ոտնահետքեր։ Մանրակրկիտ ուսումնասիրում են հարևանների օրվա ռեժիմը, գիտեն նրանց տանից բացակայելու ժամերը, աշխատում են իրենք էլ դուրս գալ այդ ժամերին։ Դիմում են օրինապահ մարմիններին պահանջելով արդարություն, «թշնամիներին» արժանի պատիժ։

Հիվանդության ընթացքում դիտվում են նաև լսողական, հոտառական, համի, տակտիլ իսկական ցնորքներ։ Սկզբում ցնորքները տարրական բնույթի են. լսում են շխկոց, թխկոց, ասում են, որ դրանք հատուկ են առաջացնում, որպեսզի խանգարեն իրենց հանգիստը։ Հետագայում սկսում են լսել խոսակցություններ կողքի սենյակից, հարևանների տնից համոզված լինելով, որ նախապատրաստվում է հերթական վնասը։ Իրենց բնակարանից զգում են տարբեր թունավոր նյութերի հոտեր, բացատրում են, որ լուսամուտի ճեղքերից, դռան բանալու անցքից թունավոր գազեր են ներմուծում իրենց բնակարան։ Որոշ դեպքերում զգում են տաք և սառը օդի հոսանք, ծակծկոցներ, այրոցներ, ինքնազգացուղության վատացում՝ մեկնաբանելով, որ շրջապատի բացասական գործողությունները հատուկ նպատակաուղղված են իրենց մարմնի վրա (ֆիզիկական ազդեցության զառանցանք)։ Փոխվում է նաև հուզական ոլորտը, դառնում են ընկճված, տագնապալից, փակվում են իրենց բնակարանում, իսկ որոշ դեպքերում կարող են ցուցաբերել ագրեսիվ վարքագիծ։ Հիվանդությունը ունի ձգձգվող ընթացք և պահանջում է անհապաղ հոսպիտալիզացիա։

Բուժում, ինվոլյուցիոն պարանոիդի ժամանակ կիրառվում են նեյրոլեպտիկներ՝ հաշվի առնելով հիվանդի սոմատիկ վիճակը, ինվոլյուցիոն դեպրեսիայի եպքում` հակադեպրեսանտներ (ամիտրիպտիլին, պրոզակ, զոլոֆտ), նեյրոլեպտիկներ (տրիֆտազին, տիզերցին, քլորպրոտիքսեն)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին