Սուր, հավանաբար վիրուսային ծագման տարափոխիկ հիվանդություն է։ Բնորոշվում է ջերմության բարձրացումով, թարախային բնույթի նշիկաբորբով, ավշահանգույցների, լյարդի և փայծաղի մեծացումով։

Էպիդեմիոլոգիան։ Հիվանդության աղբյուր կարող են հանդիսանալ հիվանդը և առողջ վիրուսակիրը։ Վարակման հնարավոր ուղիներն են օդակաթիլայինը, կոնտակտայինը, ինչպես նաև ջրասննդայինը։ Կոնտագիոզության աստիճանը, հավանաբար, զգալի ցածր է, քանի որ մեծ բռնկումներ չեն արձանագրվում։ Հիմնականում հիվանդանում են երեխաները և դեռահասները։ Կրծքի տարիքի երեխաները հազվադեպ են հիվանդանում։

Պաթոգենեզը։ Հեղինակների մեծամասնության կարծիքով մոնոնուկլեոզի հարուցիչը հատուկ հակվածություն ունի լիմֆոռետիկուլային համակարգի նկատմամբ։ Հարուցիչը բկանցքի լորձաթաղանթների միջոցով թափանցելով օրգանիզմ առաջացնում է նշիկների, քթաըմպանային հատվածների լորձաթաղանթների բնորոշ փոփոխություններ, որոնք արտահայտվում են գերարյունությամբ, այտուցով, քթային շնչառության դժվարացումով։ Հետագայում` հարուցիչներն արյան ու ավշի միջոցով տարածվելով, թափանցում են ավշային հանգույցներ, լյարդ և փայծաղ, որտեղ սկիզբ են դնում հիպերպլաստիկ փոփոխությունների զարգացմանը՝ լիմֆադենիտ, հեպատոլիենալ համախտանիշ։ Լիմֆոռետիկուլային օրգանների վրա վիրուսի ազդեցության հետևանքով արյան մեջ հայտնվում են մեծ քանակությամբ մոնոնուկլեար բջիջներ։ Վերջիններիս առկայությունը հիմնականում նախանշում է հիվանդությանը բնորոշ հեմատոլոգիական տեղաշարժը։

 

Դասակարգում

Ըստ տիպի
1. տիպիկ
2. ատիպիկ
ջնջված
անախտանիշ
Ըստ ծանրության
1. թեթև
2. միջին ծանրության
3. ծանր
ծանրության չափանիշներն են
ինտոքսիկացիայի արտահայտվածությունը
տեղային փոփոխությունների արտահայտվածությունը
        Ըստ դեղնուկի առկայության`
     1. դեղնուկային ձև
      2. ոչ դեղնուկային ձև 
Ըստ ընթացքի
1. հարթ
2. ոչ հարթ
սպեցիֆիկ բարդություններով
երկրորդային վարակի գումարումով
քրոնիկ հիվանդությունների սրացումով
 


Կլինիկան։ Հիվանդության թաքնված շրջանի տևողությունը վերջնականապես ճշտված չէ, սակայն շատ դեպքերում այն տատանվում է 5-21 օրերի սահմաններում, երբեմն՝ 1-2 ամիս։ Հիվանդությունը սովորաբար սկսվում է սուր, ջերմության բարձրացումով, ընդհանուր թուլությամբ և այլն։ Բնորոշ ախտանիշները զարգանում են հիվանդության առաջին շաբաթվա վերջում՝ ջերմության կայուն բարձրացում, տարածուն լիմֆադենիտ, որը հատկապես արտահայտված է հետպարանոցային շրջանում, լյարդի ու փայծաղի մեծացում։ Արյան մեջ հայտնաբերվում են ապակենտրոն տեղակայված հսկայական կորիզով (մոնոնուկլեար) բջիջներ (նկ. 134)։ Նշիկները խիստ այտուցված են և թարախապատված։ Վերջինս հեշտությամբ է անջատվում և չի ուղեկցվում արյունահոսությամբ։ Այտուցային պրոցեսը կարող է տարածվել ըմպանի, ըմպանալեզվակի և աղեղների վրա, քթային անցուղիները։ Թարախային նշիկաբորբը երբեմն կարող է ընդունել նեկրոտիկ-խոցային բնույթ։ Մոնոնուկլեոզի ժամանակ բացի լյարդի չափավոր մեծացումից, լինում են նաև նրա ֆունկցիոնալ խանգարման երևույթներ՝ դեղնություն և այլն։ Փայծաղը սովորաբար կրճատվում է հիվանդության երրորդ շաբաթվա վերջում, իսկ հեպատոմեգալիան կարող է տևել մինչև երեք ամիս։ Հազվադեպ, ծանր ձևերից հետո, հեպատոսպլենոմեգալիան կարող է կրել մնայուն բնույթ և ախտաբանական այլ երևույթների զարգացման պատճառ հանդիսանալ։ Արյան մեջ բացի մոնոնուկլեար բջիջների առկայությունից, հայտնաբերվում է լիմֆոցիտային բնույթի լեյկոցիտզ, ցուպիկակորիզավորների քանակի ավելացում, էրիթրոցիտների նստեցման արագությունը՝ 20-30 մմ/ժամում և ավելի։
Տարբերում են հիվանդության ընթացքի թեթև, միջին ծանրության և ծանր ձևեր։

1. Թեթև ձև։ Ջերմություն (38-38,5°), չափավոր լիմֆադենիտ, լյարդի մեծացում 1,5-2 սմ, փայծաղը բութ եզրով, քթային շնչառությունը դժվարացած, թեթևակի թարախային նշիկաբորբ, արյան մեջ՝ մոնոնուկլեարների քանակը 10%:

2. Միջին ծանրության ձև։ Չափավոր թունավորում, արտահայտված թարախային նշիկաբորբ և լիմֆադենիտ, հեպատոսպլենոմեգալիա, շնչառության խիստ դժվարացում, մոնոնուկլեարների քանակը 15-20%:

3. Ծանր ձև։ Արտահայտված թունավորում, ջերմությունը մինչև 40°, քթային շնչառության բացակայություն, բկանցքում արտահայտված թարախային պրոցես, խիստ արտահայտված պոլիադենիտ, լյարդի ֆունկցիոնալ խանգարումներ, երբեմն ցանային տարրերի առաջացում։ Արյան մեջ՝ մոնոնուկլեարների քանակը 20% և ավելի։

Հիվանդությունն ախտորոշվում է հիմնականում բնորոշ կլինիկական ախտանիշների և արյան կազմի շեղումների հիման վրա։ Լաբորատոր լավագույն մեթոդներից է համարվում Պաուլ-Բուննել-Դևիդսոնի շճաբանական ռեակցիան։ Տարբերակիչ ախտորոշման ժամանակ պետք է ժխտել դիֆթերիան, լեյկոզն ու այլ բնույթի թարախային նշիկաբորբերը։ Հնարավոր են նաև կարմրուկանման կամ քութեշանման ցանային տարրերի առաջացում՝ կարմրուկի և քութեշի հետ։

Բուժումը։ Ախտահատուկ բուժում դեռևս չկա։ Այն հիմնականում ախտանշային է։ Ծանր դեպքերում՝ դեզինտոքսիկացիա, վիտամիններ, հակաբիոտիկներ, հորմոնաթերապիա և այլն։

Կանխարգելումը։ Ախտահատուկ միջոցառումներ չկան։ Հիվանդը ենթարկվում է հոսպիտալացման և դուրս է գրվում թարախային պրոցեսի ավարտից հետո։ Օջախում դեզինֆեկցիա չի կատարվում և չի սահմանվում կարանտին։

 

 
 

Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն

Վ.Ա. Աստվածատրյան

Աղբյուրը՝ Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան