Ոսկրածուծաբորբի (օստեոմիելիտ) հիմնական տեսակներն են`
- թարախային ոսկրածուծաբորբ,
- արյունածին (հեմատոգեն) ոսկրածուծաբորբ,
- տուբերկուլոզային ոսկրածուծաբորբ:
Ոսկրածուծաբորբը առաջանում է ոսկրածուծը թարախածին մանրէներով ախտահարվելիս (թարախային ոսկրածուծաբորբ)։ Աստիճանաբար տարածվում է նաև ոսկրի մյուս հյուսվածքների վրա։ Հատուկ ձև է տուբերկուլոզային ծագման ոսկրածուծաբորբը։

Պատճառներ
Թարախային ոսկրածուծաբորբի ժամանակ հարուցիչները ոսկր կարող են ներթափանցել անմիջապես վերքերի (բաց, հատկապես՝ հրազենային), կոտրվածքների միջոցով, հիմնականում՝ պատերազմի ժամանակ։
Խաղաղ պայմաններում գերակշռում է արյունածին (հեմատոգեն) ոսկրածուծաբորբը, որն առաջանում է հեռավոր, երբեմն բոլորովին չդրսևորվող թարախային վարակի օջախներից (օրինակ՝ ատամների ոսկրափուտ, նշագեդձերի քրոնիկական բորբոքում)՝ արյան հոսքով ոսկրի մեջ մանրէներ ներթափանցելիս։ Արյունածին ոսկրածուծաբորբը հիմնականում դպրոցական տարիքի երեխաների և դեռահասների հիվանդություն է, սակայն կարող է առաջանալ նաև վաղ մանկական տարիքում, երբեմն նույնիսկ նորածինների մոտ (պորտի թարախակալման ժամանակ)։

Պաթոգենեզ
Թարախային ոսկրածուծաբորբի ժամանակ ախտահարվում են հիմնականում երկար խոդովակավոր ոսկրերը (ազդրոսկր, սրունքի ոսկրեր, բազկոսկր), ընդ որում՝ թարախային օջախը գոյանում է հաճախ ոսկրի ծայրում՝ հոդին մոտ։

Արյունածին ոսկրածուծաբորբը սկսվում է հանկարծակի, դրսևորվում է ոսկրի ախտահարման հատվածում ցավերի առաջացմամբ, ծանր տենդային վիճակով (ջերմաստիճանիբարձրացում մինչև 39-40° C, դող, զառանցանք և այլն)։ Մի քանի օր անց վերջույթի ախտահարված հատվածի հյուսվածքներն ուռչում և պնդանում են, մաշկը կարմրում է։ Դա նշանակում է, որ բորբոքային գործընթացը ոսկրի խորքից անցել է շրջոսկրին, և թարախը, ճեղքելով այն, տարածվել է փափուկ հյուսվածքների վրա ու մաշկի տակ։ Երբեմն, հատկապես երեխաների մոտ, ցավը և տեղային մյուս ախտանշանները բորբոքման 1-ին օրերին բացակայում են կամ այնքան աննշան են, որ կարող են հայտնաբերվել միայն հատուկ հետազոտություններով։ Այդ երևույթները ծնողները չեն նկատում և հիվանդությունն ընդունում են որպես ծանր գրիպի հետևանք կամ ուրիշ ընդհանուր վարակիչ հիվանդություն։ Սակայն արյունածին ոսկրածուծաբորբի վաղ ախտորոշումն ունի շատ մեծ նշանակություն։ Չբուժված սուր ոսկրածուծաբորբը չափազանց վտանգավոր է, այն կարող է հանգեցնել ոսկրային հյուսվածքի տարածուն մեռուկացման, հարևան հոդերի վրա թարախակալման տարածման և այլ ավելի ծանր բարդությունների։ Լավագույն դեպքում կարող է վերքն ինքնուրույն բացվել, և թարախը հոսել դուրս։ Բայց դա առողջացման չի հանգեցնում, այլ միայն մեղմանում են ցավերն ու ընդհանուր ծանր խանգարումները (ջերմաստիճանի իջեցում և այլն), և ոսկրածուծաբորբի սուր ընթացքը վերածվում է քրոնիկականի։ Ախտահարված հատվածի խորքում մնում են մեռուկացած ոսկրաբեկորներ (սեքվեստրներ), որոնք երբեմն շատ խոշոր են։ Դրանց շուրջ թարախակալումը շարունակվում է, պահպանվում են համառ թարախային խուղակները և սրացումների վտանգը։ Ոսկրի տարածուն մեռուկացման ժամանակ մեռուկացած հյուսվածքն առողջից բաժանվելիս (սեքվեստրացում) կարող է առաջանալ ինքնաբեր (ախտաբանական) կոտրվածք։ Չբուժված քրոնիկական ոսկրածուծաբորբը ձգձգվում է երկար տարիներ, քանի դեռ խուղակի միջով բոլոր ոսկրաբեկորները դուրս չեն եկել, և դրանց տեղում նոր ոսկր չի գոյացել։ Ենթադրվում է, որ խոշոր սեքվեստրների ելքը հազվադեպ է լինում։

Բուժում
Սուր ոսկրածուծաբորբի հենց սկզբում սովորաբար հաջողվում է վիրահատական ճանապարհով (երբեմն նաև առանց վիրահատության) ոսկրային հյուսվածքում վերացնել բորբոքման օջախը և հասնել արագ առողջացման՝ թույլ չտալով, որ հիվանդությունն անցնի քրոնիկականի։ Քրոնիկական թարախային ոսկրածուծաբորբի ժամանակ, որպես կանոն, անհրաժեշտ է վիրահատական բուժում, ընդ որում՝ պահանջվում են կրկնակի վիրահատություններ։ Ուստի շատ կարևոր է բոլոր սուր սկսվող տենդային հիվանդությունների ժամանակ անհապաղ դիմել բժշկի, առավել ևս, եթե խանգարումն ուղեկցվում է ծայրանդամի որևէ հատվածի ցավերով։

Կանխարգելում
Արյունածին ոսկրածուծաբորբի կանխարգելումը պահանջում է երեխաների մոտ արյունածին վարակի հնարավոր աղբյուրների (քրոնիկական կամ հաճախակի կրկնվող նշագեղձերի բորբոքում, թարախային ականջաբորբ, հայմորիտ), ատամների ոսկրափուտի ժամանակին բուժում։ Հրազենային ոսկրածուծաբորբի և բաց կոտրվածքներից առաջացած ոսկրածուծաբորբի կանխարգելման համար էական նշանակություն ունի ճիշտ ցուցաբերած առաջին օգնությունը, վերքի շուրջ մաշկի վարակազերծում, մանրէազերծած վիրակապի, տրանսպորտային բեկակալի օգտագործումը։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին