Ներշնչումային հիվանդությունն իրենից ներկայացնում է հոգեծին հիվանդության տարատեսակ: Այն բնորոշվում է կողմնակի ներշնչման կամ ինքնաներշնչման ազդեցությամբ, երբ մարդը համոզված է, որ իր մոտ առկա է որևէ հիվանդություն` չնայած որ, իրականում այդպես չէ և հետազոտությունից հետո որևէ հիվանդություն չի հաստատվում: Ներշնչումային հիվանդություններն ավելի շատ բնորոշ են անհանգիստ, կասկածամիտ, իրենց զգացողությունների հանդեպ ուշադիր, տպավորվող անձանց:

Պատճառներ
Ներշնչումային հիվանդությունների առաջացման առիթը, որպես կանոն, հիվանդության մասին վառ տպավորությունն է (ծանր հիվանդի տեսքը, հանկարծակի, ծանր, մահացու ելքով հիվանդության մասին պատմություն լսելը կամ ընթերցելը, բժշկի խոսքերը սխալ ըմբռնելը` յատրոգենիան, բժշկական թեմայով հանրամատչելի գրականություն կարդալը և այլն), որն ուղեկցվում է տագնապի զգացողությամբ:

Պաթոգենեզ
Ներշնչումային հիվանդություններն առավել հաճախ դրսևորվում են կպչուն վախերի ձևով, որոնք սևեռուն վիճակների տարատեսակ են: Կարճ ժամանակ անց ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որոնք տվյալ անձի կարծիքով նման են այն հիվանդությանը, որն ինքը նկատել է այլ մարդու մոտ կամ լսել դրա մասին:Հետազոտության արդյունքները և բժշկի բացատրությունները նրան չեն համոզում, և տագնապային սպասողական վիճակը, ինչպես նաև վախը պահպանվում են: Հիվանդը սկսում է << ճշմարտությունն >> իմանալու ջանքեր գործադրել: Փոխում է բժիշկներին, պահանջում է կրկնակի հետազոտություններ անցկացնել, ստիպում է իրեն վիրահատել, դիմում է ինքնաբուժման: Միաժամանակ կարդում է հատուկ բժշկական գրականություն և նրան թվում է, որ հիվանդության նկարագրությունը համապատասխանում է իր տառապանքին: Այդ շրջանում տառապողն իսկական հիվանդի տպավորություն է թողնում: Աստիճանաբար դրությունն այնքան է վատանում, որ իրոք առաջանում են ենթադրյալ հիվանդ օրգանի ֆունկցիոնալ խանգարումներ:

Բուժում
Ներշնչումային հիվանդությունն անպայման պետք է բուժի հոգեբույժը: Ներշնչումային հիվանդություններով տառապող անձը պահանջում է շրջապատող մարդկանց հատուկ ուշադրությունը: Հարազատները պետք է հիվանդի համար ստեղծեն հանգիստ պայմաններ` չվիրավորելով նրան իր հիվանդության անճշմարտացիության համար: Նշենք, որ հիվանդին տարհամոզելու բոլոր ջանքերն ապարդյուն են և հիվանդը դա գնահատում է որպես սիրո բացակայություն:
Ներշնչումային հիվանդություններով տառապողներին երբեք չպետք է ծաղրի առարկա դարձնել: Հարկավոր է իմանալ, որ այդպիսի հիվանդը տառապում է անկեղծորեն և կրկնակի` կարծեցյալ հիվանդություններից և մերձավորների կարեկցանքի ու օգնության բացակայությունից:

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին