Կարմիր տափակ որքին (lichen ruber planus) հիվանդությունը բնութագրվում է տափակ, առողջ մաշկի մակարդակից քիչ բարձրացող, բազմանկյուն հանգույցիկների ցանավորումով: Սկզբնական տարրերը հազիվ են հասնում գնդասեղի գլխիկի մեծության և ունենում են բաց վարդագույն գունավորում, որը գրեթե չի տարբերվում բնականոն մաշկի գույնից։ Հետագայում հանգույցիկները մասամբ մեծանում են ու դառնում վարդամանուշակագույն։ Բնորոշ է հանգույցիկների մակերեսի յուրօրինակ փայլը, որն առանձնապես լավ է երևում կողմնային լուսավորման ժամանակ։ Որոշ հանգույցիկների կենտրոնում կա ոչ մեծ պորտանման uեղմվածք։

Միաձուլվելով, հանգույցիկները գոյացնում են մանր թեփերով ծածկված ոչ մեծ վահանիկներ։ Առանձին հանգույցիկների ու հատկապես վահանիկների վրա կարելի է նկատել յուրօրինակ մոխրասպիտակ ցանցային գծագրություն, որն առանձնապես ցայտուն է երևում հանգույցիկներին (վահանիկներին) բուսական յուղ քսելուց հետո առաջացած բաց մանուշակա-վարդագույն ֆոնի վրա (Ուիկխեմի ախտանիշ)։ Դա պայմանավորված է վերնամաշկի հատիկային շերտի անհավասար հաստացումով։ Կարմիր տափակ որքինն ամենից հաճախ տեղակայվում է նախաբազուկների ներսային մակերեսներին, ծղիկադաստակային հոդերի, սրբանի, սրունքների շրջանում, ինչպես նաև (հատկապես տղամարդկանց մոտ) սեռական օրգանների վրա։ Առանձին դեպքերում ախտահարումը կարող է տեղակայվել ամբողջ մաշկային ծածկույթի վրա, չի ախտահարվում միայն դեմքի մաշկը։ Հազվադեպ, գերազանցապես վերջույթների վրա, ցանն ունի գծային, գոտենման տեղադրում։ Կարմիր տափակ որքինի ցանավորումն ուղեկցվում է քորով, հաճախ՝ շատ ուժեղ։ Մաշկի ախտահարման հետ միաժամանակ (հազվադեպ՝ մեկուսացած) կարող է զարգանալ բերանի խոռոչի լորձաթաղանթների ախտահարում։

Այտերի լորձաթաղանթի վրա հանդես են գալիս մանր, գնդասեղի գլխիկի մեծության սպիտակ հանգույցիկներ, որոնք միանալով, գոյացնում են յուրօրինակ, սպիտակ գույնի ցանց։ Լեզվի լորձաթաղանթի ախտահարման դեպքում բնորոշ է սպիտակ գույնի հանգույցիկների ցանավորումը։ Նրանք միաձուլվում են ու գոյացնում ոչ մեծ վահանիկներ: Շրթունքների կարմիր երիզի վրա (ավելի հաճախ՝ ստորին) կարմիր տափակ որքինն արտահայտվում է ոչ մեծ, քիչ թեփոտվող, մանուշակագույն վահանիկների գոյացումով, որոնց մակերեսի վրա երևում է մոիրասպիտակ ցանց։ Հիվանդության ընթացքը երկարատև է (մի քանի ամիս)։ Սկսվելով սուր կամ ենթասուր, մաշկային ախտահարումն սկզբնական շրջանում ունենում է առաջադիմող ընթացք, որն արտահայտվում է նոր տարրերի երևալով։ Այնուհետև գալիս է կայուն շրջանը, որը սովորաբար տևում է շատ ամիսներ։ Դրանից հետո ախտահարումն սկսում է աստիճանաբար լուծվել, ըստ որում հանգույցիկների ու վահանիկների տեղում մնում է գունակավորում։ Կրկնումները դիտվում են համեմատաբար հազվադեպ։ Բացի հիմնական ձևից, տարբերում են կարմիր տափակ որքինի մի քանի տարատեսակներ:

Օղականման ձև (liehen ruber annularis): Առանձին հանգույցիկներն ու վահանիկները ծայրամասորեն աճելով ու կենտրոնում ենթարկվելով ներծծման, գոյացնում են ոչ մեծ օղակներ, որոնց կենտրոնական մասը շագանակագույն է։ Օղակների ձևը կարող է ստացվել առանձին մանր հանգույցիկների միաձուլման հետևանքով։ Օղականման ձևն ավելի հաճախ դիտվում է տղամարդկանց սեռական օրգանների մաշկի վրա։

Բշտախտանման ձև (liehen ruber pemphigoides): Առանձին դեպքերում հիվանդության սկզբնական սուր շրջանում, հանgույցիկների ցանավորման հետ մեկտեղ, կարող է դիտվել բշտերի ցանավորում՝ սիսեռից մինչև բալի մեծության, լցված շճային կամ շճաարյունային պարունակությամբ։ Բշտերը գոյանում են կամ առերևույթ չախտահարված մաշկի, կամ հանգույցիկների ու կուտակների մակերեսի վրա։

Գորտնուկավոր, գերաճական ձև (liehen ruber verrucosus, l. r. Hypertrophicus): Սրունքների առաջային մակերեսին (ավելի պակաս՝ մաշկային ծածկույթի այլ տեղամասերում) գոյանում են առողջ մաշկի մակերեսից զգալիորեն բարձրադիր վահանիկներ՝ մանուշակագույն կամ գորշակարմիր գույնի, անհարթ մակերեսով, ծածկված հոծ եղջերային կուտակումներով։ Դրանց հեռացումից հետո շատ անգամ հայտնաբերվում են մանր, կետային սեղմվածքներ, որոնք վահանիկի մակերեսին կարծես տալիս են գնդասեղով ծակծկված տեսք։ Վահանիկների շրջակայքում կարելի է հայտնաբերել առանձին տիպական հանգույցիկներ։ Պահպանվելով բավականին երկար, վահանիկները վատ են ենթարկվում ապաքինման և, ի վերջո, կարող են կարծրանալ։

Ապաճական ու կարծրացող ձևեր։ Շատ հազվադեպ հանգույցիկների ու վահանիկների լուծման ժամանակ տեղի են ունենում ապաճական փոփոխություններ կամ, ընդհակառակը, կարծրացում, երբեմն կելոիդանման գոյացությունների զարգացումով ((liehen ruber planus scleroticus (s. keloidiformis S. Պ. Պավլովի):

Սրածայր, պերոֆոլիկուլային ձև (liehen ruber acuminatus, l. r. pIanopilaris): Որոշ հիվանդների մոտ տափակ հանգույցիկների հետ մեկտեղ առանձին տեղամասերում առաջանում է կոնաձև հանգույցիկների ցանավորում՝ ֆոլիկուլային տեղադրմամբ։ Այդպիսի հանգույցիկների կենտրոնում սովորաբար լինում է եղջերային փուշ։ Գլխի մազածածկ մասի վրա տեղադրվելիս պրոցեսը կարող է ավարտվել ապաճական սպիների գոյացումով։ Առանձին դեպքերում կարմիր տափակ որքինի հան գույցիկների ցանավորմանը կարող է նախորդել էրիթեմային բծերի առաջացումը, որոնք հիշեցնում են վարդագույն որքին, դրանց ֆոնի վրա հետագայում արդեն՝ ձևավորվում են կարմիր տափակ որքինին բնորոշ հանգույցիկներ: Առաջընթացային շրջանում հանգույցիկները կարող են ծագել մաշկային մանր վնասվածքների տեղում՝ երևույթ, որը նման է թեփատու որքինի ժամանակ դիտվող Կեբների ֆենոմենին (այսպես կոչված նույնաձևության ռեակցիա)։

Հյուսվածաախտաբանորեն վերնամաշկում նշվում է ականթոզ, հատիկային շերտի անհավասար հաստացում ու չափավոր գերեղջրացում։ Բուն մաշկում՝ բորբոքային ինֆիլտրատ, բաղկացած գրեթե բացառապես լիմֆոցիտներից։ Ինֆիլտրատը տեղադրվում է պտկիկային շերտում և, սերտորեն հպվելով վերնամաշկին, թափանցում է նրա ստորին շարքերը, որից հիմային շերտր շատ անգամ չի նշմարվում, իսկ նրա առանձին բջիջները, ինչպես և փշաձև շերտի ստորին շարքերի բջիջները երևում են պարփակումներով կամ կոլոիդային կազմափոխումներով։ Երբեմն վերնամաշկի ու ինֆիլտրացված բուն մաշկի միջև նշվում են ճեղքանման տարածություններ։

Ախտորոշումը։ Կարմիր տափակ որքինի ախտորոշումը տիպական դեպքերում դժվարություններ չի ներկայացնում։ Մանր պապուլային սիֆիլիդը կարմիր տափակ որքինից տարբերվում է հանգույցիկների ավելի մուգ գույնով, փայլի ու ցանցի, ինչպես նաև քորի, միաձուլվելու հակման ու վահանիկների գոյացման բացակայությամբ։ Առավել դժվար է կարմիր տափակ որքինի օղականման ձևի (սեռական օրգանների վրա տեղակայվելիս) և օղականման հանգույցիկային սիֆիլիդի տարբերակիչ ախտորոշումը։ Սակայն վերջինիս դեպքում օղակ առաջացնող հանգույցիկային գլանիկր ավելի լայն է, ունենում է պղնձակարմիր գույն և շատ անգամ մակերեսից էրոզիայի է ենթարկված։
Հատկապես դժվար է կարմիր տափակ որքինի վահանիկային ձևի տարբերակումը սիֆիլիսային հանգույցիկներից՝ լեզվի լորձաթաղանթի վրա նրանց տեղակայման դեպքում։ Ախտորոշումը կատարվում է մաշկի վրա կարմիր տափակ որքինին բնորոշ ցանավորումների հայտնաբերման հիման վրա։ մինչդեռ մեկուսացած ախտահարումների դեպքում (որոնք դիտվում են շատ հազվադեպ)՝ արյան շիճուկաբանական հետազոտման տվյալների հիման վրա (Վասերմանի ռեակցիա)։ Շրթունքների կարմիր երիզի կարմիր տափակ որքինր տարբերվում է նույնպիսի տեղակայում ունեցող կարմիր գայլախտից վահանիկների մակերեսի վրա մոխրասպիտակ ցանցի հայտնաբերումով ու ապաճական փոփոխությունների բացակայությամբ։

Ախտապատճառներն ու ախտածնությունը։ Կարմիր տափակ որքինի ախտապատճառներն ու ախտածնությունը բացահայտված չեն։ Ենթադրում են, որ հիվանդությունն ունի վարակական, վիրուսային բնույթ, հօգուտ որի վկայում են ընտանեկան հիվանդացման դեպքերը, հակաբիոտիկներով տարվող բուժման բարենպաստ արդյունքներր, ինչպես և որոշ հեղինակների կողմից հայտնաբերված ներբջջային պարփակումներր։ Մի շարք փաստեր ցույց են տալիս նյարդային համակարգի դերը հիվանդության զարգացման մեջ առանձին դեպքերում հիպնոսով ու ռեֆլեկտոր հատվածային բուժումով ձեռք բերված հաջողությունը, հիվանդների նյարդային համակարգի կողմից հաճախ դիտվող ֆունկցիոնալ փոփոխությունները, նյարդերի ուղղությամբ ցանի գոտենման տեղադրման դեպքերը։

Բուժումը։ Սուր շրջանում նշանակվում են հակաբիոտիկներ՝ տետրացիկլին, քլորտետրացիկլին, օրական 600000-800000 ԱՄ, օլեանդոմիցին՝ օրական 1000 000 ԱՄ, մինչև 8 000 000-10 000 000 ԱՄ գումարային դոզայով։ Ցուցված է հանգստացնող պրեպարատների նշանակում (բրոմ, վալերիան), կալցիումի քլորիդի ներերակային ներարկումներ B1 վիտամինի սրսկումներ, ներքին ընդունման նիկոտինաթթու, որոնք զգալիորեն պակասեցնում են քորի զգացումը։

Համաձայն մի շարք հեղինակների տվյալների` լավ արդյունք է ցուցաբերում հիպնոսաբուժումը, ինչպես նաև էլեկտրական քունը։ Առանձին դեպքերում արդյունավետ է УВЧ-ով բուժումը կամ դիաթերմիան։ Խորհուրդ է տրվում նաև հակամալարիային պրեպարատների (ռեզոխին և այլն) նշանակում՝ զուգորդված կորտիկոստերոիդային հորմոնների ոչ մեծ դոզաների հետ (պրեդնիզոլոն՝ 15-20 մգ): Արտաքին բուժումը հակաքորային միջոցներով քիչ արդյունավետ է։ Բուժման նկատմամբ ամենից համառն է կարմիր տափակ որքինի գերաճական ձևը, որի դեպքում ամենալավ արդյունքը տալիս է ինֆիլտրացիոն նովոկաինային բլոկադան, ածխաթթվային ձյունով մասաժը, դիաթերմոկոագուլյացիան։

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին