Պանկրեատիտը, որն այլ կերպ անվանում են ենթաստամոքսային գեղձի բորբոքում, հաճախ հանդիպող հիվանդություն է: Տարբեր երկրներում 100 000 բնակչից առնվազն 5-7 մարդու մոտ առկա է ենթաստամոքսային գեղձի բորբոքում: Ընդ որում, վերջին 40 տարիների ընթացքում այդ ցուցանիշը կրկնակի աճել է, ինչը կապված է ոչ միայն հիվանդության ախտորոշման միջոցների կատարելագործման հետ, այլ նաև որոշ երկրներում ալկոհոլի չարաշահման հետ: Տարբերում են սուր և քրոնիկական պանկրեատիտ: Վերջինս առավել հաճախ է հանդիպում:

Պատճառներ
Պանկրեատիտի առաջացման պատճառները կարող են լինել ենթաստամոքսային գեղձի անոթների ախտահարումները, վարակիչ հիվանդությունները, վնասվածքները, որովայնի խոռոչում առաջացող բորբոքումները, ինչպես նաև լեղաքարային հիվանդությունը: Սուր բորբոքման առաջացմանը նպաստում են ալկոհոլամոլությունը և ոչ ռացիոնալ սնվելը` հատկապես շատակերությունը:

Պաթոգենեզ
Պանկրեատի ժամանակ ախտահարվում է ենթաստամոքսային գեղձը. հյուսվածքի որոշ հատվածներ այտուցվում են, թարախակալվում կամ մեռուկանում: Սուր պանկրեատիտի ծանր ձևի ժամանակ որովայնի վերին հատվածն ուժեղ ցավում է, նկատվում է սրտխառնոց, փսխում, փորափքանք: Երբեմն ցավերն այնքան ուժեղ են լինում, որ կարող են հանգեցնել կոլապսի կամ շոկի: Քրոնիկական բորբոքումն ուղեկցվում է մարսողության խանգարումներով: Արտաթորանքը հաճախ առատ է, կղանքը` ճարպոտ, կավանման:

Բուժում
Ուժեղ ցավերի առկայության դեպքում անհրաժեշտ է հիվանդին պառկեցնել անկողնում, որովայնի վերին հատվածում սառույց դնել: Սուր բորբոքման բուժման հիմքը կազմում են բժշկի նշանակած հակաբակտերիային պատրաստուկները, խիստ սննդակարգը և անկողնային ռեժիմը, որոնք, որպես կանոն, կատարվում են հիվանդանոցում: Որոշ դեպքերում վիրահատական միջամտության կարիք է զգացվում:

Կանխարգելում
Պանկրեատիտ հիվանդության կանխարգելումը հիմնված է հիվանդության զարգացմանը հանգեցնող հիվանդությունների կանխումն ու ժամանակին բուժումը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին