Ենթաստամոքսային գեղձի տարբեր պատճառների բորբոքակազմափոխական բնույթի հիվանդություններ են։

Ըստ հիվանդության ընթացքի տարբերում են`
1. սուր պանկրեատիտ
2. քրոնիկական պանկրեատիտ,

ըստ ծագման՝
1. առաջնային
2. երկրորդային։

Սուր պանկրեատիտ։ Պատճառները բազմաթիվ են։ Հաճախակի հանդիպող պատճառներից են սուր վիրուսային հիվանդությունները (էպիդեմիկ պարոտիտ, Կոկսակի, ջրծաղիկ)։ Սուր պանկրեատիտների ծագման մեջ զգալի դեր են խաղում լեղուղիների, լյարդի, ենթաստամոքսային գեղձի ծորանի և լեղածորանի խցանող (օբստրուկտիվ) պրոցեսները։ Սուր պանկրեատիտներ կարող են առաջանալ ալերգիկ, սննդային գործոններից (ճարպոտ սննդի չարաշահում), որոշ դեղամիջոցների (ցիտոստատիկներ, կորտիկոստերոիդներ, տետրացիկլինի խմբի հակաբիոտիկներ) թունավոր ազդեցությունից («դեղորայքային» պանկրեատիտներ): Կան ցուցումներ երեխաների մոտ սուր պանկրեատիտների առաջացման մեջ վնասվածքների նշանակության մասին։ Սուր երկրորդային պանկրեատիտներ են նկատվում որոշ համակարգային հիվանդությունների (կարմիր գայլախտ, հանգուցավոր պերիարտերիիտ), ներզատական հիվանդությունների (շաքարախտ, հիպերպարաթիրեոիդիզմ) ժամանակ։

Հիվանդության զարգացման պատճառներն են ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների ինքնաակտիվացման պայմաններում «ինքնամարսման» պրոցեսները։ «Ինքնամարսմանը» նպաստում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են ենթաստամոքսային գեղձի հյութի արտահոսի դժվարացումը, գեղձի պարենխիմայի արտազատական բարձր ակտիվությունը և արյան հոսքի խանգարումը։ Վարակային հիվանդությունների ժամանակ սուր պանկրեատիտի զարգացումը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձում վարակային ազդակի հետ։

Հիվանդությունն արտահայտվում է որովայնի վերին կեսում բավականին սուր ցավերի հայտնվելով, որը հաճախ ճառագայթում է դեպի թիկունքը, ձախ ձեռքը, թիակը։ Հաճախ նշվում է փսխում, սրտխառնոց, թքազատություն։ Մաշկը գունատ է, գորշակապտավուն։ Մարմնի տարբեր մասերում երբեմն նկատվում է մանր կետավոր հեմոռագիկ ցան։ Որովայնը փափուկ է և մասնակցում է շնչական ակտին։ Սուր պանկրեատիտով հիվանդների մոտ նկարագրում են Կալենի (հարպորտային շրջանի մաշկի կապտուկային երանգ) և Գրեյ-Տերների (որովայնի կողմնային մակերեսներում մաշկի կապտուկային երանգ) ախտանիշները։ Սուր պանկրեատիտի ծանր ընթացքի դեպքում ցավերն ուժեղ են, փսխումը լինում է անզուսպ։ Հիվանդի ընդհանուր վիճակը արագ վատանում է։ Հայտնվում է հաճախասրտություն, սրտի տոների խլացում, արյան ճնշման իջեցում։ Նշվում են պոլիսերոզիտնեո (ջրգողություն, թոքամզի հեմոռագիկ էքսուդացիա), «աչքերում ավազի» ախտանիշ, հաճախացած միզարտադրություն, ցավեր հոդերում։ Զարգանում է էքսիկոզ, աճում է տոքսիկոզը, որը վկայում է դեստրուկտիվ պրոցեսի հարաճման և սպառնացող պերիտոնիտի զարգացման մասին։ Արյան հետազոտությունից հայտնաբերվում է լեյկոցիտոզ՝ բանաձևի ձախ թեքումով։ Նշվում են էլեկտրոլիտային հավասարակշռության խանգարումներ (քլորիդների, կալիումի, կալցիումի մակարդակի իջեցում), արյան մեջ շաքարի քանակության բարձրացում, երբեմն զարգանում են հիպոգլիկեմիկ վիճակներ; Բնորոշ է արյան մեջ ամիլազալի, լիպազայի, տրիպսինի և նրա արգելակիչի պարունակության բարձրացումը։ Մեզում ավելանում է ամիլազայի քանակությունը։ Հիվանդության առաջին շաբաթվա վերջում աճում է էկզոպեպտիդազայի ակտիվությունը։ Սուր պանկրեատիտով հիվանդ գրեթե բոլոր երեխաների մոտ հայտնաբերվում է «ֆերմենտների շեղման» երևույթ, այսինքն՝ ենթաստամոքսային գեղձի հյութում ֆերմենտների պարունակությունը և ակտիվությունը նվազում է, իսկ արյան մեջ ակտիվությունը բարձրանում:

Բուժումը։ Ենթաստամոքսային գեղձում հանգիստ վիճակ ստեղծելու, նպատակով նշանակվում է անկողնային ռեժիմ և հիվանդին պահում են քաղցած։ Քաղցած մնալու ժամանակահատվածում տրվում են առատ հեղուկներ, նաև` պարենտրալ։ Ցավերը մեղմացնեցու նպատակով կիրառում են ցավազերծող և սպազմալուծիչ միջոցներ։ Մեծ նշանակություն ունեն հակաֆերմենտային դեղամիջոցների օգտագործումը, ոոոնք կասեցնում են ենթսատամոքսային գեղձի պարենխիմայի ինքնալուծումը (աուտոլիզ)։ Նշանակվում են պրոտեոլիտիկ ֆերմենտների սինթետիկ արգելակիչներ։ Ենթաստամոքսային գեղձում թարախային պրոցեսները կանխարգելելու նպատակով հիվանդության առաջին իսկ օրերից տրվում են հակաբիոտիկներ։ Ալերգիկ արտահայտությունների դեպքում նշանակվում են հակահիստամինային միջոցներ և այլն։ Երեխայի ընդհանուր վիճակի բարելավման հետ զուգընթաց աստիճանաբար ընդարձակում են դիետան: Կիրառում են ենթաստամոքսային գեղձի ֆերմենտներ պարունակող դեղամիջոցներ: Ակտիվ կոնսերվատիվ բուժումից արդյունքի բացակայությունը և պանկրեատիտի ծանր կազմալուծական ձևերի զարգացման դեպքերը որոշակի ցուցում են վիրահատական բուժման համար։

Քրոնիկական պանկրեատիտ: Շատ դեպքերում զարգանում է ենթաստամոքսային գեղձի սուր ախտահարումից հետո։ Հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ մարսողական օրգանների հիվանդությունները, որոնք անատոմիորեն մոտ են տեղակայված ենթաստամոքսային գեղձին և գործառական տեսակետից կապված են նրա հետո (լյարդ, լեղուղիներ, ստամոքս, 12-մատյա աղիք, աղիքներ), ենթաստամոքսային գեղձի քրոնիկական ինտոքսիկացիաները, էկզոգեն-կոնստիտուցիոնալ ճարպակալումը, որոշ դեղամիջոցների երկարատև օգտագործումը (կորտիկոստերոիղներ և այլն)։

Քրոնիկական պանկրեատիտի ախտաբանությունը բավականին բազմաձև է։ Հիվանդությունը բնորոշվում է ալիքաձև ընթացքով։ Սրացման շրջանում հիմնական ախտանիշը ցավային համախտանիշն է։ Ցավը ծագում է նոպայաձև, տեղակայվում է վերորովայնային կամ ձախ թուլակողի շրջանում։ Ցավը ճառագայթում է դեպի ձախ ուսը, երբեմն ողնաշարը, կրում գոտևորող բնույթ։ Որովայնային ցավերը հաճախ ուղեկցվում են փսխումով և դիսպեպտիկ այլ երևույթներով։ Ցավային նոպաները հաճախ առաջ են գալիս դիետայի խանգարումներից, ֆիզիկական և հուզական գերլարումից, միջընթաց հիվանդություններից։ Ջերմությունը սովորաբար բարձր թվերի չի հասնում։ Նոպայի տևողությունը տատանվում է մի քանի րոպեից մինչև 3-5 օր։ Սրացման ժամանակ լյարդը կարող է մեծանալ։ Կղանքը լինում է օրը 3-4 անգամ, առատ, գարշահոտ, մեծ քանակությամբ մկանային թելերի առկայությամբ (կրեատորեա), ճարպաթթուների և օսլայի պարունակության ավելացումով։ Հաճախակի ռեցիդիվների դեպքում ախտահարումներ են զարգանում նաև այլ օրգաններում՝ սրտանոթային և արյունաստեղծ համակարգերում, երիկամներում։

Ախտորոշումը հաստատվում է դուոդենալ պարունակության, արյան և մեզի մեջ ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների առկայության և ակտիվության որոշումով, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ նմուշների օգնությամբ։ Լաբորատոր քննությամբ հայտնաբերվում է ամիլազեմիա, լիպազեմիա, հազվադեպ լինում է նաև տրիպսինի քանակության ավելացում։ Ախտորոշիչ մեծ նշանակություն ունեն ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ փորձանմուշները։ Ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի խթանիչների ներմուծումից հայտնաբերվում են գեղձի արտասեկրետոր ֆունկցիայի խանգարումներ։ Բավական ինֆորմատիվ են սեկրետինային և պանկրեոզիմինային փորձանմուշները։ Բարդությունները՝ ենթաստամոքսային գեղձի թա-րախակալում, բշտեր և կրակալումներ, փայծաղային երակի թրոմբոզ, ենթաստամոքսային գեղձի ծորանի սպիական-բորբոքային նեղացում և այլն։ Քրոնիկական պանկրեատիտի սրացման շրջանում բուժումը կատարվում է այնպես, ինչպես սուր պանկրեատիտի ժամանակ։ Նշանակվում է կոտորակային կերակրում, սահմանափակում են ածխաջրերը, ճարպերը, առաջնություն է տրվում կաթնամթերքի սպիտակուցներին։ Ցուցված են խոլինոմիմետիկ, սպազմոմիմետիկ, ցավազրկող, հակաբորբոքային և հակահիստամինային դեղամիջոցների կիրառումը։ Սրացման ժամանակ նշանակվում են հակաֆերմենտային միջոցներ։ Ենթաստամոքսային գեղձի արտասեկրետոր անբավարարության դեպքում օգտագործվում են ֆերմենտային պատրաստուկներ։ Ցուցված են B, C խմբի վիտամինների, կալցիումի պատրաստուկների կիրառումը։

Ռեմիսիայի շրջանում լայն կիրառում ունեն պանկրեատինը, ստամոքսահյութը, աղաթթուն՝ պեպսինով և լեղամուղ միջոցները, որոնք նպաստում են սննդի լավ մարսմանը։ Ցուցված են նաև հանքային ջրերի օգտագործումը։ Վիրահատական բուժումը ցուցված է քրոնիկական պանկրեատիտի ծանր ցավային ձևերի, լեղածորանի և ենթաստամոքսային գեղձի ծորանի սպիական-բորբոքական նեղացումների և թարախակալումների դեպքում։ Սանատոր-կուրորտային բուժումը կատարվում է ռեմիսիայի շրջանում (Էսենտուկի, ժելեզնովոդսկ, Տրուսկավեց, Ջերմուկ և ստամոքսաաղիքային մասնագիտացված տեղական առողջարաններում)։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին