Հասուն մարդու ողնաշարն ունի ոչ մեծ ծռումներ, որոնք պարանոցային և գոտկային հատվածներում ուղղված են դեպի առաջ, իսկ կրծքային և սրբոսկրային հատվածներում՝ դեպի հետ։ Ձևավորվում են աստիճանաբար՝ օրգանիզմի աճին զուգընթաց, հատկապես, երբ երեխան սկսում է կանգնել և քայլել։ Օրգանիզմի այդ ծռումները մեղմում են ողնաշարի վրա ուղղաձիգ բեռնվածությունը (ցատկումների ժամանակ, ոտքերի վրա ընկնելիս ևն) և կոչվում են ֆիզիոլոգիական ծռումներ։

Ի տարբերություն ֆիզիոլոգիական ծռումների՝ ողնաշարի ծռումները հիվանդագին վիճակ են, լինում են 3 տեսակի՝
 

- կողմնային (սկոլիոզ),
- դեպի հետ (կիֆոզ),
- դեպի առաջ (լորդոզ)։


 

Պատճառներ

Սկոլիոզը լինում է բնածին (ողների ոչ ճիշտ զարգացում) և ձեռքբերովի, առավել հաճախ առաջանում է 5-15 տարեկանում, հատկապես դպրոցական տարիքի երեխաների մոտ։ Առաջացմանը նպաստում է դասերի ժամանակ ոչ ճիշտ դիրքով նստելը, որը հանգեցնում է ողնաշարի և մեջքի մկանների անհամաչափ բեռնվածության, հոգնեցնում և թուլացնում է դրանք։ Հետագայում առաջանում են ողնաշարի կապանների և ողների ձևի փոփոխություններ, ձևավորվում են ողնաշարի կայուն կողմնային ծռումներ։ Երեխաների սկոլիոզը կարող է լինել նաև ծանր ռախիտի, իսկ մեծերինը՝ մեջքի մկանների երկարատև անհամաչափ բեռնվածության (այսպես կոչված՝ ջութակահարների դերձակների, բեռնակիրների մասնագիտական սկոլիոզ և այլն) հետևանք։ Այդ դեպքում ծռումները դանդաղ են առաջանում և հազվադեպ են հասնում մանկական տարիքին բնորոշ աստիճանի։ Երբեմն սկոլիոզի առաջացման պատճառ են դառնում ողների կոտրվածքները, հիվանդագին գործընթացների՝ հատկապես տուրերկուլիոզի հետևանքով դրանց քայքայումը։ Այսպես կոչված՝ ֆունկցիոնալ սկոլիոզը կարող է առաջանալ հիվանդի 1 ոտքի կարճությունից։

Կիֆոզը լինում է աղեղնաձև (ողնաշարի այս կամ այն հատվածը համաչափ ծռվում է դեպի հետ) և անկյունաձև (ողնաշարը ծռվում է մի քանի ողների հատվածում)։ Աղեղնաձև կիֆոզն առաջանում է հիմնականում ողնաշարի կրծքային հատվածում (այսպես կոչված՝ կոր մեջք), որի պատճառ կարող են լինել մեջքի մկանների բնածին թուլությունը, մանկ, տարիքում տարած ծանր ռախիտը, իրանի երկարատև ծռված դիրքը (հաստոցի, գրասեղանի առաջ, հանքահորում)։ Անկյունաձև կիֆոզն առաջանում է հիմնականում ողնաշարի՝ կրծքային հատվածում և կոչվում Է կուզ։ Պատճառը հիմնականում տուբերկուլյոզի հետևանքով ողների ախտահարումն է և դրանց տափակելը: Լորդոզը սովորաբար նկատվում Է ողնաշարի գոտկային հատվածում։ Այն առավել հաճախ առաջանում Է բնածին կոնքազդրային հոդերի հոդախախտումների դեպքում, Երբ մարմնի ծանրության կենտրոնն ուղղաձիգ դիրքից տեղափոխվում է առաջ, և հավասարակշռությունը պահպանելու համար իրանը, կորանալով գոտկատեղից, հետ Է թեքվում։ Ֆիզիոլոգիական գոտկային լորդոգը կարող Է սաստկանալ որովայնի չափից դուրս ճարպակալման դեպքում։

Պաթոգենեզ
Առավել հաճախ ձեռքբերովի սկոլիոզի կլինիկական դրսևորումներ լինում են, երբ ողնաշարը մեջքի մկանների հոգնածությունից թեթևակի ծռվում է կողքի, որն անհետանում է հանգստից հետո։ ժամանակի ընթացքում ծռումները կայունանում են, որի հետևանքով փոխվում են հիվանդի կեցվածքը, կրծքավանդակի ձևը, ողնաշարի շարժունությունը խիստ նվազում է, իսկ ցանկացած ֆիզ. լարվածություն՝ հոգնեցնում։ Նրանք հաճախ են գանգատվում մկանային և միջկողային ցավերից՝ նյարդացավերից։ Սկոլիոզի շատ ծանր դեպքերում նկատվում է ներքին օրգանների դիրքի փոփոխություն, որը կարող է խանգարել դրանց ֆունկցիաները և նվազեցնել աշխատունակությունը։ Աղեղնաձև կիֆոզի առկայությունը ոչ միայն փոխում է մարդու կեցվածքը, այլև հանգեցնում է կրծքավանդակի շնչառական տարողության փոքրացմանը (քանի որ լիարժեք շնչառումը պահանջում է ողնաշարի առավելագույն ուղղում), իսկ անբավարար շնչառությունը կարող է բացասաբար ազդել արյան շրջանառության վրա։ Հաճախ աղեղնաձև կիֆոզի ժամանակ ուսերն առաջ թեքված են և իջած, որովայնը՝ դուրս պրծած և քիչ կախ ընկած։

Անկյունաձև կիֆոզը ուղեկցվում է իրանի արտահայտված կարճացմամբ (վերը գտնվող մարմնամասերի ծանրության տակ) ու կրծքի խիստ դուրս պրծնելով։ Այս ձևախախտումը ծանր է անդրադառնում ներքին օրգանների ֆունկցիաների, հիվանդի աշխատանքային գործունեության և անձնական կյանքի վրա։ Տուբերկուլյոզային ողնաշարաբորբի ժամանակին բուժումը սովորաբար կանխում է կուզի առաջացումը, քանի որ հնարավորություն է ստեղծում պահպանելու ողնաշարի բնականոն ձևը՝ մինչև տուբերկուլոզային օջախների բուժումը և ողների դիմացկունության վերականգնումը։ Մարդկանց գերակշռող մեծամասնության մոտ թեպետ տուբերկուլյոզային գործընթացը բարեհաջող Է ավարտվում, բայց ողնաշարաբորբի ուշ բուժման հետևանքով կուզ է առաջանում, որը միշտ չէ, որ հաջողվում Է նույնիսկ վիրահատական եղանակով վերացնել։ 

Բուժում / Կանխարգելում
Սկոլիոզը բուժում են ողնաշարի ձևն ուղղող հատուկ մարմնամարզական վարժությունների միջոցով, որոնք նշանակում և հսկում է բժիշկը։ Երբեմն նշանակվում է կրել սեղմիրան։ Երկարատև բարձիթողի սկոլիոզի դեպքում կարող է պահանջվել նաև վիրահատական բուժում։ Սկոլիոզի կանխարգելումն առավել արդյունավետ է, քան բուժումը։ Երեխաների բնածին կամ ձեռքբերովի սկոլիոզի (ոսկրերի և հոդերի վնասվածքների կամ հիվանդությունների հետ կապ չունեցող) 1-ին ախտանշանների դեպքում, բժշկի հետ խորհրդակցելուց հետո, անհրաժեշտ են ողնաշարի վրա բեռնվածությունը թեթևացնող ռեժիմ, վիտամիններով հարուստ սնունդ, հարթ, կոշտ անկողին, բավարար քուն, օդային և արևային լոգանքներ, շարժուն խաղեր, առավոտյան մարմնամարզություն։ Դպրոցականներին պետք է սովորեցնել ճիշտ նստել նստարանի (սեղանի) մոտ, ապահովել աշխատատեղի լուսավորվածությունը, դաստիարակել ճիշտ կեցվածք։ Երեխաների սկոլիոզի 1-ին ախտանշանների դեպքում անհրաժեշտ է կատարել իրանի մկաններն ամրապնդող, ողնաշարի ճիշտ դիրքը պահպանող վարժություններ, մերսում և այլն (բժշկի Նշանակմամբ)։ Սկոլիոզի վաղ հայտնաբերումը (ողնաշարի ոչ օրգանական ախտահարումով պայմանավորված) և բժշկի կանխարգելիչ ու բուժական խորհուրդներին համբերատար, պարտադիր հետևելը մեծ մասամբ արդյունավետ են։

Մասնագիտական սկոլիոզի կանխարգելումը ենթադրում է աշխատանքի և հանգստի ճիշտ ռեժիմ, աշխատանքի ընթացքում ֆիզկուլտուրային դադարներ, մկանների ընդհանուր առողջացմանը և ամրապնդմանը նպաստող ֆիզկուլտուրայով և սպորտով զբաղվելը։ Ֆունկցիոնալ սկոլիոզի առաջացումը կանխվում է ոտքի կարճությունը համակշռող հատուկ կոշիկ հագնելու, սարքավորումներ կրելու միջոցով։ Աղեղնաձև կիֆոզի կանխարգելումը նույնն է, ինչ սկոլիոզի դեպքում։ Աղեղնաձև կիֆոզի բուժումը ենթադրում է շտկող մարմնամարզություն, ֆիզիոթերապևտիկական բուժարարողություններ, առողջարանաառողջավայրային բուժում։ ժամանակին բժշկի դիմելիս հիվանդության առաջընթացը կանխվում է։ Լորդոզը դրսևորվում Է ողնաշարի ձևախախտումով և ցավերով, որոնք պայմանավորված են ողների մարմինների վրա բեռնվածության վերաբաշխմամբ և ողնաշարի մկանակապանային համակարգի գերպրկմամբ։ Սահմանափակվում են ողնաշարի ախտահարված հատվածի ակտիվ շարժումները։ Լորդոզը հաճամոքս, աղիքներ, երիկամներ) իջեցումով, որով Էլ բացատրվում են դրանց գործունեության խանգարումները։ Լորդոզի բուժումն ու առաջընթացի կանխարգելումը, անհրաժեշտ է պարզել պատճառը, ինչպես նաև բժշկի նշանակմամբ կատարել շտկող մարմնամարզություն, մերսում ևն։ Հաճախ բուժման համալիրում նախատեսվում է նաև բանդաժ կրելը, որը հեշտացնում Է որովայնի խոռոչի ներքին օրգանների գործունեությունը:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին