Նկարագրություն

Նյարդաբորբը (նեվրիտ) իրենից ներկայացնում է ծայրամասային նյարդերի բորբոքային հիվանդություն:

Պատճառներ

Նյարդաբորբի առաջացման պատճառներն են`

- նյարդի անբավարար արյունամատակարարումը,
- նյութափոխանակության խանգարումները,
- վարակիչ հիվանդությունները,
- թունավորումները,
- վնասվածքները և այլն:

Դիմային նյարդի բորբոքումը սովորաբար կապված է մրսածության, ինչպես նաև միջին ականջի բորբոքման հետ:

Լսողական նյարդը բորբոքվում է նյութափոխանակության խանգարումների և նյարդի անբավարար արյունամատակարարման ժամանակ:

Արմնկային, ճաճանչային և միջնական նյարդերի բորբոքումներն առաջանում են ուսահոդի և արմնկահոդի վնասվածքների, նախաբազկի կոտրվածքների ու վնասվածքների, ինչպես նաև օրգանիզմի թունավորումների ժամանակ:

Ազդրային նյարդի և նստանյարդի բորբոքումները հաճախ առաջանում են ողնաշարի հիվանդությունների և մրսածության ժամանակ:

Պաթոգենեզ

Նյարդաբորբի դրսևորումներն են ցավերը, ընդհանուր թուլությունը, ախտահարված նյարդով նյարդավորվող մկանի ծավալի փոքրացումը, ինչպես նաև զգացողության և շարժողության խանգարումները: կարող են ախտահարվել գանգուղեղային և ողնուղեղային նյարդերը: Որպես կանոն, դիմային նյարդի բորբոքման ժամանակ առաջանում է դեմքի կեսի մկանների լուծանք` աչքը չի փակվում, բերանի անկյունն իջած է, հիվանդը չի կարողանում ատամները ցույց տալ, հոնքերը կիտել կամ այտերն ուռեցնել: Հեղուկ սնունդը բերանի ախտահարված կողմից հոսում է: Հաճախ առաջանում են հարականջային շրջանի ցավեր:

Լսողական նյարդի ախտահարմանը բնորոշ ախտանշաններն են գլխապտույտը, ականջներում աղմուկի զգացողությունը և լսողության հարաճուն թուլացումը:

Արմնկային, ճաճանչային և միջնական նյարդերի բորբոքմանը առավել բնորոշ են մատների, դաստակի շարժողության խանգարումները, բազկի, նախաբազկի, դաստակի շրջանում զգացողության իջեցումը և ցավերը, ինչպես նաև ձեռքի մկանների ապաճումը:

Ազդրային նյարդի և նստանյարդի բորբոքումները ուղեկցվում են ոտքի ցավերով, մաշկի զգացողության նվազմամբ, ազդրի և սրունքի մկանների ապաճումով և մկանային ուժի թուլացմամբ:

Բուժում

Նյարդաբորբի բուժումն իրականացվում է բժշկի նշանակմամբ և հսկողությամբ: Բուժման ընթացքում օգտագործվում են ցավերը հանգստացնող և ախտահարված նյարդի ֆունկցիան վերականգնող միջոցներ:

Կանխարգելում

Նյարդաբորբի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է խուսափել մրսելուց և վնասվածքներ ստանալուց: Նաև անհրաժեշտ է բուժել վարակիչ հիվանդությունները: