Նեգատիվ հոգեախտաբանական համախտանիշներն ախտաբանական վիճակներ են, որոնց հիմնական բնութագիրը կորստի, հոգեկան գործունեության անբավարարության, դատարկության, այսինքն՝ արատի նշաններն են։ Ինչպես և պոզիտիվ համախտանիշները, սրանք արտացոլում են հոգեկան խանգարման ծանրությունը (մակարդակը), նոզոլոգիական պատկանելիությունը, հիվանդության զարգացման միտումը։ Հոգեկան դեֆեկտը կայուն, անդարձելի անբավարարություն է, ինտելեկտուալ ֆունկցիաների թերարժեքության կամ էլ անձի մակարդակի իջեցում, որն ունի բնածին կամ ձեռք բերովի բնույթ։ Սա ավելի լայն հասկացություն է, քան «թուլամտությունը», քանի որ վերջինս, հիմնականում, շեշտում է ինտելեկտի անբավարարությունը։

1.Բնածին հոգեկան արատ
Բնածին հոգեկան արատն առաջին հերթին արտահայտվում է ինտելեկտուալ գործունեության տարբեր աստիճանի թերզարգացմամբ։ Դրան զուգահեռ միշտ առկա են աֆեկտիվ, կամային, շարժողական ոլորտի, խոսքի և անձի խանգարումներ։ Ձեռք բերովի հոգեկան արատի շարքին են դասվում նաև մինչև 3 տարեկանը ձեռք բերած գլխուղեղի օրգանական ախտահարումներից առաջացած խանգարումները։ Դասական հոգեբուժությունը դրանք անվանում է օլիգոֆրենիա (սակավամտություն) և առանձնացնում հետևյալ տեսակները՝ ըստ սակավամտության արտահայտվածության. դեբիլություն, իմբեցիլություն և ապուշություն։ ՀՄԴ-10-ում այս խանգարումները առանձնացվում են որպես տարբեր աստիճանի մտավոր հետամնացություն՝ թեթև, չափավոր, ծանր և խորը։ Այս խանգարումները բացահայտվում են անձի հասունացման շրջանում և առաջին հերթին բնութագրվում են բանականության ընդհանուր մակարդակի, ճանաչողականության, խոսքի, սոցիալական ունակությունների և ընդունակությունների խանգարմամբ։

Դեբիլություն (օլիգոֆրենիայի թեթև ձևը, թեթև աստիճանի մտավոր հետամնացություն)։ Այս հիվանդներն աչքի են ընկնում վերացական մտածողության խաթարմամբ՝ կոնկրետ առարկայական մտածողության պահպանման պայմաններում։ Առկա է հասկացողության, ընդհանրացման, վերացարկման, խոսքի տարբեր աստիճանի զարգացման և ձևավորման ուշացում։ Հիվանդները դժվարությամբ և սխալներով են կատարում անգամ ամենապարզ ինտելեկտուալ խնդիրները։ Հիմնական դժվարությունը նկատվում է դպրոցական ուսումնառության առաջին ամիսներից, հատկապես կարդալու, գրելու, թվաբանության ոլորտում, չեն ցուցաբերում նորմալ զարգացող երեխային բնորոշ հետաքրքրասիրություն, ինտելեկտի ճկունություն ու խորություն, ինքնուրույնություն ու քննադատություն, պատշաճ բառապաշար։ Սակայն, հարկ է նշել, որ ուշադրության և հիշողության (ինտելեկտի նախադրյալների) բավարար զարգացման պայմաններում հնարավոր է կրթությունը (ուսումը) շարունակելու դեպքում գիտելիքների և ունակությունների, վերացական մտածողություն չպահանջող մասնագիտության ձեռք բերում։ Մտավոր զարգացման գործակիցը (ինտելեկտուալ գործակիցը՝ IQ) թեստավորման դեպքում 50-69 միավորի սահմաններում է։ Այնուամենայնիվ, հետագայում կարող են ի հայտ գալ այս հիվանդների սոցիալական տհասության նշաններ. ամուսնական կյանքի պահանջները հաղթահարելու, երեխաների դաստիրակությամբ զբաղվելու կամ սոցիալական մշակույթային սովորույթներին հարմարվելու անկարողությունները։

Իմբեցիլություն (օլիգոֆրենիայի արտահայտված ձև, չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն)։ Սա սակավամտության ավելի խորը ձևն է, որի հիմնական ախտանիշներ են համարվում վերացական մտածողության բացակայությունը, կոնկրետ առարկայական մտածողության դժվարությունները, տրամաբանական գործողությունների կամ խնդիրների կատարման անհնարինությունը։ Հասկացողությունների և առարկաների տարբերակումը հնարավոր է միայն կոնկրետ երևույթների սահմաններում։ Դատողությունները ծայրաստիճան աղքատ են, ոչ ինքնուրույն, մեծ մասամբ՝ կրկնօրինակված։ Թույլ են զարգացած հիշողությունը, ուշադրությունը, գիտելիքները խիստ աղքատիկ են։ Որոշ դեպքերում առկա է ուղղակի մեխանիկական հիշողություն։ Բառապաշարը խիստ սահմանափակ է։ Այդ սահմաններում այս հիվանդները կարողանում են սոսկ տարրական խոսք ձևավորել, սակայն վրիպումներով, քերականական սխալներով, արտասանության արատներով։ Նրանք ընդունակ են միայն ինքնասպասարկման որոշ ունակություններ ձեռք բերելու և որոշակի պարզ ավտոմատիզմներ պահանջող աշխատանքի։ Իմբեցիլների ճնշող մեծամասնությունը ողջ կյանքի ընթացքում խնամքի կարիքն ունի։ Համապատասխան կրթական ծրագրերով երբեմն հնարավոր է որոշ հիմնական ունակությունների ձեռքբերման շնորհիվ այս հիվանդներին որևէ փոքրածավալ նյութ ուսուցանել։ Արդյունքում, հասուն տարիքում չափավոր հետամնացությամբ (իմբեցիլությամբ) մարդիկ ընդունակ են պարզունակ գործեր կատարել՝ այն էլ վերահսկողության ներքո։

Սրանք դյուրաշարժ են, ֆիզիկապես ակտիվ և մեծ մասամբ ցուցաբերում են սոցիալական զարգացման նշաններ. մարդկանց հետ շփվելու, կապեր հաստատելու, սոցիալական տարրական զգացմունք գտնելու առումով։ Մտավոր զարգացման գործակիցը գտնվում է սովորաբար 35-49-ի սահմաններում։ Համաձայն ՀՄԴ-10-ի, առանձնացվում է նաև ծանր աստիճանի մտավոր հետամնացությունը, որը բնութագրվում է գործունեության ավելի ցածր մակարդակով, շարժունակության ավելի արտահայտված խանգարումներով և ուղեկցող արատներով։ Նրանց մտավոր զարգացման գործակիցը սովորաբար 20-34 միավորի սահմաններում է։

Ապուշությունը (մտավոր խորը հետամնացությունը) բնութագրվում է դատողությունների իսպառ բացակայությամբ։ Այս հիվանդներն ի վիճակի չեն հասկանալ հանձնարարություններն ու պահանջները։ Նրանց հետ հնարավոր է միայն ամենատարրական, ոչ խոսքային շփում։ Հիվանդներն ընդունակ են ընկալելու ոչ թե խոսքը, այլ ինտոնացիան։ Իրենք գրեթե չեն կարողանում խոսել, արտասանում են առանձին անհոդաբաշտ ձայներ, երբեմն կրկնօրինակում են զրուցակցի բառերը։ Մտավոր զարգացման գործակիցը 20-ից ցածր է։ Հիմնականում արձագանքում են ֆիզիոլոգիական պահանջներին։ Անընդունակ են հոգալ իրենց հիմնական պահանջներն ու մշտական օգնության, խնամքի և հսկողության կարիքն ունեն։ Մտավոր հետամնացության վերոնշյալ երեք ձևերը դիտվում են տարբեր հիվանդությունների ժամանակ։ Դրանք կարող են լինել գենետիկական ախտահարումներ, գանգուղեղի ներարգանդային վնասվածքներ, որպես տրավմայի, հիպոքսիայի, ինֆեկցիայի, թունավորման հետևանք։ Սակավամտության պատճառ կարող է հանդիսանալ պերինատալ ախտահարումը (ասֆիքսիա, ծննդաբերական տրավմա, ինֆեկցիա), ինչպես նաև՝ հետնատալ ազդեցությունները գլխուղեղի վրա մինչև 3 տարեկանը (զանազան մենինգիտներ, էնցեֆալիտներ, թունավորումներ և այլն)։

2.Ձեռք բերովի հոգեկան արատ
Ձեռք բերովի հոգեկան արատը ներառում է գերազանցապես անձնային և ինտելեկտուալ նեգատիվ խանգարումներն ու դրանց զուգակցումները։ Կախված այս խանգարումների տեսակարար կշռից, ձեռք բերովի հոգեկան դեֆեկտը ընդունված է բաժանել երեք խմբի՝ 1) գերազանցապես անձնային խանգարումներ, 2) անձնային խանգարումներ՝ արտահայտված ինտելեկտուալ անբավարարությամբ և 3) գերազանցապես ինտելեկտուալ իջեցում (կամ թուլամտություն, դեմենցիա)։ Հիմնվելով կլինիկական ախտանիշների արտահայտվածության և բնույթի վրա, առանձնացնում են ձեռք բերովի հոգեկան դեֆեկտի հետևյալ 10 տեսակները (մակարդակները), որոնք որոշ դեպքերում կարող են ընթանալ որպես հաջորդական փուլեր։ Հոգեկան գործունեության հյուծվածությունը հոգեկան դեֆեկտի ամենաթույլ ձևն է, որը բնութագրվում է անձի հիմնական հատկությունների պահպանման պայմաններում ի հայտ եկող նրա որակական և քանակական փոփոխություններով, ինչի հիմքն են կազմում հոգեկան և ֆիզիկական թուլությունը, աշխատունակության անկումը։ Անկում է նկատվում անձի ռեակտիվության, ակտիվության, հուզականության և զգայնության ոլորտներում, ինչպես նաև ճկունության, շփման և հարաբերվելու ունակություններում։ Առաջանում են հոգնածության, հյուծվածության, տխրության սուբյեկտիվ զգացողություններ։ Այս խանգարումներն անձի սոցիալական ադապտացիայի վրա էական ազդեցություն չեն թողնում, շրջապատի կողմից գրեթե չեն նկատվում։

«Ես»-ի սուբյեկտիվ գիտակցվող փոփոխությունների դեպքում առկա են բոլոր վերոնշյալ հատկանիշները, սակայն՝ քիչ ավելի արտահայտված։ Ի տարբերություն հոգեկան հյուծվածության, այստեղ առաջին պլան են մղվում հիվանդների կողմից զգացվող իրենց անհատականության, իրենց բնորոշ ինքնակառավարման և իրնքաարտահայտման ձևերի խանգարումները։ Այն, ինչ նախկինում կատարվում էր ակամա, ինքնուրույն, ավտոմատիզացված, պահանջում է ջանքեր, վերահսկում, տիրապետում։ Անձի ուղղվածությունը չի փոխվում, սակայն դժվարանում է այս կամ այն գործողության իրականացումը։ Իրենց սոցիալական կարգավիճակի պահպանման համար հիվանդներն ավելի շատ ջանքեր և ուժեր են ներդնում և սուբյեկտիվորեն դա գիտակցում են։ «Ես»-ի օբյեկտիվորեն արտահայտվող փոփոխություն։ Այս մակարդակից սկսվում և այնուհետև աճում է հաջորդ մակարդակներում անձի (բնավորության և խառնվածքի) անհատական պրեմորբիդ հատկությունների կորուստը։ Զարգացման առաջին տարբերակում տեղի է ունենում նշված հատկությունների սրացում։ Երկրորդ տարբերակում ձևավորվում են նախկինում անձին բնորոշ հատկություններ։ Երկու դեպքում էլ խոսքը գնում է անձի փսիխոպաթիզացիայի մասին։ Սակայն, պետք է ի նկատի ունենալ, որ սրանք փսիխոպաթանման վիճակներ են, այլ ոչ փսիխոպաթիա, այսինքն՝ ձեռք են բերվել հիվանդության արդյունքում, այլ ոչ թե բնածին հատկություններ են։ Այս հիվանդները սահմանափակ են միջավայրի հետ իրենց հարաբերություններում։ Իրենց անկարողությունը դրսևորվում է ոչ միայն իրավիճակներում, երբ պահանջվում են որոշակի հուզական լարվածություն, ճկունություն, հարմարվողականություն, այլև իրենց համար սովորական իրավիճակներում։ Այս մարդիկ դառնում են ենթարկվող, զիջող, պատրաստակամությամբ ընդունում են հարազատների կողմից իրենց խնամքը։ Թուլանում են նրանց մղումներն ու ցանկությունները, հետաքրքրություններն ու հնարավորություները։ Բոլոր դեպքերում իջնում է վերջիններիս սոցիալական ակտիվությունն ու արդյունավետությունը։
Անձի աններդաշնակությամբ տառապող մարդիկ կորցնում են իրենց սոցիալական արժեքը՝ բնավորության, խառնվածքի, մղումների և պահանջների միջև ի հայտ եկած էական անհամապատասխանության պատճառով։ Դա կարող է արտահայտվել ծայրահեղ դյուրագրգռությամբ, գերզգայնությամբ, հուզական անկայունությամբ, աֆեկտիվ մտածողությամբ, էքստրավերսիայով։ Փոխվում է նախկինում անձին բնորոշ վերաբերմունքը սեփական «ես»-ին, մարդկանց հանդեպ, իր աշխատանքին, շրջապատող առարկաներին և երևույթներին։ Ավելի է խորանում սոցիալական ակտիվության անկումը, անարդյունավետությունը։ Էներգետիկ պոտենցիալի իջեցումն օբյեկտիվորեն արտահայտվում է հոգեկան ակտիվության, արդյունավետության, աշխատունակության կայուն անկմամբ, հատկապես այն ոլորտներում, որոնք պահանջում են նոր մոտեցումներ, գիտելիքներ, ստեղծագործական ներուժ։ Խորանում են բնավորության և խառնվածքի վերոնշյալ փոփոխությունները, հատկապես նկատելի են դառնում աուտիզացիան, հուզական ոլորտի աղքատացումը։ Հիվանդները դառնում են եսասեր, կոպիտ, սառն ու անտարբեր իրենց և մերձավորների նկատմամբ։

Անձի մակարդակի իջեցումը, նախորդների համեմատ, ավելի խորը նեգատիվ փոփոխություն է։ Սա անձնային հատկանիշների աղքատացման զուգակցումն է էներգետիկ պոտենցիալի իջեցման հետ։ Անձին բնորոշ բոլոր հատկությունների որակական և քանակական փոփոխություններն այնքան արտահայտված են և տարածված, որ հիվանդը կորցնում է անհատականությունը, իրեն բնորոշ կապերը։ Հետաքրքրություները սահմանափակվում են սպառողական և հեդոնիստական պահանջներով։ Աճում են անձի հուզական և կամային ոլորտների աղքատացումը, մտածողության խանգարումները (սիմվոլիզմ, պարալոգիզմ, անկապություն, ճեղքվածություն և այլն)։ Անձի ռեգրեսը վկայում է անձի հիմնական հատկությունների քայքայման մասին, այսինքն՝ անձն ամբողջովին և անվերադարձ կորցնում է իր նախկին գիտելիքներն ու փորձը, հմտություններն ու հարաբերությունները, քննադատական վերաբերմունքն իր վիճակի հանդեպ։ Հետընթացն արտահայտվում է ընդգծված վարքային շեղումներով՝ որևէ գործունեության դրսևորման բացակայությամբ, հատկապես հակումների ապարգելակմամբ։ Այս հիվանդները լիովին անկարող են ոչ միայն մասնագիտական հարցերում, այլև ընտանիքում, կենցաղում և խնամքի ու հոգատարության կարիքն ունեն։ Նեգատիվ խանգարումների այս ձևը համապատասխանում է ապաթոաբուլիկ համախտանիշին։

Ամնեստիկ խանգարումներն արտահայտվում են հիշողության ախտահարումով։ Հիշողության զանազան խանգարումների շարքում բուն դեֆիցիտար և անդարձելի բնույթ ունի միայն պրոգրեսիվ ամնեզիան, որը բնորոշ է գլխուղեղի օրգանական ախտահարումներին։ Ամնեստիկ նեգատիվ խանգարումներին ավելի բնորոշ են դիսմնեստիկ (հիպոմնեստիկ) հիշողության խանգարումները, ինչպես նաև՝ կոնֆաբուլյացիաները։ Զուգահեռաբար ի հայտ են գալիս աշխատունակության անկում, ուշադրության անկայունություն։ Թուլամտությունը հոգեկան գործունեության խորը և կայուն աղքատացումն է, որն առաջին հերթին ընդգրկում է ինտելեկտը, հուզային-կամային ոլորտը և անհատական անձնային առանձնահատկությունները։ Թուլամտությունն իր բնույթով անդարձելի խանգարում է, քանի որ այն գլխուղեղի օրգանական ախտահարման արդյունք է։

Տարբերում են լակունար, պարցիալ (մասնակի) դեմենցիա և տոտալ, գլոբալ (ամբողջական) դեմենցիա։ Լակունար դեմենցիայի ժամանակ, հիմնականում, ախտահարվում են հիշողությունն ու ուշադրությունը։ Այս խանգարման ժամանակ ինչ որ չափով պահպանվում է հիվանդի անհատականությունը, դրսևորվում է որոշակի քննադատական վերաբերմունք իր վիճակի հանդեպ։ Ամենաբնորոշ անձնային հատկությունները պահպանվում են բավականին երկար ժամանակ։ Լակունար թուլամտությամբ հիվանդը պահպանում է դեռևս իր անձի «արտաքինը»։

Գլոբալ թուլամտության ժամանակ ախտահարվում են ինտելեկտի ամենաբարդ և տարբերակված հատկությունները։ Բնորոշ է քննադատության իսպառ բացակայությունը, տրամաբանության, մտածողության ինքնուրույնության, ապացուցողականության, արդյունավետության խախտումները։ Աղքատանում են այնպիսի ինտելեկտուալ ֆունկցիաներ, ինչպիսիք են իմաստավորումը, հասկացություն ստեղծելը և դրանք գործածելը, դատելն ու եզրահանգելը։ Տոտալ թուլամտության ժամանակ լիովին համահարթվում են անձին բնորոշ հատկությունները, հիվանդը կորցնում է, այսպես կոչված, «անձի կորիզը», այսինքն՝ նախկին անհատականությունը, քննադատությունը։ Իշխում են անտարբերությունը, անհոգությունը կամ ոչնչով չհիմնավորված չարությունն ու ագրեսիան, ապարգելակումը։ Հիվանդներն աստիճանաբար կորցնում են իրենց գիտելիքները, կենսափորձը, մասնագիտական հմտություններն ու նոր փորձառնություն ձեռք բերելու և հինը կիրառելու ունակությունները։ Երկու հիմնական հոգեկան արատները՝ ձեռք բերովին (թուլամտությունը) և բնածինը (սակավամտությունը), ունենալով խանգարումների կառուցվածքային նմանություններ, միաժամանակ ցուցաբերում են զարգացման էական տարբերություններ։ Պատկերավոր ասած, տարբերությունը այս երկու վիճակների միջև այնպիսին է, ինչպես տարբերությունը երկու շինությունների միջև, երբ մեկը դեռ անավարտ է հիմքի կամ առաջին հարկի մակարդակի վրա, իսկ մյուսը ամբողջովին քանդվել է։ Առաջին տարբերակում դժվար է պատկերացնել թե ինչ պիտի կառուցվի, երկրորդում տեսնում ենք, թե ինչ էր և ինչ է դարձել քանդված շենքը։

Հոգեկան մարազմը հոգեկան դեֆիցիտար նեգատիվ խանգարումներից թերևս ամենածանրն է։ Սա աչքի է ընկնում հոգեկան գործունեության ամբողջական քայքայմամբ, փաստորեն, թուլամտության հարաճուն ընթացքի օրինաչափ ավարտական փուլն է։ Այս վիճակում հիվանդները լիովին կորցնում են ինքնասպասարկման ունակությունները, ի վիճակի չեն ինքնուրույն տեղաշարժվել, մշտապես գամված են անկողնուն։ Կորցնում են նաև խոսելու ունակությունները, նրանց խոսքը բաղկացած է առանձին տնքոցներից, հեկեկոցներից, ճիչերից, ակամա լացում են ու ծիծաղում, հաճախ միզում են և կեղտոտում անկողնում։ Հոգեկան մարազմի հետ միասին, հատկապես ծերունական հասակում, զարգանում է ֆիզիկական մարազմը։ Ամփոփելով նեգատիվ խանգարումների նկարագրությունը, նշենք, որ վերջիններս դիտվում են տարբեր հոգեկան խանգարումների ժամանակ։ Ընդ որում յուրաքանչյուր հիվանդությանը (կամ խանգարմանը) համապատասխանում են որոշակի նեգատիվ խանգարումներ։ Այսպես, օրինակ, աֆեկտիվ խանգարումների ժամանակ դիտվում են միայն հոգեկան գործունեության հյուծվածության կամ «ես»-ի սուբյեկտիվ գիտակցվող փոփոխություն, շիզոֆրենիան կարող է ձևավորել զանազան նեգատիվ հոգեկան դեֆեկտներ, սակայն ոչ ավելի խորը, քան յոթերորդ կետում նշված անձի ռեգրեսը։ Նեգատիվ խանգարումները էպիլեպսիայի ժամանակ կարող են ընդգրկել այս խանգարումների իններորդ մակարդակը՝ տոտալ թուլամտությունը, որի նեգատիվ խանգարումները բնորոշ են նաև մի շարք այլ օրգանական հիվանդությունների՝ գանգուղեղային տրավմային, մենինգոէնցեֆալիտին, թունավորումներին։ Հարաճուն օրգանական հիվանդությունները (թուլամտությունները, ժառանգական էնզիմոպաթիաները, դեգեներատիվ պրոցեսները, անոթային հիվանդությունները, ներգանգային ինֆեկցիաները) կարող են ձևավորել արտահայտված հոգեկան մարազմ։

 

 

Սկզբնաղբյուրը՝ Հոգեբուժություն

Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան

Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին