ՕստիոֆոլիկուլիտՕստիոֆոլիկուլիտը (ostiofolikulitis) բնորոշվում է մանր, գնդասեղի գլխիկի մեծության պուստուլաների ցանավորումով, դրանք տեղադրված են մազապարկերի բացվածքի մեջ, կենտրոնում դուրս թափանցած մազով և շրջապատված նեղ վարդագույն երիզով։ Պուստուլաները դուրս են գալիս մերթ սահմանափակ չափերով, մաշկային ծածկույթի ոչ մեծ տեղամասի վրա, մերթ՝ մեծ քանակով և ցրված տեղակայվում են ամենից հաճախ դեմքի (մորուքի շրջան), պարանոցի, նախաբազուկների, սրունքների, ազդրերի մաշկի վրա։ Ուղեկցվում են թեթև քորով։ Հիվանդության 4- 5-րդ օրը պուստուլաները չորանում են, առաջացնելով կեղևիկներ և լավանում են` չթողնելով հետքեր։

Օստիոֆոլիկուլիտները ծագում են ամենից հաճախ մաշկի մեխանիկական գրգռումների ազդեցության տակ՝ շփման, սափրման, քսուքների քսման, մաշկի թրմման ժամանակ (կոմպրեսների կամ երկարատև վիրակապերի տակ) և քրտնոտության, մաշկի չանգռվելու, քոսի, ոջլոտության հետևանքով։

Օստիոֆոլիկուլիտի առանձին տարրերը, աճելով ծայրամասորեն, կարող են հասնել խոշոր սիսեռի մեծության, որը կոչվում Է ստաֆիլոկոկային իմ պետիգո։ Նման տարրեր առանձնապես հաճախ նկատվում են ձեռնաթաթերի թիկնային մակերեսի վրա՝ որպես քոսի բարդություն։

Հյուսվածքաբանորեն օստիոֆոլիկուլիտը բնութագրվում Է մազապարկի մուտքի Էպիթելում, անմիջապես եղջրաշերտի տակ ոչ մեծ խոռոչի առաջացումով։ Խոռոչը լցված Է նեյտրոֆիլների խիտ զանգվածով, որոնց մեջ կարելի Է հայտնաբերել մեծ քանակությամբ ստաֆիլոկոկեր։ Բուն մաշկի պտկիկային շերտում նկատվում Է մազանոթների լայնացում և նրանց շուրջ ոչ մեծ քանակությամբ պոլինուկլեիտների կուտակում։

Բուժումը.
Առանձին պուստուլաների պատռում և մաշկի ախտահարված տեղամասերին անիլինային ներկերի 1 - 2 %-անոց սպիրտային լուծույթի քսում։ Մաշկի շփում 2 %-անոց սալիցիլային կամ բորաթթվային սպիրտով, հաջորդաբար ցանելով 5 - 10 %-անոց բորային կամ սուլֆանիլամիդային փոշի։ Օծում 5 - 10 %-անոց ծծմբային թափահարուկով։ Օստիոֆոլիկուլիտների առաջացմանը նպաստող պատճառների վերացում։

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին