Օբստրուկտիվ բրոնխիտԲրոնխիտի այս ձևն ուղեկցվում է բրոնխների խցանման համախտանիշով։ Օբստրուկցիան կամ շնչական ուղիների նեղացումը կարող է լինել այդ ուղիների լուսանցքում լորձի կուտակման, բրոնխների պատերի հաստացման, բրոնխային մկանունքի կծկման, թոքի կծկման (ռետրակցիայի) ուժերի թուլացման հետևանքով և այլն։ Շնչական ուղիների օբստրուկցիայի բնորոշ նշանը, որը հաճախ նկատվում է մանկական տարիքում, «սուլոցով արտաշնչումն է»։

Հիվանդության ախտանիշը՝ օբստրուկցիան, շատ հաճախ բրոնխիոլիտների և բրոնխիտների ժամանակ է նկատվում։ Այդ պատճառով էլ սուլոցով արտաշնչման դեպքում (էքսպիրատոր սուլոց, շնչառության էքսպիրատոր դժվարացում, էքսպիրատոր ստրիդոր) ճիշտ կլինի խոսել բրոնխների օբստրուկցիայի մասին («Ասթմային համախտանիշ» տերմինը կարելի է կիրառել միայն այն դեպքում, երբ ասթմայի առկայությունը հաստատվում է այլ լրացուցիչ տվյալներով)։

Ռենտգենաբանորեն սուր բրոնխիտն արտահայտվում է թոքերի ու թոքարմատների պատկերի ուժեղացումով, հատկապես ստորին միջադիր գոտիներում՝ երկու կողմից։ Շատ կարևոր է թոքային հյուսվածքում օջախային և ինֆիլտրատիվ փոփոխությունների բացակայությունը։ Թոքապատկերի ռեակտիվ ուժեղացումը բրոնխիտի կլինի-կական արտահայտություններից առավել երկարատևն է (7-14 օր և ավելի)։ Սուր բրոնխիտով հիվանդ երեխաները սովորաբար ռենտ գենաբանական հսկողության կարիք չեն ունենում։ Թոքաբորբի ժխտման համար բավական է միայն մեկ ռենտգեննկարահանումը։ Ռենտգենաբանը իրավասու է ախտորոշել թոքաբորբ միայն այն դեպքերում, երբ թոքային հյուսվածքի ռենտգեննկարում ինֆիլտրատիվ փոփոխություններ են երևում։ Մանր օջախային ստվերները թոքաբորբի ախտորոշման հիմք չեն ծառայում, քանի որ պայմանավորված են գերարյունության հատվածում անոթների տանգեցիալ հատումով, որը սուր բրոնխային պրոցեսի ժամանակ հանդես է գալիս որպես օրինաչափ ռեակցիա (Օ.Ա. Սպորով)։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին