Վարդագույն որքինը (pityriasis rosea gibert) բնորոշվում է սուր կերպով առաջացող մանր, վարդագույն բծերի համաչափ ցանավորումով իրանի, պակաս չափով՝ վերջույթների մաշկի վրա (դեմքի և գլխի մազածածկ մաշկը խիստ հազվադեպ բացառությամբ չի ախտահարվում)։ Բծերը աստիճանաբար մեծանալով, հասնում են մինչև 200 կոպեկանոց դրամի մեծության։ Դրանք կլոր են կամ ձվաձև, երբեմն՝ առողջ մաշկից քիչ բարձրադիր։ Մի քանի օր անց բծերն իրենց կենտրոնական մասում քիչ ներընկնում են, ձեռք են բերում շագանակագույն երանգ և ծածկվում են բարակ, ծալքավոր եղջերային թաղանթով, որը հետագայում վեր է ածվում մանր, ալրանման թեփերի, մինչդեռ ծայրամասում նրանք պահպանում են վարդագույն գունավորումն ու չեն թեփոտվում։

Թեփոտումը կենտրոնական մասում աստիճանաբար դադարում է, և ծայրամասային վառ կարմիր երիզի ու ավելի դժգույն կենտրոնական մասի միջև մնում է միայն շերտազատվող եղջերաշերտի նեղ երիզ, որը իր ազատ եզրով ուղղված է դեպի բծի կենտրոնը։ Քանի որ բծային ցանավորումը տեղի է ունենում ոչ միանգամից, այլ մի քանի օրվա ընթացքում, ցանի տարրերը, առանձնապես սկզբում, ունենում են տարբեր աստիճանի արտահայտվածություն, որը մաշկի ախտահարման պատկերին տալիս է բավականին խայտաբղետ տեսք։ Դեպքերի մոտավորապես 40-50%-ում ընդհանուր ցանավորմանը նախորդում է (7-12 օր առաջ) ավելի մեծ չափերի մեկ բծի առաջացումը՝ կլոր կամ օվալաձև, ծածկված մանր, ալրանման թեփուկներով ("մայրական" բիծ)։ Պահպանվելով 4-5 շաբաթ, բծերն աստիճանաբար դժգունանում են և անհետանում, չթողնելով հետք։ Պիգմենտավորված մաշկ ունեցող անձանց մոտ բծերի տեղում կարող է գոյանալ թեթև դեպիգմենտացիա։ Սուբյեկտիվ խանգարումները մեծամասամբ բացակայում են, միայն առանձին հիվանդներ գանգատվում են քորից։ Երբեմն սկզբնական շրջանում ցանավորումն ուղեկցվում է օրգանիզմի ջերմաստիճանի ոչ խիստ բարձրացմամբ և ընդհանուր տկարությամբ։ Շատ անգամ ցանավորումն առաջանում է բաղնիքում, լոգարանում, ցնցուղի տակ լողանալուց հետո։ Հիվանդությունը կարող է զարգանալ ցանկացած տարիքում, հաճախ՝ սեզոնային (գարնանն ու աշնանը), ոչ մեծ բռնկումների ձևով։ Կրկնումներ, շատ ծայրահեղ բացառությամբ, չեն նկատվում։

Հյուսվածաախտաբանությունը։ Աննշան այտուց և բորբոքային, գերազանցապես լիմֆոցիտար ինֆիլտրացիա բուն մաշկի պտկիկային շերտում, կենտրոնացված անոթների շուրջը։ Վերնամաշկում՝ օջախային սպոնդիոզ, մանր խոռոչների առաջացումով, պարակերատոզի երևույթներ։

Ախտապատճառները։ Հիվանդության սուր սկիզբը, երբեմն ուղեկցված ընդհանուր երևույթներով, սեզոնայնությունը, կրկնումների բացակայությունը (անընկալություն), առաջացումը ոչ մեծ բռնկումների ձևով ստիպում են ենթադրել վարդագույն որքինի ինֆեկցիոն բնույթի մասին։ Սակայն հիվանդության հարուցիչը մինչև այժմ չի հայտնաբերված։ Կարծիքներ կան վարդագույն որքինի վիրուսային էթիոլոգիայի վերաբերյալ։ Վարդագույն որքինի հպավարակելիությունն աննշան է։ Այնուամենայնիվ տվյալներ կան ընտանեկան հիվանդացության առանձին, շատ սակավ հանդիպող դեպքերի մասին։

Ախտորոշումը։ Տարբերական ախտորոշության տեսակետից պետք է նկատի ունենալ էկզեմատիդը, որը նույնպես արտահայտվում է զգալի քանակության վարդագույն, թեփոտվող բծերի սուր ցանավորումով։ Սակայն էկզեմատիդի ժամանակ բծերն ունենում են մեծ չափեր, իսկ թեփոտումը տարածվում է նրանց ամբողջ մակերեսի վրա, այն դեպքում երբ վարդագույն որքինի ժամանակ այն սահմանափակվում է բծերի միայն կենտրոնական մասով։ Սիֆիլիսային վարդաբիծը, խիստ հազվադեպ բացառությամբ, երբեք չի թեփոտվում։ Բացի այդ, վարդաբծերը, հակված չլինելով ծայրամասային աճի, ունենում են մոտավորապես նույն մեծությունը, չունենալով սակայն այն բազմատարրությունը, որը դիտվում է վարդագույն որքինի ժամանակ։

Բուժումը։ Արտաքին՝ ինդիֆերենտ փոշիների կամ թափահարուկների նշանակում, ուժեղ քորի ժամանակ դրանց մեջ ավելացվում են հակաքորային միջոցներ։ Մածուկների, քսուքների օգտագործումից պետք է խուսափել, քանի որ դա սովորաբար հանգեցնում է պրոցեսի սրմանը։ Այդ նույն պատճառով հիվանդը չպետք է լողանա։ Քորը մեղմացնելու համար՝ կալցիումի պրեպարատներ և հակահիստամինային միջոցներ։ Ընդհանուր երևույթների առկայության դեպքում նշանակում են սուլֆանիլամիդներ կամ հակաբիոտիկներ: Կան տվյալներ պանտոտենաթթվի բուժիչ ազդեցության վերաբերյալ:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին