Բշկագիտության բնագավառում և, ընդհանրապես, կյանքում և կենցաղում «նևրոզ» հասկացությունը բավականին հաճախ է հանդիպում, և, ավելի շուտ, կիրառվում է ոչ տեղին։ Ներկայումս, նման «ճակատագրի» է արժանացել նաև «սթրես» հասկացությունը։ Բժշկագիտության մեջ «նևրոզ» հասկացությունն օգտագործվում է որպես հավաքական հասկացություն՝ որը միավորում է այն հոգեկան խանգարումները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին՝

1. ֆունկցիոնալ բնույթի խանգարումներ են, այսինքն՝ ուղեղի որևէ օրգանական հիվանդությամբ պայմանավորված չեն,
2. փսիխոզներ չեն, այսինքն՝ չնայած ծանրությանը, չեն բերում հիվանդի և միջավայրի (շրջապատի) միջև կապերի կոպիտ խզմանը, հիվանդները չեն կորցնում իրականության զգացումը,
3. ի տարբերություն անձնային խանգարումների, ունեն որոշակի սկիզբ՝ պայմանավորված ներքին կամ արտաքին պատճառներով։


Այս չափանիշները ընդգրկում են համախտանիշների մեծ բազմազանություն՝ ասթենիկ և նևրասթենիկ, տագնապային և դեպրեսիվ, օբսեսիվ և ֆոբիկ, ինչպես նաև՝ դեպերսոնալիզացիայի և դեռեալիզացիայի համախտանիշներ, դեզադապտատիվ և սթրեսային ռեակցիաներ, հիպոխոնդրիկ և հիստերիկ (դիսոցիատիվ) խանգարումներ։ Բացի «նևրոզ» հասկացությունից, բժշկական պրակտիկայում լայն տարածում ունեն ևս մի քանի հասկացություններ, որոնք, ըստ մեզ, հստակեցման կարիքն ունեն՝ ֆունկցիոնալ նյարդային հիվանդության կամ նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարում, նևրոտիկ բնավորություն, փսիխոնևրոզ, ախտաբանական հուզական ռեակցիաներ և սթրես։ Այս հասկացություններից շատերը սոսկ պատմական նշանակություն ունեն։

«Նևրոզ» հասկացությունն առաջին անգամ կիրառել է շոտլանդացի բժիշկ Կուլենը։ Նա «նևրոզ» անվանել է հուզական և շարժողական այն խանգարումները, որոնք պայմանավորված են ոչ թե որևէ օրգանի օջախային ախտահարումով, այլ ավելի ընդհանուր տառապանքով։ Կուլենն ախտաբանական վիճակը կապել է նյարդային համակարգի գործունեության և խանգարման հետ։ Ըստ Կուլենի՝ նևրոզ է այն հիվանդությունը, որի օրգանական (մարմնական) պատճառը չէր հաջողվում հայտնաբերել։ Հետևաբար, այն ընդգրկում էր մի շարք հիվանդություններ, որոնք նևրոզի հետ որևէ կապ չունեն (օրինակ, միգրենը), նաև այն հիվանդությունները, որոնք մինչ վերջերս դիտվել են որպես նևրոզ և ընդգրկվել են նևրոտիկ խանգարումների շարքում։ Այս առումով՝ «նևրոզը» դառնում է «ֆունկցիոնալ խանգարման» հոմանիշ։

Ըստ Ֆրոյդի՝ նևրոզները, ի տարբերություն շատ ֆունկցիոնալ խանգարումների, ունեն հստակ և հասկանալի հոգեբանական պատճառներ։ Այդ իսկ պատճառով, այդ հիվանդությունները նա անվանել է «փսիխոնևրոզներ», այստեղ ընդգրկելով հիստերիան, օբսեսիվ (սևեռուն) նևրոզները, որոշ ֆոբիաներ, տագնապային վիճակները։ Ֆրոյդը, փսիխոնևրոզների պատճառներն ուսումնասիրելիս, եկավ այն եզրակացության, որ դրանց պատճառները հիմքեր ունեն անհատի զարգացման և ձևավորման գործընթացում։ Նման տրամաբանությունը բերեց «նևրոտիկ բնավորություն» հասկացությանը, որը տարածում չստացավ, քանի որ հակասություններ և շփոթմունք ստեղծեց մի շարք հասկացություններում։ Որոշ հեղինակներ, ընդգծելով նևրոզի և անձի միջև սերտ կապերը (Յասպերս, Շնայդեր), դիտում էին նևրոզը որպես անոմալ (ոչ նորմալ) անձի հակազդում որոշակի սթրեսներին։ Ուստի, ստացվում էր, որ նևրոզը ոչ թե նոզոլոգիական միավոր է (այսինքն՝ հիվանդություն), այլ՝ ախտաբանական հուզական հակազդում։ Որոշ դեպքերում նևրոզն իրոք հանդես է գալիս որպես որոշակի անձի հակազդում՝ հիստերիկ նևրոտիկ խանգարումներն ավելի շուտ և հաճախ դրսևորվում են հիստերիկ անձանց շրջանում։ Սակայն այդ փոխկապակցությունն այնքան էլ միանշանակ չէ՝ քիչ չեն դեպքերը, երբ հիստերիկ խանգարումները կարող են ձևավորվել այլ տիպի անձանց մոտ՝ աֆեկտիվ, շիզոիդ և այլն։ Ըստ Ի.Պ. Պավլովի տեսության՝ նևրոզը բարձրագույն նյարդային համակարգի վիճակ է, որը զարգանում է նյարդային պրոցեսների գերլարվածության կամ դյուրաշարժության հետևանքով արտաքին ազդակների պատճառով։

Որոշ կլինիցիստներ (հատկապես՝ ինտերնիստներ) «նևրոզ» են համարում նյարդային գործունեության բոլոր դարձելի պրոցեսները՝ ինչպես հոգեծին, այնպես էլ մարմնածին բնույթի, որոնք չեն դրսևորվում խորը հոգեկան խանգարումներով։ Ըստ այդ տեսակետի՝ նևրոզները կարող են առաջանալ ամենատարբեր վնասակար արտաքին ազդակներից (տրավմաներ, ինֆեկցիաներ, էնդոկրին խանգարումներ)։ Բնականաբար, նման մոտեցումը «ջնջում է» նևրոզի նոզոլոգիական էությունը և դարձնում այն հավաքական չտարբերակված ախտաբանական վիճակների մի խումբ։ Այսուհանդերձ, մինչև օրս առանձնացված չէ որևէ ախտանիշ, որը հնարավոր կլիներ սպեցիֆիկ համարել նևրոզների համար։ Ամփոփելով վերոնշյալը, հարկ ենք համարում ընդգծել, որ նևրոզների հավաստի նշան (հատկություն) չի կարելի համարել ոչ մորֆոլոգիական փոփոխությունների բացակայությունը, ոչ ախտանիշների դարձելիությունը, ոչ կլինիկական պատկերի «թեթևությունը», ոչ հիվանդության հոգեծին բնույթը, ոչ հիվանդների քննադատական վերաբերմունքի պահպանվածությունը և այլն։ Թերևս սա է հիմնական պատճառը, որ ժամանակակից դասակարգումներում խոսք է գնում նևրոտիկ մակարդակի խանգարումների մասին, այլ ոչ թե նևրոզների։ Մյուս պատճառը հոգեվերլուծական մեկնաբանությունների մերժումն է։

Հարկ է հստակ տարբերակել և սահմանազատել առանձին նևրոտիկ ախտանիշները (օրինակ՝ տագնապայնությունը)։ Ախտանիշները կարող են հանդիպել ամենատարբեր հոգեկան խանգարումների սահմաններում, իսկ համախտանիշն առանձին ախտանիշների փակ ամբողջություն է (կոմբինացիա է)։ Այդ ամբողջությունն ավելի հստակ է դրսևորվում տագնապային, օբսեսիվ և դիսոցիատիվ (հիստերիկ) խանգարումների օրինակում։ Սրանք էլ առանձնացվում են որպես առանձին խանգարումներ։

1. Նևրոտիկ խանգարումների համաճարակաբանությունը
Նևրոտիկ խանգարումները դրսևորվում են երեք մակարդակով՝
1) որպես առանձին ախտանիշ
2) որպես փոքր նևրոտիկ խանգարում
3) որպես սպեցիֆիկ նևրոտիկ համախտանիշ (կամ խանգարում)։

Նևրոտիկ բնույթի առանձին ախտանիշները բավականին հաճախ կարող են հանդիպել հոգեպես առողջ մարդկանց շրջանում։ Փոքր նևրոտիկ խանգարումները հիմնականում դիտվում են ընդհանուր պրակտիկայում, երբեմն բավականին բազմազան նևրոտիկ հուզական նշաններով, սակայն՝ առանց որևէ ախտանիշի գերակշռության։ Սպեցիֆիկ նևրոտիկ համախտանիշն ընթանում է որպես մեկ գերակշռող ախտանիշ։ Այս տիպը հիմնականում հանդիպում է հոգեբուժական պրակտիկայում։ Առանձին նևրոտիկ ախտանիշները խիստ տարածված են բնակչության շրջանում։ Հետազոտությունները վկայում են, որ Արևմուտքի զարգացած երկրներում այն հանդիպում է բնակչության շուրջ 80%-ի շրջանում (օրինակ՝ Նյու-Յորքում յուրաքանչյուր 1000 մարդուց 815-ը նշել են որևէ նևրոտիկ ախտանիշի առկայություն)։
Տեղեկությունները փոքր նևրոտիկ խանգարումների վերաբերյալ բավականին իրարամերժ են և զգալի տատանումներ են արձանագրում։ Այսպես, ըստ դանիական տվյալների՝ այդ խանգարումները հայտնաբերվում են կյանքի ընթացքում 1000 բնակչից 18-27-ի մոտ, իսկ ըստ շվեդական տվյալների՝ 1000 բնակչից 244-ի՝ 79 տղամարդու և 165 կնոջ մոտ։ Ընդհանուր պրակտիկայում հանդիպող հոգեկան խանգարումների շուրջ երկու երրորդը կազմում են նևրոզները։ Առավել հաճախ հանդիպող փոքր նևրոտիկ ախտանիշներից են տագնապը, դեպրեսիան, դյուրագրգռությունը, անքնությունը և հյուծվածությունը։

Ինչ վերաբերում է սպեցիֆիկ նևրոտիկ համախտանիշներին, ապա ըստ ձևերի սրանց տարածվածությունը տարբեր է։ Այսպես, տագնապային խանգարումներով հիվանդացածության ցուցանիշները (սպեցիֆիկ ֆոբիաները, ագորաֆոբիաները, սոցիալական ֆոբիաները) տատանվում են ամսական և տարեկան կտրվածքով 25-ից մինչև 64 դեպք՝ 1000 բնակչի հաշվարկով։ Խուճապային խանգարումների հիվանդացության ցուցանիշները կազմում են 6-10 դեպք 1000 բնակչի հաշվարկով։ Կյանքի ընթացքում խուճապային խանգարումներ կարող են ունենալ 1000 մարդուց 7-ից 20-ը։ Կանայք 2 անգամ ավելի հաճախ են հիվանդանում։

Օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումներն ավելի հազվադեպ են հանդիպում, քան տագնապային խանգարումները։ Տարեկան հիվանդացությունը կազմում է 0,1-2,3 դեպք՝ 1000 բնակչից։ Իսկ հիվանդացությունը կյանքի ընթացքում կազմում է 2-3%, ընդ որում՝ սեռային տարբերություններ չեն նշվում։

Դիսոցիատիվ (կամ կոնվերսիոն) բնույթի խանգարումների տարածվածության ցուցանիշները կազմում են յուրաքանչյուր 1000 կնոջից 3-6 դեպք։ Տղամարդկանց շրջանում այն անհամեմատ ավելի ցածր է։
Հաշվի առնելով հոգեբուժության «ներխուժումը» ընդհանուր բժշկական պրակտիկա, նևրոտիկ խանգարումների մասին մեր տվյալները կներկայացնենք ոչ ավանդական ձևով, այն է`
ա) ընդհանուր պրակտիկային բնորոշ փոքր հուզական (նևրոտիկ) խանգարումներ
բ) սպեցիֆիկ նևրոտիկ խանգարումներ։

2. Նևրոտիկ խանգարումների պատճառագիտությունը
Նևրոզների պատճառագիտությունը, մինչ օրս, վերջնականապես բացահայտված չէ։ Առկա տվյալներն, ընդհանուր առմամբ, վկայում են, որ նևրոզն առաջանում է այն դեպքում, երբ սթրեսային գործոնները մարդու կյանքի ընթացքում կամ որևէ մի հատվածում գերազանցում են նրա դիմակայելու և հաղթահարելու հնարավորություններին կամ ավելի հզոր են, քան անհատի պաշտպանական մեխանիզմները։ Ինչպես դիմակայելու և հաղթահարելու հնարավորությունները, այնպես էլ հոգեբանական պաշտպանական մեխանիզմները, պայմանավորված են մի շարք գործոններով՝ ժառանգականությամբ, դաստիարակությամբ, միջավայրով, կյանքի իրադարձություններով, անձով և այլնով։

Գենետիկական գործոններ
Նևրոզով տառապողների ընտանեկան և երկվորյակային հետազոտությունները վկայում են նևրոզների առաջացման հարցում ժառանգականության կարևոր դերի մասին։ Հիվանդների հարազատների շրջանում հավաստիորեն ավելի հաճախ են հանդիպում նևրոզների դեպքեր, քան ընդհանուր պոպուլյացիայում։ Մոնոզիգոտ երկվորյակներից մեկն ավելի մեծ հավանականությամբ է հիվանդանում, քան դիզիգոտ երկվորյակներից մեկը (40%-ը՝ 15%-ի դիմաց)։

Մանկական տարիքի գործոններ
Տարածված է այն կարծիքը, թե նևրոզների առաջացման գործում զգալի դեր ունեն վաղ մանկության և պատանեկության տարիների ապրումները։ Սակայն դա դեռ հետազոտման և հաստատման կարիքն ունի։ Այս առումով, ավելի էական են նևրոտիկ բնավորության և մանկական նևրոզների փոխկապակցությունը մեծահասակների նևրոզների հետ։

Բնավորության նևրոտիկ գծեր
Մանկական տարիքում սրանք արտահայտվում են եղունգները կրծելով, քիթը փորփրելով, մատը ծծելով, ինչպես նաև՝ մանկական վախերով և տարօրինակ վերաբերմունքով սննդի հանդեպ, կակազելով, գիշարամիզությամբ։ Սրանցից և ոչ մեկն, ըստ էության, չի վկայում որևէ ախտաբանության մասին, և հասունացմանը զուգընթաց վերանում են։ Որոշ դեպքերում դրանք շարունակվում են, սակայն չկան հստակ տվյալներ, որ սրանք մեծահասակների նևրոզների նախանշաններ են։ Իհարկե, չի կարելի հաստատված համարել այն կարծիքը, որ սրանց բուժումն ու առողջացումը հետագայում կանխում են նևրոզների ձևավորումը մեծահասակների մոտ։
Նևրոտիկ համախտանիշներ մանկական տարիքում
Նևրոզ ունեցող երեխաների մեծամասնությունը հետագայում, սովորաբար, առողջ մարդիկ են, որի մասին վկայում են կատամնեստիկ հետազոտությունները։ Նևրոզով տառապող մեծահասակների ճնշող մեծամասնությունը մանկական տարիքում հոգեկան առողջությանն առնչվող որևէ խնդիր չի ունեցել։ Խրոնիկական դեպքերը գենետիկորեն պայմանավորված են, անցողիկ դեպքերը կապված են որևէ կոնկրետ իրավիճակի հետ։

Անձնային առանձնահատկություններ
Անձնային առանձնահատկություններն էական դեր են խաղում՝ որպես նախատրամադրող գործոն։ Դրանք որոշակի համամասնության մեջ են սթրեսային ազդակների ուժգնության հետ՝ նևրոզը նորմալ անձի մոտ կարող է զարգանալ ուժգին սթրեսից, որոշակի անձնային նախատրամադրվածության դեպքում (շեշտվածություն, փսիխոպաթիա)՝ անգամ կենցաղային խնդիրները կարող են բերել ախտանիշների դրսևորման։ Անձնային նախատրամադրվածության դեպքում նևրոզի դրսևորման մեխանիզմները գործում են հիմնականում երկու ուղղությամբ՝ 1) պայմանական ռեֆլեքսների առաջացում և 2) վեգետատիվ կարգավորման խանգարում։ Ըստ այս տեսությունների (Այզենկ, Պավլով)՝ պայմանական գրգիռներն առաջացնում են տագնապ, որը նևրոզի ժամանակ ազդում է որպես խթան և նպաստում խանգարման ձգձգմանը։ Մյուս կողմից, նյարդային համակարգը սթրեսների ազդեցությանն արձագանքում է վեգետատիվ ռեակցիաներով, որոնք, իրենց հերթին, դրսևորվում են նույնպես տագնապով, որն էլ բերում է գրգիռի ուժեղացմանը։

Միջավայրի գործոններ
Սրանց են դասվում անբարենպաստ կենցաղային պայմանները, աղմուկը, աշխատանքային պայմանները, գործազրկությունը։ Համարվում է, որ անբարենպաստ կենցաղային պայմանները և՛ անմիջականորեն, և՛ ազդելով ընտանեկան փոխհարաբերությունների վրա, նպաստում են նևրոզների զարգացմանը։ Աղմուկի մասին նման կարծիքը հիմնվում է այն փաստի վրա, որ աղմկոտ միջավայրում ապրող կամ աշխատող մարդկանց շրջանում նևրոտիկ ախտանիշներն ավելի հաճախակի են։ Միապաղաղ, անհետաքրքիր, նախաձեռնություն չպահանջող աշխատանքը կարող է նևրոզի պատճառ դառնալ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ միևնույն մարդու մոտ ավելի սթրեսային պայմաններում ավելի շատ նևրոտիկ ախտանիշներ են արտահայտվում, քան սակավ սթրեսային պայմաններում։ Այսինքն՝ աշխատանքի սթրեսային պայմանները կարող են որոշակի դեր խաղալ նևրոզի զարգացման գործընթացում։ Տևական գործազրկությունը պատճառ է դառնում տարբեր նևրոտիկ (նաև աֆեկտիվ) խանգարումների, որոնց հիմքում այնպիսի մեխանիզմներ են, ինչպես ինքնագնահատման նվազումը, սոցիալական դերերի կորուստը, ֆինանսական պրոբլեմները, հուզական օտարացումն ընտանիքում և այլն։

Կյանքի անբարենպաստ իրադարձությունները
Նևրոզին նախորդած ժամանակահատվածում (2-3 ամիս) շատ հիվանդներ նշում են ավելի շատ սթրեսային իրադարձություններ, քան այլ մարդիկ։ Այդ իրադարձությունների հանդեպ վերաբերմունքը պայմանավորված է հետևյալ պատճառներով՝
1. իրադարձության նշանակությունը (այն իմաստը և արժեքը, որ տալիս է յուրաքանչյուրն այս կամ այն երևույթին)
2. պաշտպանական մեխանիզմներ
3. անձնային առանձնահատկությունները։

3. Նևրոտիկ խանգարումների ելքը
Նևրոզի «ապագան» միանշանակ կապ ունի նրա ձևի հետ։ Սթրեսով պայմանավորված հակազդումները կարճատև են և անցնում են սթրեսային իրավիճակի հանգուցալուծման հետ միասին։ Ադապտատիվ (հարմարվողական) խանգարումները, ինչպես նաև՝ հետտրավմատիկ սթրեսային խանգարումները և փոքր նևրոտիկ խանգարումները նույնպես ունեն բարենպաստ ընթացք և տևում են սովորաբար մինչև մի քանի ամիս (երբեմն՝ ավելի տևական են)։ Սպեցիֆիկ նևրոտիկ խանգարումները ձգձգվում են ավելի երկար տարիներ։ Առաջնային օղակում ախտորոշվող նևրոզների շուրջ կեսը կարգավորվում է մեկ տարվա ընթացքում։ Ամբուլատոր կամ ստացիոնար հոգեբուժական օգնության ցանցում բավարար մակարդակի ադապտացիա դիտվում է հիվանդների կեսի մոտ չորս տարվա ընթացքում։ Հաշվարկված է, որ նոր առաջնակի դեպքերի շրջանառությունն առաջնային օղակում հասնում է մինչև 70%, իսկ քրոնիկական դեպքերը՝ 3% տարեկան։ Մահացությունը նևրոզներից աննշան է, և այդ դեպքերում մահվան հիմնական պատճառը ինքնասպանությունն է կամ պատահարները, որոշ դեպքերում՝ չնկատված մարմնական հիվանդությունը։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին