Մարդու մաշկի վրա պարազիտում են երեք տեսակի ոջիլներ, գլխի, հագուստի և ցայլքի։

Գլխի ոջիլները (Pediculi capitis) մոխրագույն են, արուն 2-3 մմ, էգը՝ 2,4-4 մմ մեծությամբ։ Ապրելով գլխի մազածածկ մասի վրա, ոջիլները դնում են մոխրասպիտակ գույնի, 0,75-0,8 մմ երկարությամբ ձվեր (անիծներ), որոնք խիտինային նյութով ամուր կպչում են մազերին։ Ոջիլի խայթածը առաջացնում է քոր։ Քորելիս մաշկի վրա առաջացած քերծվածքները շատ անդամ բարդանում են թարախածին վարակով գերազանցապես սովորական իմպետիգոյի ձևով։

Բուժումը։ Ոջլոտության չբարդացած դեպքերում խորհուրդ է տրվում մազերը թրջել նավթով՝ հավասար քանակությամբ խառնված որևէ բուսական յուղի հետ, ծածկել մոմլաթով և կապել գլխաշորով, 8-10 ժամ անց գլուխր լվանալ տաք ջրով ու օճառով։ Անիծները հեռացնելու համար մի քանի օր մազերը սանրում են խիտ սանրով, որի վրա անցկացված է տաքացրած քացախով թրջված բամբակ։ Իմպետիգոյով բարդանալիս նշանակվում է գլխի մազոտ մասի օծում 2-5 %-անոց սպիտակ սնդիկի օծանելիքով։

Հագուստի ոջիլները (Pedicuii vestimenti) սպիտակամոխրագույն են, գլխի ոջիլներից ավելի խոշոր, արուն ունի 2,1-3,75 մմ մեծություն, էգը՝ 2,2-4,75 մմ է Նրանք ապրում են սպիտակեղենի ու վերնազգեստի վրա, որտեղից ընկնում են մաշկի վրա։ Ոջիլի խայթումը ամենից հաճախ սպիտակեղենի հետ սերտորեն շփվող տեղամասերում (գոտկատեղ, թիակների, սրունքների, պարանոցի շրջաններ) առաջացնում է ուժեղ քոր։ Քորելիս առաջացած գծային քերծվածքները հաճախ բարդանում են թարախածին վարակով, մեծամասամբ առաջացնելով սովորական էկթիմաներ կամ ֆուրունկուլներ։ Երկարատև ոջլոտության դեպքում մաշկն այդ տեղամասերում պիգմենտավորվում է և որքինանում։

Անհրաժեշտ են հետևյալ ընդհանուր հիգիենիկ միջոցառումները, սպիտակեղենի ախտահանում (տաք արդուկով արդուկում, եռացում), վերնազգեստի ախտահանում (խցային եղանակով), լոգանք բաղնիքում։

Ցայլքի ոջիլները (Pediculi pubis) շատ փոքր են. արուն՝ մոտ 1 մմ, էգը՝ 1,5 մմ: Ապրում են գերազպնցապես ցայլքի, շեքի, փոշտի, հետանցքի, երբեմն թևատակային փոսերի, ծայրահեղ հազվադեպ՝ մորուքի, արտևանունքների շրջանում։ Մազոտ մարդկանց մոտ կարող են տարածվել ամբողջ մաշկային ծածկույթով։ Ցայլոջիլները հատուկ աքցանանման գոյացություններով ամուր կպչում են մաշկին։ Մազերի մեջ հայտնաբերվում են մանր անիծներ։ Պարազիտների ներկայությունն առաջացնում է քոր, ճանկռվածքներ, իսկ որովայնի և կրծքի կողմնային մակերեսների մաշկի վրա՝ նաև կապույտ բծեր (maculae coeruleae), որոնք մատով սեղմելիս չեն անհետանում։ Վարակումը տեղի է ունենում սեռական հարաբերությունների, միևնույն մահճակալում քնելու ժամանակ, ինչպես նաև սպիտակեղենի միջոցով։

Բուժումը։ Հանձնարարվում է մազերը սափրել և ախտահարված տեղամասերի մաշկին քսել սպիտակ սնդիկի 5-10 %-անոց օծանելիք կամ բենզիլբենզոատի 25%-անոց էմուլսիա։

Կանխարգելումը։ Ոջլոտությունը միշտ վկայում է ազգաբնակչության համապատասխան մասի կամ առանձին կոլեկտիվների անբարենպաստ սանիտարահիգիենիկ վիճակի մասին (կուտակվածություն, բաղնիքալվացքային ծառայության անբավարար դրվածք և այլն)։ Խաղաղ պայմաններում ոջլոտությունը գրեթե չի նկատվում, բայց պատերազմների ժամանակ կարող է լայն տարածում ունենալ։