Երիկամների միջանկյալ հյուսվածքի ոչ միկրոբային չկազմալուծող բորբոքում է՝ ախտաբանական պրոցեսում ամբողջ նեֆրոնի հետագա ընդգրկումով։

Էթիոլոգիան։ Շատ հաճախ զարգանում է քութեշի, դիֆթերիայի, տիֆի, անգինաների, սեպտիկ և թարախային պրոցեսների հետևանքով։ Ենթադրվում է, որ այդ հիվանդություններից հետո երիկամների ախտահարումը տոքսիկոալերգիկ բնույթ է կրում։ Հիվանդությունը կարող է առաջ գալ նաև թունավորումներից, այրվածքներից, հեմոլիզից, վնասվածքներից հետո և այլն։
Կան տվյալներ, որ ինտերստիցիալ նեֆրիտի զարգացումը կարող է կապված լինել դեղորայքի կիրառման հետ (գենտամիցին, ամպիցիլին, մետիցիլին, սուլֆանիլամիդներ, անալգետիկներ): Հիվանդության զարգացման մեջ որոշակի դեր են խաղում ռեսպիրատոր վիրուսային վարակները։ Նախատրամադրող գործոններից են թերիմուն վիճակները, բջջաթաղանթների կայունության խանգարումը, երիկամային հյուսվածքի սաղմնային զարգացման խանգարումները, միզային համակարգի օրգանների անկանոնությունները (Ն.Ա. Կորովինա, Ե.Ա. Բալանդինա)։

Պաթոգենեզը։ Ալերգիկ պրոցեսի մասնակցությամբ իմուն բնույթի հիվանդություն է։ Մանրադիտակային հետազոտությամբ երիկամային հյուսվածքի բջջային ինֆիլտրատներում հայտնաբերվում են էոզինոֆիլներ, իսկ միջանկյալ հյուսվածքում՝ տարածուն և շուրջանոթային տեղակայման պլազմատիկ բջիջներ։ Փորձարարական տվյալները վկայում են, որ խողովակների հիմնային թաղանթների վրա աուտոհակամարմինների, իմուն կոմպլեքսների, ինչպես նաև բջջային մեդիատորների ազդեցության հետևանքով վնասվում են միջանկյալ հյուսվածքը և երիկամային խողովակները (Ն.Ա. Կորովինա)։ Գոյություն ունեցող տվյալների հիման վրա ինտերստիցիալ նեֆրիտի ախտածնությունը պատկերացվում է հետևյալ ձևով։ Էկզոգեն և էնդոգեն ծագման զանազան թունավոր նյութերը թափանցելով արյան մեջ, հեռացվում են երիկամներով։ Առաջնային մեզով հայտնվելով երիկամների խողովակներում, նրանք հետներծծման պրոցեսում կարող են վնասել նրանց հիմնային թաղանթները, կապվել սպիտակուցների հետ և վերափոխվել լիարժեք հակածինների, որոնք էլ կարող են առաջացնել օրգանիզմի իմուն պատասխան ռեակցիա, թաղանթների վրա իմուն կոմպլեքսների ֆիքսումով։ Խողովակների հիմնաթաղանթների վնասումն ուղեկցվում է միջանկյալ հյուսվածքում բորբոքային ռեակցիայի զարգացումով, որն էլ պայմանավորում է հիվանդության կլինիկական պատկերը (Բ.Ի. Շուլուտկո, Տ.Գ. Իվանովա)։ Ն.Ա. Կորովինայի կողմից կատարված հետազոտությունները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ միջանկյալ նեֆրիտը հաճախ ձևավորվում է ժառանգական նախատրամադրվածություն ունեցող երեխաների մոտ։

Կլինիկան։ Ծավալվում է հիմնական հիվանդության նշաններով և երիկամներում ախտաբանական պրոցեսի զարգացումով։ Երիկամային համախտանիշներից նկատվում է սակավամիզություն, հիպոսթենուրիա, չափավոր սպիտամիզություն և միկրոհեմատուրա։ Տարբեր չափերի արտահայտված արյունամիզությունը ինտերստիցիալ նեֆրիտի բնորոշ նշաններից մեկն է։ Լինում են թունավորման երևույթներ, հիպոտոնիա, որովայնի կամ գոտկատեղի շրջանի ցավեր։ Միզատար ուղիների դիսպլազիայի կամ անոմալիաների ժամանակ նկատվում է արյան ճնշման բարձրացում։

Բուժումը։ Հիմնական միջոցառումներն ուղղված են պատճառային գործոնի դեմ՝ երիկամների վրա նրա ազդեցությունը դադարեցնելու նպատակով։ Խանգարված նյութափոխանակության վերականգնման, բորբոքման թուլացման և երիկամների գործառության կարգավորման նպատակով նշանակվում է հատուկ սննդակարգ։

 

 
 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին