Օսթեոխոնդրոզ բառն ունի հունարեն ծագում և նշանակում է ոսկրի և աճառի (շարակցական հյուսվածք) ձևափոխություն:

Ողնաշարի օսթեոխոնդրոզը հիվանդություն է, որի ժամանակ ախտահարվում են միջողնային սկավառակներն ու հարողնաշարային  հյուսվածքները:

Այս անվանման տակ հասկանում ենք միջողնաշարային սկավառակների  ձևախախտման գործընթաց, որի հետևանքով դրանք աստիճանաբար կորցնում են ճկունությունը,  կոշտանում, հաստանում,  նվազում է միջողնային տարածությունը, իսկ ողնուղեղից ձգվող նյարդաթելերն ու անոթները սեղմվում են: Այդ իսկ պատճառով  ցավ է առաջանում, իսկ նյարդանոթային հանգույցում` այտուց, որն էլ ավելի է սաստկացնում ցավը: Այս հիվանդության ժամանակ, կարծես, հիվանդագին  գործընթացի մեջ են ներքաշվում շատ մկաններ ու ներքին օրգաններ. պատճառն արյունամատակարարման  խանգարումն  է. օրինակ` պարանոցի օսթեխոնդրոզի դեպքում հիվանդը բողոքում է գլխացավերից, գլխապտույտից, ականջներում աղմուկից, տեսողության խանգարումից:

Կրծքավանդակի օսթեխոնդրոզի դեպքում դժվարանում է շնչառությունն ու սրտի աշխատանքը, իսկ օրինակ` գոտկատեղի օսթեխոնդրոզի պարագայում խանգարվում է մարսողական համակարգի, երիկամների աշխատանքը, նվազում է պոտենցիան:

Այս հիվանդությունն ունեցողների շարքում նյութափոխանակության, հորմոնալ ու անոթային  խանգարումներ ունեցողներն ամենամեծ թիվն են կազմում: Եթե միջոցներ ձեռք չառնվեն, ապա միջողնային կոշտացումները կարող են տարածվել, և ողնուղեղից ելնող նյարդանոթային հանգույցները  կվնասվեն, ինչի հետևանքներից են, օրինակ, միջողնային ճողվածքները:

Սա այն հիվանդությունն է, որով հիվանդանում է  երկրի հասուն բնակչության գրեթե 90%-ը: Այն երբեք «միայնակ» չի հայտնվում. միշտ էլ իր հետ բերում է  ցավերի մի փունջ, ինչպիսիք են գլխացավը, արյան բարձր ճնումը, տեսողության խանգարումը, աղմուկն ականջներում, վերջույթների թմրումը, հոդացավը և այլն: Տարեցտարի օսթեոխոնդրոզն ավելի ու ավելի է երիտասարդանում: Եթե առաջներում այն հանդիպում էր հիմնականում  40-ն անց տարիքի մարդկանց մոտ, ապա այսօր դրանից տառապում են 20-ն անց երիտասարդները: Այն հիմնականում  ի հայտ է գալիս  և՛ այն մարդկանց մոտ, որոնք հարաբերականորեն քիչ են շարժվում, սակավաշարժ են, և՛ նրանց մոտ, ովքեր շարժուն կենսակեպ ունեն: Եվ պատճառն այն է, որ ողնաշարի հիվանդությունը հաճախ առաջանում է երիկամների ու լյարդի հիվանդությունների դեպքում: Հետաքրքրականն այն է, որ հիվանդը  նշված օրգաններում ցավեր  ու գանգատներ կարող է երբեք էլ չունենալ ու չիմանալ խնդրի հիմնական  պատճառի մասին:

Արևելյան բժշկության մեջ երիկամներն ու լյարդը համարվում են կարևորագույն օրգաններ, եթե չասենք` ամենակարևորը մարդու օրգանիզմում: Լյարդը, ամենից բացի, նաև օրգանիզմի կարևորագույն զտիչն է, որը կոչված է արյունը մաքրելու  խարամներից ու թույներից: Իսկ երիկամներում  ծնվում է մարդու ներքին էներգիան, որի հաշվին էլ աշխատում է ողջ օրգանիզմը: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով այդ օրգանները սկսում են դանդաղ աշխատել, բնականաբար, իրենց առաջադրանքները չեն կարող լիարժեք կատարել: Այդ խանգարումների հետևանքներն անմիջապես չեն դրսևորվում:

Երբեմն տարիներ են պետք, որ մարդը զգա, որ իր օրգանիզմում ինչ- որ բան այնպես չէ: Ու երբ օրգանզիմում նման խանգարումներ են առաջանում, լյարդը արյունը լիարժեք չի մաքրում, իսկ դա նշանակում է, որ խարամները կուտակվում են  անոթներում, ինչի հետևանքով էլ խանգարվում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը: Իսկ երիկամներն անբավարար քանակով են  էներգիա մշակում,  դրա հետևանքով էլ մարդը  հաճախակի գլխացավեր է ունենում (հիմնականում ծոծրակային մասում), թուլություն,  շուտ է հոգնում: Թուլանում է իմունիտետը, և առաջանում է պարանոցային, իսկ հետագայում նաև կրծքավանդակային օսթեոխոնդրոզ:

Օսթեոխոնդրոզի մասին ժողովրդի մեջ գոյություն ունի կարծրացած համոզմունք, որ ողնաշարում  աղեր են կուտակվում: Սակայն այնտեղ  աղ չի կուտակվում, առհասարակ աղը  որևէ առնչություն չունի ողնաշարի ցավերի հետ: Տեսականորեն, խոհանոցային սովորական աղը ոչ մի կերպ ողնաշար ընկնել չի կարող:

Շատերը չգիտեն, որ օսթեոխոնդրոզի դեպքում առաջանում են օսթեոֆիտներ, որոնք շատ ավելի վատ են, քան աղը: Դրանք ոսկրային գերաճած մասեր են, որոնք առաջանում են ողնաշարի վրա ու կարող են ճնշել ներվաթելիկները, նվազեցնել ողնաշարի շարժունակությունն ու ամենակարևորը` կայունացնել միջողնային դուրս թռած սկավառակի դիրքը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին