Նշված թոքաբորբերով հիվանդ նորածինների մոտ շնչական անբավարարության նշաններն ի հայտ են գալիս ծնվելու պահից և շարունակում են հարաճել կյանքի հետագա օրերին։ Պարզորոշ են արտահայտվում թունավորման ախտանիշները, որոնցից են մաշկի գունատ-գորշագույն կամ գորշակապտավուն գույնը, աճող հիպոռեֆլեքսիան, որձկումները, հևոցը, միկրոշրջանառական խանգարումները, պերկուտոր հնչյունի խայտաբղետությունը, տարածված թաց խզզոցները, որոնց քանակը շատանում է կյանքի առաջին յոթ օրերի ընթացքում։

 
Ռենտգենաբանական հետազոտությունը հնարավորություն է տալիս հայտնաբերել թոքերի օջախային փոփոխություններ, որոնք պայմանավորված են բորբոքային ներսփռանքով (ինֆիլտրացիայով)։ Այդ փոփոխություններն ունեն տարբեր ինտենսիվություն՝ առանց հստակ ուրվագծերի, և գլխավորապես տեղակայվում են աջ թոքի ստորմիջադիր և վերին բաժիններում։ Առաջացած փոփոխությունները գրեթե միշտ զուգակցվում են փոքր ատելեկտազներով և հեմոդինամիկայի խանգարումներով (Կ.Ա. Սոտնիկովա)։ Թոքերում բորբոքային փոփոխությունները տևում են 4-6 շաբաթ և ավելի։ Ծանր բարդություն է թոքային հյուսվածքի քայքայումը` ներարգանդային թոքաբորբը։

 
Ներարգանդային թոքաբորբ


 

Հաճախ միկրոբային ծագում է ունենում և զարգանում է ներարգանդային վարակման ժամանակ։ Նախատրամադրող գործոններն են՝ մոր սուր և քրոնիկական հիվանդությունները, հղիության ընթացքում եղած արյունահոսությունները, շուրջպտղային ջրերի վաղաժամ հեռացումը։ Ներարգանդային թոքաբորբը առավել հաճախ անհաս երեխաների մոտ է լինում։

 

Ներարգանդային թոքաբորբի դեպքում երեխաները հաճախ շնչահեղձուկով են ծնվում։ Այդ երեխաների վիճակը սովորաբար, սկսած կյանքի հենց առաջին ժամերից, ծանր է։ Նկատելի են թունավորման ախտանիշները՝ մաշկի գորշ, գունատ գույնը, փսխումը, անհանգստությունը կամ թուլությունը։ Ֆիզիոլոգիական էրիթեման թույլ է արտահայտված, մաշկը չոր է, թրմած (մացերացված), պետեխիալ ցանով։ Երեխաների մեծ մասի մոտ նկատվում է ենթամաշկային բջջանքի, հատկապես ստորին վերջույթների այտուց։ Հասուն նորածինների ջերմությունը բարձրանում է մինչև 39-40°։ Որպես կանոն, անհաս նորածինների ջերմությունը ցածր է (հիպոթերմիա)։ Հաճախ կապտուկի (ցիանոզի) նոպաներ են լինում։ Երեխան ընկճված է։ Հատկանշական է սկզբնական (ֆիզիոլոգիական) զանգվածի կորուստը, որը կազմում է 15-30%: Պորտալարի մնացորդի ընկնելն ուշանում է։ Շնչական անբավարարության համախտանիշն արտահայտվում է շնչառության խանգարումով։ Շնչառության հաճախությունը կարող է տարբեր լինել՝ 1 րոպեում 20-120։ Շնչառությունը դառնում է մակերեսային, անկանոն, տնքոցով։

 

Պերկուսիայի ժամանակ հայտնաբերվում է թոքային հնչյունի կարճացում, որը հատկապես նկատելի է այն դեպքերում, երբ թոքաբորբը զուգակցվում է ատելեկտազով։ Աուսկուլտացիայի ժամանակ լսվում է թուլացած, հազվադեպ կոշտացած շնչառություն։ Ներարգանդային թոքաբորբին բնորոշ են տարածուն թաց խզզոցները, որոնք կարելի է լսել կյանքի 1-2 օրերին։ Խզզոցները մշտական են և 5-6 օրվա ընթացքում շատանում են։ Երբեմն նկատվում է հազ, բերանից՝ փրփուր։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում են թոքային հյուսվածքի ոչ պարզորոշ ուրվագծերով տարածուն օջախային, ձուլվող կամ հատվածային (սեգմենտար) մթագնումներ։ Դա կարող է զուգակցվել պնևմոպաթիաների յուրահատուկ փոփոխությունների հետ։ Մանրէաբանական հետազոտությունը հնարավորություն է տալիս քթաըմպանի և շնչական ուղիների պարունակությունից (մահացածների մոտ՝ թոքերից) ախտածին մանրէներ անջատել։

 

Հիվանդության ընթացքը կախված է երեխայի հասունության և օրգանիզմի ռեակտիվականության աստիճանից, ինչպես նաև հարուցիչի տեսակից ու ժամանակին կատարվող բուժական միջոցներից։

 

Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան