Նորածինների բշտաբորբ (pemphigus neonatorum): Սուր վարակիչ Հիվանդություն է, աչքի է ընկնում իր մեծ հպավարակելիությամբ։ Ախտահարում է նորածիններին կյանքի առաջին 7-10 օրերում։ Աչքի է ընկնում շատ արագ առաջացող բշտերով, որոնք գոյանում են էրիթեմատոզ բծի ֆոնի կամ երևութապես առողջ մաշկի վրա, շրջապատված լինելով նեղ վարդագույն պսակով։ Սկզբնական բշտերը, որոնք լինում են խոշոր սիսեռի մեծության, կիսագնդաձև բարձրանում են շրջակա մաշկի մակարդակից վեր և լցված են շճային, թափանցիկ պարունակությամբ։ Արագորեն մեծանալով ծայրամասային աճման միջոցով, նրանց տրամագիծը կարող է հասնել մի քանի սանտիմետրի։ Միաժամանակ նրանք դառնում են ավելի ծալքավոր բնույթի, պարունակությունը դառնում է պղտոր։ Սպիտակեղենի հետ շփվելու հետևանքով բշտերը բացվում են, գոյացնելով կարմրավարդագույն քերծվածքներ, որոնց շուրջը կախվում են բշտերի ծածկի մնացորդներ։ Պինցետով ձգելու ժամանակ կարելի է շարունակել էպիթելի շերտազատումր էրոզիայի սահմանից դուրս։ Ամենից հաճախ բշտերի ցանավորումն սկսվում է վերին ծայրանդամների ու որովայնի (պորտի շուրջը) մաշկի վրա, սակայն հետագայում նրանք կարող են տարածվել ամբողջ մաշկային ծածկույթով մեկ։ Պորտային վերքի շրջանում ոչ հազվադեպ դիտվում է այտուց, հիպերեմիա և կեղևների կուտակում։ Հիվանդների ընդհանուր վիճակը թեթև դեպքերում կարող է խանգարված չլինել։ Ավելի ծանր դեպքերում նշվում է օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38° և ավելի, թուլություն, ախորժակի կորուստ, լուծ։

Բացառիկ ծանր դեպքերում կարող է զարգանալ սեպտիկոպիեմիա, որը ոչ հազվադեպ վերջանում է երեխայի մահով։

Նորածինների պեմֆիդուսի բացառիկ ծանր ձևն է ներկայացնում, այսպես կոչված Ռիտերի թերթաձև մաշկաբորբը։ Հիվանդությունն սկսվում է բշտերի ցանավորումով, որոնք, արագ մեծանալով ու բացվելով, տանում են դեպի վառ կարմիր գույնի տարածուն էրոզիաների գոյացմանը: Արտաքինից առողջ թվացող մաշկի տեղամասերում մատով թեթև տրորելու դեպքում տեղի է ունենում եղջերաշերտի շերտազատում և գոյանում են էրոզիաներ։ Մի քանի օրվա ընթացքում պրոցեսն ախաահարում է գրեթե ամբողջ մաշկային ծածկույթը և, որպես կանոն, տանում է դեպի սեպսիսի զարգացումը, որը հաճախ մահացու վախճան է ունենում:

Հյուսվածաախտաբանությունը։ Բշտի խոռոչը տեղադրված է անմի֊ ջապես եղջերային շերտի տակ և լցված է աննշան քանակությամբ նեյտրոֆիլներով։ Փշաձև շերտի բջիջները, որոնք կազմում են բշտի հատակը, թույլ են ներկվում, նրանց միջև հանդիպում են առանձին լեյկոցիտներ, դերմայում՝ պտկիկային շերտի անոթների լայնացում և նրանց շուրջը աննշան ինֆիլտրացիա, գերազանցապես նեյտրոֆիլներից։

Ախտորոշումը։ Տարբերական ախտորոշման տեսակետից պետք է նկատի ունենալ նորածինների սիֆիլիսային բշտաբորբը և բնածին էպիդերմոլիզը, որոնք տարբերվում են նորածինների պեմֆիդուսից նրանով, որ ի հայտ են գալիս արդեն ծննդաբերության պահին և տեղակայվում են մաշկի այն տեղամասերում, որոնք ենթարկվում են վնասման (նորածինների մոտ՝ գլուխ, ուսեր, ստորին վերջույթներ)։ Կասկածելի դեպքերում բշտերի պարունակությունր հետազոտվում է դժգույն տրեպոնեմի նկատմամբ, իսկ արյունր պետք է հետազոտել րստ Վասերմանի ռեակցիայի, նստվածքային ռեակցիաների և դժգույն տիեպոնեմների անշարժացման ռեակցիայի։

Ախտապատճառները։ Համաճարակաբանությունը։ Հիվանդությունն առաջացնում է ոսկեգույն ստաֆիլոկոկը, որն օժտված է բարձր տոքսիկությամբ։ Վարակի աղբյուրն ամենից առաջ հանդիսանում են բժշկական անձնակազմը (քույրեր, խնամողներ) կամ նորածինների մայրերը, որոնք վերջերս տարել են մաշկի ստաֆիլոկոկա֊ յին ախտահարումների ինչ-որ ձևեր (ֆուրունկուլներ, հիդրադենիտ)։ Ինֆեկցիայի վարակի հետագա փոխանցումը մեկ նորածնից մյուսին բժշկական անձնակազմի ձեռքերի կամ սպիտակեղենի միջոցով կարող է ծննդատներում առաջացնել հիվանդության համաճարակային բռնկում։

Բուժումը։ Բշտերը բացել և. ծածկերի մնացորդներն զգուշորեն հեռացնել, էրոզիաներին քսել բորանաֆթալանային 5 %-անոց, գենցիանվիոլետի 2 %-անոց օծանելիք։ Տաք լոգանքներ կալիում պերմանգանատով։ Ընդհանուր բուժումը, հակաբիոտիկներ կամ սուլֆանիլամիդներ։

Կանխարգելումը։ Առողջ նորածինների անհապաղ անջատում հիվանդներից, բժշկական անձնակազմի հիվանդ անձանց ժամանակավոր հեռացում աշխատանքից։ Շենքի մանրազնին ախտահանում, սպիտակեղենի հականեխում: