Նկարագրություն

Ոստայնաբորբը (արախնոիդիտ) գլխուղեղի կամ ողնուղեղի ոստայնենու բորբոքային հիվանդություն է: Այն, որպես կանոն, զուգակցվում է փափուկ ուղեղապատյանի բորբոքման հետ:

Պատճառներ

Այս հիվանդությունը սովորաբար առաջանում է սուր և քրոնիկական վարակիչ հիվանդություններից, օրինակ` գրիպից, հավելյալ ծոցերի, ականջի բորբոքումներից, գանգի և ողնաշարի վնասվածքներից հետո, ինչպես նաև քրոնիկական թունավորումների (հատկապես` կապարով) հետևանքով: Որպես գանգի վնասվածքի, գրիպի և այլ հիվանդությունների հետևանք` ոստայնաբորբը հաճախ առաջանում է անկողնային ռեժիմ չպահպանելիս և բժշկի նշանակումները չկատարելիս:

Պաթոգենեզ

Ոստայնաբորբի դեպքում ոստայնենին և փափուկ պատյանը հաստանում են, խանգարվում է ուղեղողնուղեղային հեղուկի շրջանառությունը, բարձրանում է ներարգանդային ճնշումը, որը հանգեցնում է երկարատև գլխացավերի (արախնոիդիտի առավել հախախ հանդիպող ախտանշանը): Առանձին դեպքերում նկատվում են էպիլեպտիկ նոպաներ: Տեսողական նյարդերը ծածկող պատյանները բորբոքվելիս վատանում է տեսողությունը, գլխուղեղի հետին բաժնի արախնոիդիտի ժամանակ առաջանում են գլխապտույտ, լսողության թուլացում, հավասարակշռության խանգարում: Ողնուղեղային նյարդարմատների պատյանների բորբոքումն ուղեկցվում է մարմնի, ձեռքերի և ոտքերի ցավերով:
Հիվանդության ընթացքը քրոնիկական է, անուշադրության մատնված դեպքերում տարիներ շարունակ անհանգստացնում են գլխացավը, գլխապտույտը, վատանում են տեսողությունը և լսողությունը:

Բուժում

Ոստայնաբորբի ախտորոշումը և պատճառը հաստատում է բժիշկը` նյարդաբանական բաժնում մանրակրկիտ հետազոտություններից հետո:

Կանխարգելում

Սուր վարակիչ հիվանդությունների և քթըմպանի քրոնիկական բորբոքումների ժամանակին բուժումը կանխում է ոստայնաբորբի առաջացումը: Կապարի հետ աշխատելիս անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները: