Նիսթագմը ակնաշարժ խանգարումների ծանր ձևերից է, որը դրսևորվում է աչքերի ակամա տատանողական շարժումներով և ուղեկցվում է տեսողության սրության զգալի իջեցումով` թույլ տեսողությամբ: Նիսթագմի առաջացումը կարող է պայմանավորված լինել կենտրոնական կամ տեղային ազդակների ազդեցությամբ: Նիսթագմը սովորաբար առաջանում է բնածին կամ վաղ ձեռքբերովի տեսողության իջեցման ժամանակ, որը կապված է աչքի տարբեր հիվանդությունների հետ (օպտիկական միջավայրերի մթագնման, տեսողական ներվի ատրոֆիայի, ալբինիզմի, ցանցաթաղանթի դիստրոֆիայի և այլն), որի արդյունքում խանգարվում են տեսողական ֆիքսացիայի մեխանիզմները: Նիսթագմի առանձին տարատեսակների ժամանակ պահպանվում է բավական բարձր տեսողության սրություն, այդ դեպքում նիսթագմի առաջացման պատճառը ակնաշարժ ապարատի կարգավորման խանգարումն է:

Կախված տատանողական շարժումների ողղությունից տարբերում են` հորիզոնական (առավել հաճախ հանդիպող), ուղղահայաց, շեղակի, պտուտականման նիսթագմ, ըստ շարժումների բնույթի` ճոճանակաձև (տատանողական շարժումների հավասար ամպլիտուդով), հրոցանման (տատանման տարբեր ամպլիտուդով`դանդաղ ֆազայով մի ուղղությամբ և արագ` մեկ այլ ուղղությամբ), խառը (դրսևորվում) է մեկ ճոճանակաձև, մեկ էլ հրոցանման շարժումներով): Հրոցանման նիսթագմը անվանում են ձախակողմյան կամ աջակողմյան` կախված արագ ֆազայի ուղղությունից: Հրոցանման նիսթագմի ժամանակ առկա է գլխի հարկադրական թեքում ուժեղ ֆազայի կողմը: Այդ թեքումով հիվանդը կոմպենսացնում է ակնաշարժ մկանների թուլությունը, և նիսթագմի ամպլիտուդը փոքրանում է, այդ իսկ պատճառով, եթե գլուխը թեքված է աջ, ապա թույլ համարվում են “աջ” մկանները` աջ աչքի արտաքին ուղիղ և ձախ աչքի ներքին ուղիղ մկանները: Այսպիսի նիսթագմները անվանում են աջակողմյան: Նիսթագմը կարող է լինել խոշոր տրամաչափային (աչքի շարժումների տատանման ամպլիտուդը ավելի քան 15O), միջին տրամաչափի (5-5O ամպլիտուդով), մանր տրամաչափային (5O ամպլիտուդից փոքր): Նիսթագմոիդ տատանումների ամպլիտուդայի, հաճախականության և բնույթի որոշման համար օգտագործում են հետազոտության օբյեկտիվ եղանակ` նիսթագմոգրաֆիա: Նիսթագմոգրաֆի բացակայության դեպքում նիսթագմի ամպլիտուդի բնույթը կարելի է որոշել եղջրաթաղանթի վրա օֆթալմոսկոպի լուսային ռեֆլեքսի տեղաշարժումով: Եթե աչքի տատանողական շարժումների ժամանակ լուսային ռեֆլեքսը տեղաշարժվում է եղջրաթաղանթի կենտրոնից մինչև բբի կենտրոնի և եզրի միջև ընկած հեռավորության մեջտեղը, ապա խոսում են փոքր տրամաչափի նիսթագմի մասին, եթե դուրս է գալիս այդ սահմաններից` խոշոր տրամաչապի: Եթե երկու աչքերի շարժումները միանման չեն, այդպիսի նիսթագմը կոչվում է դիսոցիացված: Այն հանդիպում է ծայրահեղ հազվադեպ:

Նիսթագմով հիվանդների հետազոտման ժամանակ կարևոր են էլեկտրոֆիզիոլոգիական հետազոտությունների (էլեկտրոռետինոգրամմայի, տեսողական առաջացաած պոտենցիալների և այլն) արդյունգները, որոնք թույլ են տալիս ճշտել ախտորոշումը, որոշել օրգանական ախտահարումների աստիճանը, ամբլիօպիայի առկայությունը և որոշել բուժման տակտիկան: Նիսթագմի ժամանակ ստուգում են յուրաքանչյուր աչքի տեսողության սրությունը` ակնոցներով և առանց ակնոցների` գլխի ուղիղ և հարկադրական դիրքերում: Հարկադրական դիրքով նիսթագմի ամպլիտուդան սովորաբար փոքրանում է և տեսողության սրությունը բարձրանում է: Այս հանգաանքը օգտագործում են ակնաշարժ մկանների վրա վիրահատական միջամտության իրականացման նպատակահարմարության հարցի որոշման ժամանակ: Կարևոր է որոշել տեսողության սրությունը երկու բաց աչքերում (ակնոցներով և առանց), քանի որ երկաչյա ֆիքսացիայի ժամանակ նիսթագմի ամպլիտուդը նույնպես փոքրանում է և տեսողության սրությունը բարձրանում է: Նիսթագմի ժամանակ կիրառվող տեսողության սրության բարձրացման միջոցառումները ներառում են մոտիկի և հեռվի համար օպտիկական կորեկցիայի ընտրությունը: Ալբինիզմի, ցանցաթաղանթի դիստրոֆիայի, տեսողական ներվի մասնակի ատրոֆիայի ժամանակ նպատակահարմար է պաշտպանական և տեսողության սրությունը բարձրացնող գունավոր լուսաֆիլտրերի (նեյտրալ, դեղին, նարնջագույն, շագանակագույն ) ընտրությունը, այն խտության, որը առավելապես բարձրացնում է տեսողության սրությունը: Նիսթագմի ժամանակ խանգարվում է նաև ակկոմոդացիոն հատկությունը և դիտվում է հարաբերական ամբլիօպիա, այդ պատճառով էլ նշանակում են պլեօպտիկ բուժում և ակկոմոդացիայի մարզման վարժություններ: Օգտակար են ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի ընտրողական լուսային գրգռումները կարմիր ֆիլտրի միջով ( մոնոբինոսկոպի վրա), կոնտրաստ - հաճախականությամբ և գունային տեստ - օբյեկտներով ստիմուլյացիան ("Иллюзион" ապարատով, համակարգչային վարժությունները ըստ "Зебра", "Паучок", "Крестики", "EYE" ծրագրերի): Այս վարժությունները կարելի է կատարել հաջորդաբար յուրաքանչյուր աչքի համար և երկու բաց աչքերով: Շատ օգտակար են երկաչյա վարժությունները և դիպլօպտիկ բուժումները ("դիսոցիացիայի" եղանակով, բինարիմետրիա ), որոնք նաև նպաստում են նիսթագմի ամպլիտուդայի իջեցմանը և տեսողության սրության բարձրացմանը:

Դեղորայքային թերապիան նիսթագմի ժամանակ օգտագործում են աչքի հյուսվածքների, ցանցաթաղանթի սնուցման լավացման նպատակով (անոթալայնիչ պրեպարատներ, վիտամիններ ): Վիրահատական բուժումը նիսթագմի ժամանակ անցկացնում են աչքի տատանողական շարժումները մեղմացնելու նպատակով: Հրոցանման նիսթագմի ժամանակ, երբ ախտորոշվում է գլխի հարկադրական թեքում` տեսողության սրության բարձրացմամբ և այդ դիրքում նիսթագմի ամպլիտուդայի փոքրացմամբ ("հանգստի գոտի"), վիրահատության նպատակն է տեղապոխել "հանգստի գոտին" միջանկյալ դիրք: Դրա համար թուլացնում են ավելի ուժեղ մկանները (դանդաղ ֆազայի կողմում) և ուժեղացնում են առավել թույլ մկանները (արագ ֆազայի կողմում ): Արդյունքում ուղվում է գլխի դիրքը, թուլանում է նիսթագմը, բարձրանում է տեսողության սրությունը:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին